ԹԵԺ ԳԻԾ
16.05.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի պետի (ծածկագիր՝ 38-2.2-151) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության (այսուհետ՝ Վարչություն) բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են ՝

  • կազմակերպում է պետական և համայնքային բյուջեների պլանավորման և կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ և մեթոդական կարգավորման, իրավական ակտերի մշակման աշխատանքները.
  • կազմակերպում է բյուջետային գործընթացի կառավարման հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի տրամադրման աշխատանքները.
  • կազմակերպում է բյուջետային գործընթացի կառավարման և համակարգման մշտադիտարկման աշխատանքները, իրականացնում է հանրային ֆինանսների կառավարման ռազմավարությամբ նախատեսված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների քարտուղարության լիազորությունների ապահովումը.
  • կազմակերպում է հանրային ֆինանսների կառավարման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված եռամսյակային հաշվետվությունների ամփոփումը և ներկայացումը.
  • կազմակերպում է հանրային ֆինանսների կառավարման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակում պատասխանատու ստորաբաժանումների և զարգացման գործընկերների միջև համագործակցության ապահովման աշխատանքները.
  • կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվելիք հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի կազմման և ներկայացման աշխատանքները.
  • իրականացնում է հանրային ֆինանսների կառավարման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման մշտադիտարկման աշխատանքները.
  • կազմակերպում է պետական և համայնքային սեփականության (հանրային ակտիվների՝ բացառությամբ գույքի) կառավարման գործընթացի նորմատիվ և մեթոդական կարգավորման աշխատանքները.
  • կազմակերպում է պետական և համայնքային սեփականության (հանրային ակտիվների՝ բացառությամբ գույքի) կառավարման գործընթացի մշտադիտարկման աշխատանքները.
  • ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող ոլորտներում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակ­տերի նախագծեր, առա­­ջար­կություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պար­զա­բա­նումներ և ուղեցույցներ մշակելը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • ունի բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
  • «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին»      N 1937-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված  ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին, ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 38 արձանագրությամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • ռուսերեն (ազատ) և անգլերեն (կարդում և կարող է բացատրվել) լեզուների տիրապետում.
  • անհրաժեշտ  (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:

                                

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 13։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի մայիսի 21-ը ներառյալ:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: