ԹԵԺ ԳԻԾ
2017 թ. Հայաստանի դոլարային արտաքին պարտքը աճեց շուրջ 40.50 միլիոն դոլարի չափով՝ պայմանավորված զուտ փոխարժեքի էֆեկտով. ՀՀ ֆինանսների նախարար
30.01.2018
2017 թ. Հայաստանի դոլարային արտաքին պարտքը աճեց շուրջ 40.50 միլիոն դոլարի չափով՝ պայմանավորված զուտ փոխարժեքի էֆեկտով. ՀՀ ֆինանսների նախարար
NewsBook-ը տարեվերջին հարցադրումներ էր արել ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներին: Նրանցից որոշները մեր հարցերին պատասխանեցին մինչև ամանորյա տոները, ոմանք էլ՝ դրանից հետո՝ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված: 2017-ը ամփոփել և 2018-ի ակնկալիքների մասին է խոսել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 
 
- Տարին (նկատի ունենք 2017 թ.-խմբ) մեկնարկեց արտաքին պարտքի մասին մտահոգիչ խոսակցությունների ակտիվացմամբ: Արտաքին պարտքի շուրջ  անընդհատ հնչող քաղաքական մեկնաբանությունները 2017 թ. ընթացքում մեծացրին հասարակական-քաղաքական շրջանակների անհանգստությունը: Չնայած դրան, Դուք որպես գերատեսչության ղեկավար՝ շարունակ հայտարարություններ էիք անում, որ այն կառավարելի է և պետք չէ խուճապի մատնվել: Հիմա ի՞նչպիսին էր անցնող 2017-ը արտաքին պարտքի մասով, կարո՞ղ եք արձանագրել դրական ու բացասական իրողություններն այս առումով:
 
- Ես հիմա էլ եմ հայտարարում, որ կառավարության պարտքը կառավարելի է, ընդ որում այն ինչ մենք խոստացել էինք և կանխատեսել էինք մեկ տարի առաջ, դա դարձավ իրողություն պարտքի մասով։ Երբ 2017 թ. բյուջեի նախագիծն էինք ներկայացնում Ազգային ժողովում, այնտեղ որոշակիորեն նաև մեր վարքագծի առումով տվեցինք պարտքի հետագիծը, թե ինչպիսին պետք է լինի պարտքի կառավարումը։ Կարևորագույն մեխն այն էր, որ 2017 թվականին ջանքեր ենք գործադրել որպեսզի հարկաբյուջետային կոնսոլիդացիայի արդյունքում պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպը դանդաղի՝ ի համեմատ նախորդ երկու տարիների: Նախորդ 2 տարիներին շուրջ 13 տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը աճել էր, հետևաբար կարևորագույն, համար առաջին քայլը պետք է կարողանայինք դանդաղեցնել այդ աճի տեմպը, ինչը միանգամից կասեցնել հնարավոր չէր, քանի որ վտանգավոր էր, նաև կարող էր տնտեսություն տուգանել: Այդ առումով մենք մեր թիրախին հասանք, թիրախը խոցեցինք․ պարտք/ՀՆԱ ցուցանիշն ի տարբերություն նախորդ տարիների՝ աճեց շուրջ 2.9 տոկոսային կետով, այսինքն ավելի դանդաղ, քան նախորդ տարիներին:
 
Դրական էր այն, որ ամբողջ տարվա ընթացքում թե՛ տնտեսվարող սուբյեկտները, թե՛ ֆինանսական շուկայի մասնակիցները նաև իրենց վարքագծով ցույց տվեցին, որ ունեն բավականին բարձր վստահելիություն իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ: Դա նկատվեց, թե՛ ներքին շուկայում տոկոսադրույքների անկման ձևաչափով, թե՛ համաշխարհային շուկայում եվրոպարատատոմսերի տոկոսադրույքների անկման մասով:
 
Բացասականը պարտքի առումով այն էր, որ ամեն դեպքում մեր պարտքի շուրջ 30 տոկոսը արտարժույթային է, այն՝ բացի դոլարայինից եվրո և SDR-ով (Special Drawing Rights) գնանշված պարտքն է: Քանի որ եվրոն և հատուկ փոխառության իրավունքը արժևորվեցին դոլարի նկատմամբ, դոլարային մեր պարտքը աճեց շուրջ 40, 50 միլիոն դոլարի չափով՝ պայմանավորված զուտ փոխարժեքի էֆեկտով: Սա, թերևս, կարելի է ասել, որ փոխարժեքային ոչ դրական զարգացումների արդյունքում բացասական էր մեր պարտքի տեսանկյունից:
 
- 2017 թ. էլ զերծ չմնացինք թանկացումներից: Գուցե դրանք բացատրելի ու մեկնելի են ձեր ղեկավարած գերատեսչության կողմից: Ի՞նչ կասեք հատկապես վերջին ամիսների թանկացումների մասին. դա օրինաչափ ու վերահսկելի երևույթ է, թե՞այնուամենայնիվ, ամեն ինչ թողնված է բախտի քմահաճույքին:
 
- Նախ ես չէի ասի, որ ամեն ինչ թողնված է բախտի քմահաճույքին: Տեսեք, այդտեղ իրավիճակը բաժանենք երկու հարթությունների: Առաջինը՝ դա համընդհանուր գնային ֆոնն է, որը որոշակիորեն, թերևս, ֆինանսների նախարարության մանդատի ներքո է և, հնարավոր է, այդտեղ մակրոտնտեսական զարգացումների տեսանկյունից մեկնաբանություններ անել: Այո, մենք նախորդ տարի ունեցել ենք շատ համեստ գնաճային ֆոն, և շատ տրամաբանական էր, որ պետք է մենք աստիճանաբար վերադառնայինք 4 տոկոսանոց գնաճի մակարդակին: Որովհետև, նորից եմ ասում, պատահական չէ, որ Կենտրոնական բանկը թիրախավորում է 4+/- 1.5 տոկոս գնաճ: Ինչու՞, որովհետև դրանից ցածրը խիստ վտանգավոր է տնտեսության համար և նաև տնտեսական աճ է տուգանում: Մյուս կողմից, համաձայնենք, որ սպառողների տեսանկյունից նույնիսկ մեկ տոկոսանոց գնաճն է խնդիր: Չկա աշխարհում որևիցե սպառող, որ ծափողջույններով դիմավորի գնաճը: Մարդն անմիջապես նկատում է անգամ 10 դրամի թանկացումը: Բայց տնտեսագիտության խելամիտ մոտեցումը այն է փաստում, որ զարգացող երկրները պետք է թիրախավորեն 4-6 տոկոսանոց գնաճ, որպեսզի տնտեսությունը անընդհատ աճող լինի: Ավելի պատկերավոր եթե ասենք , ապա 4-6 տոկոս գնաճը՝ դա մարդու օրգանիզմի 36.6 ջերմաստիճանն է: Դրանից ցածրն էլ է վատ, դրանից բարձրն էլ է վատ: Այդ տեսանկյունից ես կարծում եմ, օրինաչափ է, որ մենք ետ վերադառնանք 4 տոկոսի: Ինչ վերաբերում է առանձին ապրանքատեսակների մասով գների շարժին, այստեղ պետք է միկրոմիջավայրի վերլուծություն կատարել, որը ֆինանսների նախարարության մանդատից դուրս է: Անհրաժեշտ է գնագոյացման ամբողջ արժեշղթան նայել, տեսնել՝ որո՞նք են այն գործոնները, որոնք ազդել են տվյալ ապրանքատեսակի գնային վարքագծի վրա, ինչն էլ կարծում եմ, իմ գործընկերները կանեն և կներկայացնեն հանրությանը:
 
- Եթե Դուք` որպես նախարար, ինքներդ Ձեզ համար ամփոփեիք 2017 թ., ապա ո՞ր բացթողումները կառանձնացնեիք: Կայի՞ն այնպիսիները, որոնք էական ազդեցություն են ունեցել տարվա կտրվածքով: Նույնը կխնդրեի` անեիք ձեռքբերումների մասով:
 
- Ֆինանսների նախարարությունը 2017-ին ամբողջությամբ և 100 տոկոսով կատարել է  այն ինչ-որ ամրագրել էր կառավարության ծրագրում: Բայց, իհարկե, մենք ջանքեր էինք գործադրում, որպեսզի շատ ավելի բարձր նշաձողի հասնենք: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մենք վերանայեցինք հարկաբյուջետային կանոնները, որպեսզի հարկաբյուջետային քաղաքականությունը մշտապես լինի տնտեսական աճին նպաստող: Այսինքն, շեշտադրում կատարեցինք կապիտալ ծախսերի վրա՝ թույլատրելով մի փոքր ավելի բարձր պակասուրդ: Սա հիմք է ստեղծում ապագա տնտեսական աճի համար: Այսինքն, օրինակ՝ եթե դու ունենայիր 1 տոկոսանոց պակասուրդ, բայց ենթադրենք 0,5 տոկոսանոց կապիտալ ծախս, դա ՀՆԱ-ի մեջ իհարկե, սխալ է, որովհետև մյուս տարվա տնտեսական աճը կտուգանի: Շատ ավելի ճիշտ է, որ 5,5 տոկոս տնտեսական աճից հետո ունենաս, ենթադրենք, 0,5 տոկոսային կետով նվազ դեֆիցիտ, բայց այդ ամբողջ դեֆիցիտը կարողանաս գրավիտացիոն ուժը տեղափոխել կապիտալ ծախսերի վրա։ Սա ճիշտ քաղաքականություն է, որը իրականացրեցինք 2017 թ. ամրացան հիմքերը, որպեսզի 2018 թ. ավելի համարձակ մտնենք տնտեսական տարի:
 
Ընդհանուր երկրի առումով բացթողումը երևի թե այն էր, որ կարող էինք շատ ավելի լավ աշխատել Doing Business-ի ինդիկատորի մասով: Մի քանի անգամ փաստել եմ , որ Doing Business-ի մեթոդոլոգները հիմնված են հարցումների վրա: Մեթոդոլոգիան տարբեր ցուցիչներ ունի, տարբեր մոտեցումներ, բայց գերակշիռ մասը հարցումներն են, որոնք ստանում են տնտեսվարողներից: Այս տեսանկյունից կարծես թե ագրեսիվ չենք այդ կոմունիկացիայի մասով, ինչի արդյունքում մենք հարաբերականորեն մնացած երկրների համեմատ ռանգի հետնահանջ ունեցանք: Ուստի,  2018-ին մենք շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք, որ այն, ինչ անում ենք տեղ հասցնենք տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի իրենք զգան և օգտագործեն այն բոլոր հարթակները և գործողությունները, որ իրենց համար ստեղծում է կառավարությունը:
 
- Որպես Հայաստանի քաղաքացի՝ Ձեզ համար ո՞րն է եղել հայկական լրահոսի ամենաոգևորիչ փաստագրումը և ի՞նչն է Ձեզ ամենաշատը տխրեցրել հայաստանյան լրահոսում:
 
- Ավելի շատ տխրեցնում է, երբ մենք ռեսուրս ենք ծախսում անիմաստ տեղեկատվության սփռման վրա, որի ավելացված արժեքը տնտեսության մեջ ես չեմ տեսնում, անկեղծ ասած: Սկանդալային տեղեկատվության հիման վրա, իմ համոզմամբ, ոչինչ չի կառուցվում: Ավելի լայն իմաստով, տարբեր տեսակի բասացական սպասումները նաև բացասական են ազդում ապագա զարգացումների վրա: Դրականը, երևի թե այն էր, որ լրատվական աշխարհը շատ դրական գնահատեց ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը, և շատ լավ էր, որ նա հենց ճիշտ ազդակները տվեց, թե ի՞նչ է տալու դա մեզ: Կատարվեցին շատ լավ վերլուծություններ, որ հենց ժամանակին 2015 թ-ին, երբ մենք ասում էինք, որ ԵԱՏՄ մտնելով մենք չենք փակում մեր հետևից դուռը դեպի ԵՄ, հակառակը՝ ԵՄ-ն մնում է որպես ռեֆորմի առաջնորդ տարբեր ոլորտներում: Հիմա ժամանակն էր դատողություններ անելու, որ այն ինչ ժամանակին հայտարարվում էր, կարծես թե ճիշտ էր:
 
- Կա՞ն որոշակի կանխատեսումներ՝ ինչպիսի՞ն է լինելու 2018 թ., գոնե մոտակա ամսիների համար ունե՞ք այդ վերլուծությունը:
 
- Իհարկե ունենք։ Կարծում եմ, որ այն տենդենցները, որ մենք ունեցել ենք նախորդ տարվա ընթացքում՝ 2018-ին շարունակվելու է: Մի փոքր դրական չեմ գնահատում գնաճի հետ կապված այս խոսակցությունները, և, իհարկե, նորից եմ ասում, շատ լավ հասկանում եմ մարդկանց մտահոգությունը, որովհետև մարդկանց մոտ, ըստ վիճակագրական ծառայության ցուցանիշների, անվանական աշխատավարձերի էական աճ չի արձանագրվել: Պետք է մտածենք հակաքայլերի մասին, որ հանրության վարքագիծը և դրական սպասումները կարողանանք մշտապես ճիշտ խարսխել, որպեսզի հանրությունը մշտապես ապագայի նկատմամբ ունենա դրական սպասումներ, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար:
 
2017 թվականը կայունացման տարի էր: Մեզ հաջողվեց կայունացնել ընդհանուր միջավայրը: Փորձեցինք տարբեր ոլորտներում հստակեցնել այն մեկնարկային դիրքերը, որտեղից պետք է սկսեն մեր զարգացման քայլերը: Կարծում եմ՝ 2018 թվական մեզ հետ պետք է տանենք այն ախտորոշումը, որ 2017-ին ունեցել ենք և 2018-ին ավելի ագրեսիվ լինենք, որպեսզի ավելի բարձր տնտեսական աճ ունենանք, մեր ժողովրդի բարեկեցությունն էլ բարձրանա:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?116543&l=am/