ԹԵԺ ԳԻԾ
2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում
05.06.2018
2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականում «սոցիալական պաշտպանություն» բյուջետային դասակարգման բաժինը ծախսերի կառուցվածում ամենամեծ տեսակարար կշիռն է ունեցել. փաստացի օգտագործումը կազմել է 409 մլրդ դրամ, կամ կատարողականը կազմել է ընդհանուր ծախսերի 27,2 տոկոսը: Մեծ կշիռը կանխորոշել է նաև ՀՆԱ-ի նկատմամբ  հարաբերակցության բավականին բարձր ցուցանիշը՝ 7,3 տոկոս:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առողջապահության ոլորտին է ուղղվել ընդհանուր ծախսերի  շուրջ 5,5 տոկոսը, որը փաստացի կազմել է 83 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ-ի 1,5 տոկոսն է:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում 2017 թվականին նախատեսվել է իրականացնել 71 ծրագիր, ինչպես նաև հատկացվել են միջոցներ պահուստային ֆոնդից: Այստեղ առանձահատկությունն այն է, որ թեպետ ծառայությունը  գործում է նախարարության անմիջական կազմում, սակայն բյուջեի մասին օրենքը սահմանել է առանձին բյուջետային միջոցներ նախարարության և ծառայության համար»,- ասել է նախարարը և հավելել, որ նախարարության համար նախատեսված միջոցները կազմել են 11,8 մլրդ դրամ կամ կատարողականը եղել է 91,73 տոկոս: Ծառայության կողմից իրականացվել է 33 ծրագիր, մեծ կշիռ է ունեցել ծառայության կողմից իրականացվող ծախսերի մասը. նախատեսվել է 348 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 99,78 տոկոս: «Հատկացվել են նաև պահուստային ֆոնդից միջոցներ թե՛ լրացուցիչ, թե՛ վերաբաշխումների ճանապարհով»,-նշել է Ջանջուղազյանը:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2017 թվականին իրականացվել է 64 ծրագիր, հատկացվել են միջոցներ պահուստային ֆոնդից: Ծրագրային ճշտված ցուցանիշը կազմել է 83,2 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ 97,3 տոկոս:

Ներկայացվել է նաև հաշվետու տարում գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների վերաբերյալ բյուջեի կատարողականը:

Ըստ նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ կրթության բյուջետային դասակարգման բաժնի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 124,8 մլրդ դրամ, կատարողականը՝ 99,64 տոկոս: Կրթության ոլորտին հատկացված բյուջետային միջոցները կազմել են ընդհանուր ծախսերի 8,27 տոկոսը կամ ՀՆԱ-ի 2,23 տոկոսը:

Կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է ճշտված ծրագրային ցուցանիշով 42,7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 97,06 տոկոս, իրականացվել է 72 ծրագիր, հատկացվել են միջոցներ պահուստային ֆոնդից:

Գիտության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 14,2 մլրդ ճշտված ծրագրային ցուցանիշ, որի կատարողականը կազմել է 99 տոկոս կամ 14,1 մլրդ դրամ: ԿԳՆ գիտության պետական կոմիտեին ճշտված ծրագրով հատկացվել է 13,3 մլրդ դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով, հատկացվել են նաև միջոցներ պահուստային ֆոնդից:

Մշակույթի նախարարության համար ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 12,6 մլրդ դրամ, իրականացվել է 45 ծրագիր, պահուստային ֆոնդից հատկացվել են միջոցներ, փաստացի կատարողականը կազմել է 99,33 տոկոս:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դեպքում հաշվետու տարում նախատեսվել է ճշտված 5,7 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է շուրջ 99 տոկոս կամ 5,6 մլրդ դրամ, իրականացվել է 39 ծրագիր, օգտագործվել են պահուստային ֆոնդից միջոցներ:

«ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համար 2017 թվականի բյուջեով նախատեսվել է 267 մլն դրամ ճշտված ծրագրային ցուցանիշ, որն օգտագործվել է պահպանման ծախսերի իրականացման նպատակով, և փաստացի կատարողականը կազմել է 96,8 տոկոս կամ 259 մլն դրամ»,- ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը հաշվետու տարում ճշտված ծրագրով հատկացվել է 6,6 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 99,9 տոկոս կամ 6,54 մլն դրամ, իրականացվել է 11 ծրագիր, միջոցներ են հատկացվել նաև պահուստային ֆոնդից: