ԹԵԺ ԳԻԾ
11.07.2019
2020-ից կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 25 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան
2020 թվականի կենսաթոշակների բարձրացման համար լրացուցիչ գումարների տրամադրման գնահատված չափը շուրջ 25 մլրդ ՀՀ դրամ է:
 
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով. «Այդ թիվը վերջնական պարզ կլինի, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերները հստակ կնշեն»։
 
Հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին կլինի այն, Ջանջուղազյանը պատասխանեց. «Բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն են եւ ներգրավվող պարտքն է, չունի»։
 
Դիտարկմանը՝ կան խոսակություններ, որ շուրջ 69 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի բարձրացվի նվազագույն աշխատավարձը, Ջանջուղազյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, այսինքն՝ ինչպիսին կլինի փոփոխությունը։ Եթե հիշում եք, կառավարության նիստում քննարկման ժամանակ, եւ մինչ այդ էլ հեղինակներն էլ բարձրաձայնել են՝ չի ենթադրում, որ սա ազդելու է պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի վրա»,- նշեց նախարարը։
 
Ջանջուղազյանն ասաց, որ խոսքը վերաբերում է այնպիսի կարգավորումներին, որը կազդի միայն նվազագույն աշխատավարձ ստացողների վրա։ Հետեւաբար, ըստ նրա՝ այդ 69 մլրդ գումարը անհրաժեշտ կլիներ այն ժամանակ, եթե ուղղակի մեխանիկորեն փոխվեր այդ նվազագույն աշխատավարձը։
 
«Բայց այդպիսի մտադրություն չկա։ Իսկ թե ինչպիսի լրացուցիչ միջոցների կարիք կառաջանա, դա կախված կլինի արդեն ընդունվող օրենքից»,- ասաց նա։
 
 
 
Նյութի աղբյուրը՝ armtimes.com