ԹԵԺ ԳԻԾ
06.06.2019
Հայտարարություն` ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և աշխատակարգը հաստատելու մասին» N 2061-Ա հրամանի հավելվածի 7-րդ կետը, հայտարարում է ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդում (այսուհետ` Խորհուրդ) ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին:

Խորհուրդը կաջակցի նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝

  • հասարակական կազմակերպություններ,
  • զանգվածային լրատվության միջոցներ,
  • ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
  • շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել խորհրդում, եթե.

  • նրանց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին.
  • համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն.
  • իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի իրականացմանը.
  • իրականացրել կամ մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը.
  • ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ.
  • մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին.
  • ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ.
  • նրանց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:

Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի նախարարության կայքէջում (www.minfin.am):

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է 2019 թվականի հունիսի 26-ը:

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (0010, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կամ ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ secretariat@minfin.am:

Դիմումի ձև