ԹԵԺ ԳԻԾ
Եվրոպական ներդրումային բանկ (EIB)
19.04.2016
Եվրոպական ներդրումային բանկ (EIB)

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսական հաստատություն է, որի գործառույթը հանդիսանում է երկարաժամկետ ֆինանսական աջակցության ցուցաբերումը ներդրումային ծրագրերին: Այն հիմնադրվել է 1958թ. և ներկայումս գործում է ԵՄ անդամ պետություններից բացի նաև ավելի քան 150 երկրներում: Նշված շուրջ 150 երկրներում ԵՆԲ-ը հիմնվում է ԵՄ արտաքին համագործակցության և զարգացման քաղաքականության ուղղությունների վրա (մասնավոր հատվածի, ենթակառուցվածքների զարգացում, էներգետիկ անվտանգություն և բնապահպանական կայունություն):

2008թ. փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում և փետրվարի 29-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և ԵՆԲ-ի միջև կնքվել է Շրջանակային համաձայնագիր, որով կարգավորվում է ԵՆԲ-ի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Համաձայնագրի նպատակն է ԵՆԲ-ի օգնությամբ դյուրինացնել Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը` վարկերի, երաշխիքների կամ այլ մեխանիզմների միջոցով:

ԵՆԲ-ը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է հիմնականում էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման և շրջակա միջավայրի ոլորտներում: Հայաստանում ԵՆԲ-ի պորտֆելը կազմում է 327 542 044,82 եվրո: ԵՆԲ-ն մասնակցում է Հայաստանում 16 ծրագրերի ֆինանսավորմանը:

ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, ուրվագծվում է հետևյալ ծրագրերում`

  1. ԵՆԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջին վարկը տրամադրվել է 2010թ. օգոստոսի 10-ին ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր. փուլ 1» ֆինանսական պայմանագրով: Պայմանագրի արժեքն է 5 մլն եվրո: Գումարն ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Մասնավորապես, թարմացվել են մետրոյի շարժակազմը, նորոգվել ռելսերի և էլեկտրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման մաշված համակարգերը:

2013թ. մայիսի 2-ին ստորագրվել է ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագրի արժեքը դարձյալ 5  մլն եվրո է: Պայմանագրի նպատակն է Երևան քաղաքի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, թունելների վիճակի բարելավումը, տեխնիկական սպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը:  Երկրորդ փուլը ներառում է մետրոյի թունելների ջրի ներհոսքի խնդրի լուծումը, ինչպես նաև գծային տնտեսության և անվտանգության լրացուցիչ բարելավումներ, վագոնների վերանորոգում և արդիականացում:

  1. «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում (21.9 մլն եվրո արժողությամբ) ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև 2012թ. օգոստոսի 7-ին ստորագրվել է «Հայաստանի ջրային հատվածի ծրագիր» ֆինանսական պայմանագիրը` 6.5 մլն եվրո արժողությամբ: Ծրագիրն ուղղված է շուրջ 300.000 բնակչի համար խմելու ջրի որակի բարձրացմանը` հասցնելով այն միջազգային լավագույն ստանդարտներին:
  2. ԵՆԲ-ն իր ակտիվ մասնակցությունն ունի նաև «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրին, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի արդիականացման հարցում` պետական սահմանն օրինական հատող մարդկանց և ապրանքների շարժի հեշտացմանը վերաբերող սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցման նպատակով: Ծրագրի շրջանակներում նախատեսված է հիմնել պետական սահմանի անցման կետերի (ՊՍԱԿ) գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:

Այս համատեքստում հայտնում ենք, որ 2012թ. օգոստոսի 7-ին ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև ստորագրվել է ընդհանուր 30.316 մլն եվրո արժողությամբ «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիրը` Հայաստանի և Վրաստանի միջև երեք սահմանային անցակետերի (Բագրատաշեն, Բավրա և Գոգավան) վերակառուցման և արդիականացման նպատակով` ներառյալ նաև ելակետային ճանապարհների և հարակից ենթակառուցվածքների բարելավումը:

2016թ. ապրիլի 15-ին ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև ստորագրվել է «2012թ. օգոստոսի 7-ին ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրի փոփոխություն 3» նամակ-համաձայնագիրը, որով ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՆԲ-ը տրամադրում է 534.000 եվրո գումարի չափով հավելյալ վարկային միջոցներ:

  1. «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում 2013թ. նոյեմբերի 18-ին ստորագրվել է ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիր` 60 մլն եվրո արժողությամբ: Պայմանագրով նախատեսված գումարներն ուղղված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի (27.3 կմ երկարությամբ) ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը:
  2. ԵՆԲ-ը իր մասնակցությունն ունի նաև «Երևանի ջրամատակարաման բարելավման» ծրագրին, որի շրջանակներում 2014թ. հունիսի 27-ին ստորագրվել է 7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Երևանի ջրամատակարաման բարելավում» ֆինանսական պայմանագիրը: Վարկային միջոցներն ուղղված են Երևանի ընտրված տարածքների ջրամատակարարման վերականգնմանը:
  3. «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի փոքր քաղաքներում և համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ենթակառուցվածքների վերականգնմանն ու կառուցմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 74 մլն եվրո, այդ թվում` վարկ Վերականգնման վարկերի բանկից (KFW) 30 մլն եվրո, դրամաշնորհ KFW-ից` 3.5 մլն եվրո, վարկ ԵՆԲ-ից` 25.5 մլն եվրո, ԵՄ/ՀՆԳ դրամաշնորհ` 15 մլն եվրո:

Ծրագրի շրջանակներում ԵՆԲ-ի հետ ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հունիսի 27-ին:

  1. 2015թ. մարտի 16-ին ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը, որով ԵՆԲ-ը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով Հայաստանին է տրամադրում 10 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350 ՄՎտ՝ մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:

Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո: Ծրագրի ֆինանսավորման նպատակով KFW բանկը տրամադրել է 85.2 մլն եվրո գումարի չափով վարկ` 75 մլն եվրո` սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվում է ԵՄ ՀՆԳ միջոցով ներգրավվող 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

  1. 2015թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև ստորագրվել է «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» ֆինանսական պայմանագիրը` 8 մլն եվրո արժողությամբ: Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է, որոնք սպասարկելու են Երևան քաղաքն իր մոտ 1.1 միլիոն բնակիչներով և հավանաբար նաև հարակից չորս տարածաշրջանները՝ մոտ 770 հազար բնակիչներով: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:

Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:

Ծրագրի 1-ին բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ԵՆԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ ՀՆԳ միջոցով:

  1. ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքեմբուրգում ստորագրվել է «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի» ֆինանսական պայմանագիրը` 51 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձորի և Հայաստանի ու Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած 90 կիլոմետր երկարությամբ հատվածի վերականգնումը և արդիականացումը: Աշխատանքները նախատեսված են Վանաձոր քաղաքի տարածքում (6.7կմ), Վանաձոր-Ալավերդի հատվածում (մոտ 43.9կմ), Ալավերդի քաղաքի տարածքում (3.4կմ) և Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում (մոտ 36.3կմ): Ծրագրային հատվածները բաղկացած են մի շարք ոլորաններից, կտրուկ զառիթափերից, նեղ կամուրջներից և երեք թունելներից, որոնք պետք է արդիականացվեն:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով վարկային միջոցների հաշվին:

  1. ԵՆԲ-ը տրամադրում է վարկավորում նաև ՀՀ կենտրոնական բանկին և մի շարք առևտրային բանկերին` Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկություններին և միջին կապիտալացմամբ ընկերություններին ուղղված բազմաշահառու միջնաժամկետ վարկավորման ծրագրի շրջանակներում: