ԹԵԺ ԳԻԾ
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ (EFSD)
19.04.2016
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ (EFSD)

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (EFSD) (նախկինում՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ, այսուհետ՝ Հիմնադրամ) հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: Հիմնադրամը ստեղծված է բացասական ճգնաժամային հետևանքները հաղթահարելու, Հիմնադրամի մասնակից պետություններին տնտեսությունների երկարաժամկետ կայունացման և ինտեգրմանն աջակցության նպատակով: Հիմնադրամը մասնակից անդամներին առաջարկում է հետևյալ աջակցությունը՝

  • Ֆինանսական վարկեր կառավարություններին մասնակից պետություններին բյուջեներին և/կամ վճարային հաշվեկշիռներին աջակցության համար,
  • Ներդրումային վարկեր մասնակից պետություններին խոշոր միջպետական և ազգային ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար,
  • Դրամաշնորհներ սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորման համար:

Հիմնադրամի միջոցներից ՀՀ ֆինանսավորման հնարավորության սահմանաչափը կազմում է 1106.69 մլն ԱՄՆ դոլար կամ Հիմնադրամի հասանելի միջոցների ընդհանուր ծավալի 13%-ը: 2016 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մասով ստորագրված են 490 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով վարկային համաձայնագրեր:

ՀՀ գումարային ներդրումը Հիմնադրամին կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար:

Հիմնադրամի միջոցների կառավարիչն է հանդիսանում Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Կառավարիչ):

  • Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝
  • Հիմնադրամի խորհուրդը,
  • Հիմնադրամի փորձագիտական խորհուրդը:

Հիմնադրամի խորհրդում մասնակից պետությունների իրավասու ներկայացուցիչներն են այդ պետությունների ֆինանսների նախարարները:

Հիմնադրամի խորհրդի նախագահն է ՌԴ ֆինանսների նախարար Ա.Գ.Սիլուանովը, իսկ Հիմնադրամի փորձագիտական խորհորդի նախագահը՝ ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ա.Ա. Բոկարեվը:

Ներկայումս ՀՀ և Կառավարչի միջև ստորագրված են և գործում են Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ ներքոնշյալ համաձայնագրերը.

  1. Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիր «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն» (4-րդ հերթ)» ծրագրի ֆինանսավորման համար: Ներդրումային վարկի գումարը կազմում է 150 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույքը՝ 1.65%, ժամկետը՝ 20 տարի՝ հնգամյա արտոնյալ ժամանակահատվածով: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 9-ին:

Ծրագրի նպատակն է Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ագարակից դեպի Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորումը:

  1. Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիր «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար: Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին: Վարկի գումարը կազմում է 40 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույքը՝ 2%, մարման ժամկետը՝ 20 տարի՝ տասնամյա արտոնյալ ժամանակահատվածով: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների (այսուհետ՝ ՋՕՄ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը
  2. Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերի 4-ին: Ֆինանսական վարկի գումարը կազմում է 300 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույքը՝ տարեկան 2.1%, մարման ժամկետը՝ 20 տարի՝ տասնամյա արտոնյալ ժամանակահատվածով: Վարկի միջոցները կտրամադրվեն երեք հավասար մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, իսկ յուրաքանչյուր տրանշի տրամադրման պայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը՝ ներառված ՀՀ վարչապետի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից 2015 թվականի օգոստոսի 6-ի ստորագրված մտադրությունների մասին նամակում:

Բարեփոխումների ծրագրում ներառված տնտեսական, ֆինանսական և դրամավարկային քաղաքականության միջոցները հիմնականում ուղղված են հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաև տնտեսական աճի առավել արագ տեմպերի ապահովման ընթացքում խոչընդոտների հաղթահարմանը: Միջոցներն ուղղված են ինչպես ՀՀ տնտեսության առանձին ճյուղերի կայունացմանը (էներգետիկա, շինարարական և բյուջետային ոլորտներ), այնպես էլ ընդհանուր՝ երկարաժամկետ և կառուցվածքային ներքին և արտաքին տնտեսական կապերի ամրապնդմանը:

2015 թվականի նեյեմբերի 12-ին ՀՀ կողմից Հիմնադրամի խորհրդին է ներկայացվել ՀՀ Արմավիրի մարզի Մաստարա ջրամբարի կառուցման համար ներդումային վարկի տրամադրման նախնական հայտը: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովելու ոռոգման ջրի կայուն մատակարարմանը, ոռոգվող հողատարածքների մակերեսի մեծացմանը, ինչպես նաև Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի օգտագործման կրճատմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ջրամբարի կառուցում, ջրօգտագործողների ասոցիացիայի տեխնիկական արդիականացում և ծրագրի կառավարում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31.5 մլն ԱՄՆ դոլար, վարկի առաջարկվող գումարը՝ 25.2 մլն ԱՄՆ դոլար, վարկի նախատեսվող պայմաններն են՝ տոկոսադրույք՝ տարեկան 2%, ժամկետ՝ 20 տարի՝ տասնամյա արտոնյալ ժամանակահատվածով: