ԹԵԺ ԳԻԾ
ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գրասենյակ (USAID)
19.04.2016
ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գրասենյակ (USAID)

1992 թվականից սկսած ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել` զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրային ոլորտներն ընդգրկում են աղետի գոտու վերականգնումը, էներգետիկայի ոլորտի արդիականացումը, ջրային ռեսուրսների կառավարումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, սոցիալական պաշտպանությունը և առաջնային առողջապահական բարեփոխումները:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը ընդգրկում են նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են մարդասիրական օգնության տրամադրումը, մասնավորեցումը, հարկային և հարկաբյուջետային բարեփոխումները, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը:

2005-2012 թթ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը ուղղակի աջակցությունից վերափոխվել է դեպի երկարաժամկետ զարգացման նախաձեռնությունների ֆինանսավորման, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի տնտեսական մրցունակությունը, հզորացնել կառավարումը և ապահովել ավելի բարձրորակ և մատչելի սոցիալական և առողջապահական ծառայություններ:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը ներառվում են հետևյալ գլխավոր ոլորտներում. ժողովրդավարություն և կառավարում, տնտեսական աճ և առևտուր, զարգացման վարկավորում, էներգետիկա և ջրային ոլորտ, մասնավոր հատված, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ֆինանսական հատված:

ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, սոցիալական ծառայությունների որակի բարելավման և քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով:

Առաքելությունն ունի ռազմավարական նպատակներ հինգ հիմնական ոլորտներում. մասնավոր սեկտորի աճ, էներգետիկայի ոլորտ, ժողովրդավարություն և կառավարում, առողջապահական և սոցիալական ոլորտներ, խաղաղություն և անվտանգություն/հարևան երկրների հետ հարաբերություններին առնչվող գործունեություն: Այս ոլորտներում  ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագիրը հավասարակշռում է մակրոտնտեսական մակարդակի բարեփոխումների և Հայաստանի ժողովրդի կյանքի որակի բարելավմանն ուղղված  կայունության անմիջական պահանջների հետ:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունը աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ:

ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցությունը ներառում է հետևյալ տիրույթները.

  1. 2013 թվականի փետրվարի 20-ին պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող` Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրը: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծրագրի կապալառու է ընտրվել Deloitte Consulting խորհրդատվական ընկերությունը:

Ծրագրի կապալառու կազմակերպության կողմից արդեն իսկ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հարկային քաղաքականության և վարչարարության կատարելագործ-ման ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող միջոցառումների աջակցմանը:

  1. ՀՀ ֆինանսների նախարարությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից տրամադրվել է նաև «Մարդկային ռեսուրսների կառավարման բարելավում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» LSGA 111-13-0001 ուղղակի դրամաշնորհային ծրագիրը՝ 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:
  2. Ներկայումս մշակվում է 2013-2017թթ. համար Երկրի համագործակցության զարգացման նոր ռազմավարությունը ՀՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև: Այս փաստաթուղթը ծառայելու է որպես ծրագրերի և առաջնայնությունների, նպատակների և իրականացվելիք բարեփոխումների իրականացմանը: Համագործակցության հիմնական նպատակներն են`
  • նպաստել տարածաշրջանային կայունությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը;
  • ուժեղացնել ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայության ապահովումը և  քաղաքացիական հասարակության ներգրավածությունը քաղաքական կյանքում;
  • տնտեսական աճին ուղղված միջոցառումների, ինչպես նաև մի շարք սոցիալական ռեֆորմների իրականացում, որը կիջեցնի աղքատության մակարդակը: