ԹԵԺ ԳԻԾ
Անկախ պետությունների համագործակցություն (CIS)
19.04.2016
Անկախ պետությունների համագործակցություն (CIS)

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեցին դրա հիմնադրման մասին Համաձայնագիրը: Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից 11-ի (բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի) ղեկավարները՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրեցին վերոնշյալ Համաձայնագրին կից Արձանագրությունը, որով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետությունները, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը հավասարազոր հիմունքներով կազմեցին Անկախ պետությունների համագործակցությունը:  Նույն օրը, նշված երկրները ընդունեցին Ալմա-Աթայի Հռչակագիրը, որով ընգծեցին նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում համագործակցությանը  նվիրվածությունը, դրանով երաշխավորելով նախկին ԽՍՀՄ-ի միջազգային պարտավորությունների կատարումը:

1993թ. հոկտեմբերի 22-ին Մինսկում ընդունվեց ԱՊՀ կանոնադրությունը, որը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենիստանը: Վերջինս հանդիսանում է միայն ԱՊՀ ասոցացված անդամ: Վրաստանը միացավ ԱՊՀ-ին 1993թ. դեկտեմբերին, սակայն 2009թ. օգոստոսի 18-ին պաշտոնապես դադարեցրեց իր անդամակցությունը:

ԱՊՀ-ի կանոնադրությանն համապատասխան՝ Համագործակցության նպատակներն են.

- համագործակցություն քաղաքական, տնտեսական, էկոլոգիայի, հումանիտար, մշակույթային և այլ ոլորտներում,

- մասնակից-պետությունների համակողմանի և հավասարակշրված տնտեսական և սոցիալական զարգացում ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակներում, միջպետական զորակցություն և ինտեգրում,

- մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովում՝ միջազգային նորմերին և ԵԱՀԿ փաստաթղթերին համապատասխան,

- ռազմական ծախսերի և սպառազինության կրճատում, միջուկային զենքի և այլ -զանգվածային ոչնչացման զենքերի վերացում ընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելու համար,

- աջակցություն Համագործակցության մասնակից-պետությունների քաղաքացիներին ազատ շարժի և հաղորդակցությանն,

- փոխադարձ իրավական օգնություն և համագործակցություն այլ իրավական հարաբերությունների ոլորտներում,

- վեճերի և Համագործակցության մասնակից-պետությունների միջև հակամարտությունների խաղաղ կարգավորում:

Ներկայումս ԱՊՀ-ն հանդիսանում է միջազգային տարածաշրջանային կազմակերպություն և 1994թ. մարտից ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

ԱՊՀ-ի կանոնադրական մարմիններն են Պետությունների ղեկավարների խորհուրդը, Կառավարությունների ղեկավարների խորհուրդը, Արտաքին գործերի նախարարների խորհուրդը, Տնտեսական խորհուրդը, Պաշտպանության նախարարների խորհուրդը, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, Միջխորհրդարանական ասամբլեան և Տնտեսական դատարանը: ԱՊՀ մշտապես գործող մարմին է հանդիսանում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին կից Համագործակցության մասնակից-պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը:

ԱՊՀ-ն ունի շորջ 70 ճյուղային մարմիններ, որոնք համակարգում են մասնակից-պետությունների համատեղ զարգացումը տնտեսական, սոցիալական, հումանիտար, ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի և այլ կարևորագույն ոլորտներում:

Վերոնշյալ գործունեությունը համակարգելու նպատակով գործում է Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն՝ ԱՀՊ Գործադիր կոմիտեն, որը գտնվում է Մինսկում ունենալով իր մասնաճյուղը Մոսկվայում: 2007թ. հոկտեմբերից Սերգեյ Նիկոլայի Լեբեդևը ներկայանում է Գործադիր կոմիտեի Նախագահ – ԱՊՀ-ի Գործադիր քարտուղար:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության, մեկ տարի ժամկետով: 2017թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը:

Անկախ պետությունների համագործակցության մարմինները ֆինանսավորվում են ԱՊՀ միասնական բյուջեից, որով ԱՊՀ մարմինների 2017թ. միասնական բյուջեի Հայաստանի Հանրապետության մասնակցության գումարը կազմում է՝ 10,246.1 հազար ռուբլի:

Հայաստանի Հանրապետությունը ակտիվ մասնակցություն ունի ԱՊՀ մասնակից-պետությունների կողմից ստորագրված համաձայնագրերի, պայմանագրերի և կայացրած որոշումների առնչությամբ: Այսպես՝ 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը լայն հնարավորություններ ընձեռեց Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար, ստեղծելով բացառիկ հնարավորություն առանց մաքսատուրքերի առևտրաշրջանառություն իրականացնելու այն պետությունների հետ, որոնք ստորագրել են տվյալ համաձայնագիրը, ստեղծելով միասնական կանոններ լիցենզավորման, կոդավորման, և այլ պահանջվող ցուցանիշների վերաբերյալ, հանելով արգելափակումները տնտեսվարող սուբյեկտների համար: Պայմանագրի կարևորությունը Հայաստանի համար առանձնահատուկ է, քանի վերջինս կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա, և ակնկալվում է, որ տարեցտարի «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի առկա սահմանափակումները կնվազեն: Նշենք նաև, որ «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի դրույթները այսուհետ համապատասխանեցվում են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին: