ԹԵԺ ԳԻԾ
24.01.2019
Առաջիկա 2-3 տարում ավելի ցածր պետական պարտք կունենանք, քան ՀՆԱ-ի 50 տոկոսն է
Հայաստանի պետական պարտքը 6,774 մլն դոլարից աճել է 149 մլն դոլարով և 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6,923 մլրդ դոլար։ Սակայն այս ցուցանիշը աննախադեպ կարելի է համարել, քանի որ վերջին տարիների նվազագույն աճն է։ Օրինակ 2017թ-ին պետական պարտքը աճել էր 832.5 մլն դոլարով կամ 12%-ով։
«Խնդիրը նրանում էր, որ նախորդ խմբագրության պետական պարտքի մասին օրենքի համաձայն եթե կառավարության պարտքը անցնում էր նախորդ տարվա ՀՆԱ-ի 50 տոկոս շեմը, ապա կիրառվում էր որոշակի սահմանափակում, որ հաջորդ տարվա պետական բյուջեն պիտի նախորդ 3 տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3 տոկոսի չափով պլանավորվի, ինչը և արվեց 2018 թվականի համար։ Եթե պարտքը գերազանցում էր 60 տոկոսը, ապա այդ բոլոր գործարքները համարվում էին առ ոչինչ։ Օրենքը գրվել էր 2008 թ-ին, երբ պետական պարտքը ՀՆԱ-ի ընդամենը 16 տոկոսն էր կազմում։ Ոչ ոք չէր ենթադրի 2008-ին, որ մենք արագորեն կհասնենք այդ շեմերին։ Այն պայմանավորված էր նրանով, որ 2009-2016 թվականներին մենք 2 անգամ տնտեսական շոկ ունեցանք, որ պետությունը իր պարտավորությունները կատարելու համար ստիպված էր փոխառու միջոցներ ներգրավվել, որպեսզի ֆինանսավորի աշխատավարձերն ու թոշակները և կատարի որոշակի ներդրումներ, որ ապահովի ապագա տարիների տնտեսական աճերը, այսինքն ակտիվություն ապահովել տնտեսության մեջ։Դրա արդյունքում պարտքը աճեց և մենք արդեն մոտենալով 60 տոկոս սահմանաչափին, նշանակում էր, որ պետությունը ոչ մի ձևով փոխառություն չի կարող ներգրավվել, բայց պետք է շարունակի»,- այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Արտակ Մարությանը։ Պրակտիկան ցույց տվեց, որ շատ երկրներում 2009-ից հետո վերանայեցին իրենց ֆիսկալ կանոնները։ 2018 թ-ին կատարվեցին համապատասխան փոփոխություններ և այդ ցուցանիշները ավելի ճկունացվեցին։ Դրանց արդյունքում որոշ շեմեր փոփոխվեցին։ Այսինքն եթե կառավարությունը պարտքը նախորդ տարվա համեմատ գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա կառավարությունը պետք է միջնաժամկետ ծախսային ծրագրում դնի համապատասխան ծրագիր, թե երբ է պարտքն իջեցնելու 50 տոկոսից ցածր։ «Քանի որ Հայաստանը 2017 թվականին ունեցավ 53 տոկոս պարտք/ՀՆԱ հարաբերակցություն, կառավարությունը իր միջնաժամկետ ծախսային տվյալներում 2019-2021-ին, արդեն բերեց նմանատիպ ծրագիր ու ակնկալվում էր, որ դրա արդյունքում մենք 2023 թվականին արդեն 50 տոկոսից ցածր պարտք/ՀՆԱ հարաբերակցություն կունենանք»,- ասաց Մարությանը։ Մարությանի խոսքով եթե պետական բյուջեի դեֆիցիտը փոքր է, ապապարտքը էականորեն չի աճում․ «Քանի որ նախորդ տարի այս ֆիսկալ կանոնի արդյունքում նաև որոշակի սահմանաչափ դրվեց պետական բյուջեի դեֆիցիտի չափի վրա, այդ պատճառով այա տարի բյուջեն պլանավորվեց դիֆիցիտով։ Դիֆիցիտը պլանավորված էր 150 մլրդ դրամի չափով ու դրա արդյունքում ակնկալվում էր, որ պարտքը այդքան շատ չի աճի, բայց իրականության մեջ մենք ունենանք այն դեպքը, երբ փաստացի ավելի քիչ դիֆիցիտ ունեցանք՝ 105 մլրդ-ի, այսինքն պարտքը անվանականորեն պետք է աճեր ավելի դանդաղ, իսկ ՀՆԱ-ն աճեց ավելի արագ և մենք ունեցանք նաև պատկեր, որ անցնող տարում նախորդ տարիների համեմատ պետական պարտքը և կառավարության պարտքը աճեցին ավելի դանդաղ քան նախորդ տարիներին ու նաև պարտքի ցուցանիշը ունեցավ անկման միտում։ Այս տարի ակնկալվում է, որ ցուցանիշը կփակվի մոտավորապես 50-51 տոկոսի շրջանակներում։ Հաջորդ տարիներին ևս կունենանք պետական պարտքի նվազում»։ Հարցին՝ արտարժույթի տատանումները ինչպես են ազդել պետական պարտքի վրա, Մարությանը պատասխանեց․ «Եթե խոսքը գնում է կառավարության պարտքի մասին, ապա կառավարության պարտքի 80 տոկոսը արտարժույթային պարտքն է, որը բաղկացած է 5 արժույթներից։ Կառավարության արտարժույթային պարտքը իրականում պետք է աճեր, բայց 2017-ի համեմատ նվազել է՝ պետք է աճեր մոտավորապես 170 մլն դոլարով, բայց աճել է 120 մլն դոլարով։ Այս փոփոխությունը պայմանավորված է փոխարժեքների ազդեցությամբ»։ Նշենք, որ ֆինանսների նախարարությունը արդեն հայտարարել է, որ 2019-ին պետական պարտքը կկազմի մոտ 7 մլրդ 500 մլն դրամ։
 
 
Նյութի աղբյուրը՝ armdaily.am