ԹԵԺ ԳԻԾ
12.04.2018
Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ ֆինանսների փոխնախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Անանյանն Ա. Հարությունյանին հակիրճ ներկայացրել է այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգի զարգացման մի շարք ուղղություններում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների դրական փորձն իրենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպումների ընթացքում կփոխանցեն Արցախի գործընկերներին։

Կարևորելով ներկայացված հարցերի շրջանակը՝ պետական նախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտի զարգացման ուղղություններում դրանք շատ պահանջված են։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ հաշվի առնելով ԱՀ և ՀՀ հարկային դաշտերի ինտեգրվածության բարձր մակարդակը՝ իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել ԱՀ հարկային օրենսգրքի ընդունման և երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին։

 

Նյութի աղբյուրը՝  armenpress.am