ԹԵԺ ԳԻԾ
26.12.2018
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ 2019-Ի ՎԵՐՋԻՆ ԱՎԵԼԱՆԱԼՈՒ Է 314, ԱՅԼ ՈՉ ԹԵ 490 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Հաջորդ տարվա փոխառությունների ծրագիրը ներկայացնելիս ֆինանսների նախարարն օրերս թիվ հրապարակեց, որն անմիջապես տարածվեց համացանցով մեկ՝ Հայաստանի արտաքին պարտքը կազմելու է 6,9 մլրդ դոլար՝ ավելանալով 490 մլն դոլարով։ Թիվն սա տարակուսանք առաջացրեց, քանի որ բոլորս ենք հիշում, որ նոր կառավարությունը, իշխանության գալով, հայտարարում էր, որ նվազեցնելու է արտաքին պարտքը։ Եթե հետեւենք առաջին ամիսների դինամիկային, ապա պետական պարտքի նվազման միտում կա։
 
Տարեսկզբին՝ հունվարի 31-ի դրությամբ, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 6 մլրդ 898 մլն դոլար էր, հուլիսի 31-ի դրությամբ կրճատվեց՝ կազմելով 6 մլրդ 759 մլն դոլար։ Հոկտեմբերի վերջին, ըստ ֆինանսների նախարարության, արդեն մոտ 6 մլրդ 724 մլն էր, եւ չնչին ավելացում տեղի ունեցավ նոյեմբերի 31-ի դրությամբ՝ կազմելով 6,765 մլն դոլար։ Այդ դեպքում ինչո՞ւ է մյուս տարի նման ավելացում գրանցվելու։ Մեր զրուցակիցն է ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։
 
- Մենք բոլոր տվյալները հրապարակել ենք, բաժանել ենք նաեւ լրագրողներին։ Ըստ աղյուսակի՝ 2019 թվականին տանալու ենք 152,1 մլն դոլար բյուջետային աջակցության վարկեր, 337,6 նպատակային վարկեր, նաեւ նախատեսված է մայր գումարի մարում՝ 175 մլն ԱՄՆ դոլար։ Եթե մենք 152,1-ին գումարում ենք 337, ստացվում է 490 մլն դոլար։ Բայց որպեսզի ստանանք ճշգրիտ տվյալը, սրանից պետք է հանենք պարտքի մարումը՝ 175 մլն դոլարը։ Այս դեպքում ստացվում է, որ մենք 2019 թվականին ոչ թե 490 մլն դոլարով ենք պարտքն ավելացնելու, այլ ընդամենը 314 մլն ԱՄՆ դոլարով։ Սա մոտավորապես 150 մլրդ դրամի կարգի է։
 
- Այսինքն, տարածված թիվը սխալ է։
 
- Ես մշտապես լրագրողներին խնդրում եմ, որ թվերն ինձ հետ ճշտեն, ինչ ուզում է գրեն, քննադատեն, բայց թվերը ճիշտ գրեն։ Փոխառությունների ներգրավումից պետք է հանել մարումը, որ ստանանք պարտքի ավելացման չափը։
 
- Իսկ ինչպե՞ս է եղել, որ պետական պարտքն այս ամիսներին նվազել է։ Սա միայն դոլար-եվրո հարաբերակցության եւ «կուրսային» գործոնների ազդեցությո՞ւնն է։
 
- Որովհետեւ ԾԻԳ-երը նպատակային ծրագրերով իրենց ծրագրածի 50 տոկոսն էլ չեն բերել, որ ծախսեն։
 
- Վարկերը չե՞նք վերցրել։
 
- Վարկերը վերցված են, բայց դա պարտք է դառնում այն ժամանակ, երբ որ գալիս է, նստում է Հայաստանում, մեր հաշիվների վրա։ Այսինքն՝ մեզ համար դա հաշիվների վրա սառեցված է, երբ ուզենք, կարող ենք բերել ծախսել։ Որեւէ բան պետք է անենք, չէ՞, որ բերենք ծախսենք։ Ասենք, եթե ճանապարհների վարկ է, պետք է ասֆալտ անենք, ասենք՝ բերեք, փողը տվեք, տանք։ Հենց որ բերում վճարում ենք, Հայաստանի համար դա դառնում է պարտք։
 
- Նախարարը հայտարարեց, որ ամենախոշոր վարկը Ռուսաստանից է գալու՝ 343 մլն։ Սա ո՞ր նախագծի համար է տրվում։
 
- Դա հիմնականում ատոմակայանի վարկն է, որը վաղուց ստորագրել ենք ատոմակայանի վերազինման համար, որպեսզի ատոմակայանի կյանքը երկարացնենք։ Այս վարկի մի մասն օգտագործվել է, եւ վարկային ծրագրով էլ 2019 թվականին դրա մեծ մասն է գալու։ Դա մոտավորապես 200 մլն դոլար է։
 
- Իսկ եվրոբոնդերի մարումը ե՞րբ է սկսվելու, եւ արդյոք բարդություններ չե՞ն լինի սրա հետ կապված։
 
- Եվրոբոնդերի մարումը սկսվելու է 2020 թվականի սեպտեմբերի 30-ից։ Եթե օրացուցային ասենք՝ մեկ տարի 9 ամիս դեռ կա այդ ծրագրի մարմանը։ Մենք դրանով բացարձակ մտահոգված չենք։ Մարումը դժվար չի լինելու, նույնն է, ինչ մեր ներքին պարտատոմսերի շուկայում։ Այս տարի տեղաբաշխելու ենք 183 մլրդ, մարելու ենք 89 մլրդ, եւ ոչ մեկի մտքով չի անցնում, որ ասի՝ բա որ հանկարծ չկարողանաք մարել։ Նույնն էլ եվրոբոնդերն են։ Դա ռեգուլյար շուկա է։ Մենք առայժմ 2 պարտատոմսեր ունենք այդ շուկայում պտտվող, իսկ մեր ներքին շուկայում 30-ից ավելի ներքին պարտատոմսեր են պտտվում։ Դրանց հետ ամեն ամիս մեկ-երկու գործարք լինում է։ Իսկ եվրոբոնդն արտաքին պարտատոմս է, մենք այնտեղ դեռ այդքան համարձակ մուտք չենք գործել։ Ընդամենը երկու տեսակի պարտատոմս ունենք՝ մեկը 2020 թվին է, մյուսը՝ 2025 թվին, դրա համար մարդկանց ուշադրությունը գրավում է։ Բայց ոչինչ, մեկ-երկու մարում-թողարկում որ լինի, բոլորը կսովորեն։
 
- Մի հարց էլ՝ Ասիական զարգացման բանկից՝ 53.1 մլն դոլար եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 50,4 մլն դոլար ենք վերցնելու։ Կարո՞ղ ենք սրանք ուղղել պարտքի մարմանը։
 
- Սրանք բյուջետային աջակցության վարկեր են։ Ես բնավորություն չունեմ փողի վրա նշաններ դնելու։ Բյուջետային աջակցության վարկերը հիմնականում դեֆիցիտի ֆինանսավորմանն են ուղղվում, իսկ դեֆիցիտն էլ մեզ մոտ հիմնականում կապիտալ ծախսերից է առաջանում։ Այնպես որ՝ անձամբ ես չեմ մտածում, որ դա վարկերի մարմանն է գնում, բայց դուք կարող եք մտածել։ Փող է, դրա վրա անուն-ազգանուն գրված չէ։ Ուղղակի, մեր եկամուտների ու ծախսերի տարբերությունը մոտավորապես այնքան է, որքան մեր կապիտալ ծախսերն են։ Կարելի է հաստատ ասել, որ պարտքով բերած փողը մենք միայն կապիտալ ծախսերին ենք ուղղում։
 
 
 
Նյութի աղբյուրը՝ hraparak.am