ԹԵԺ ԳԻԾ
Ասիական զարգացման բանկ (ADB)
02.03.2020
Ասիական զարգացման բանկ (ADB)

 

Ասիական զարգացման բանկը (այսուհետ` ԱԶԲ) հիմնադրվել է 1966 թվականին:

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԱԶԲ-ին 2005 թվականից` «Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիրը» 2005 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո:

ԱԶԲ-ում ՀՀ բաժանորդագրությունն ընդհանուր կապիտալին կազմում է 440.48 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ-ին է պատկանում ընդհանուր բաժնետոմսերի 0.298%-ը:

ԱԶԲ հիմնական նպատակն է նպաստել Ասիայի և Հեռավոր Արևելքի պետությունների տնտեսական աճին` ուղղակի վարկավորման և տեխնիկական աջակցության և դրամաշնորհների տրամադրման միջոցով: Միջոցները հիմնականում տրամադրվում են հետևյալ ոլորտների զարգացման համար` ենթակառուցվածքներ (ջրամատակարարում, էներգերիկա, տրանսպորտ, քաղաքային զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ) շրջակա միջավայր, տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում, ֆինանսական հատված, կրթություն:

ԱԶԲ-ը վարկերը տրամադրում է 2 աղբյուրներից` Սովորական կապիտալ ռեսուրսներից (ՍԿՌ) (Ordinary capital resources, “hard loans”) և Ասիական զարգացման հիմնադրամից (ԱԶՀ) (Asian Development Fund, “soft loans”): ՍԿՌ-ից վարկերը տրամադրվում են կոմերցիոն պայմաններով` շուկայական տոկոսադրույքով և համեմատաբար ավելի կարճ` 15-25 տարի ժամկետով: ԱԶՀ-ը նախատեսված է երկարաժամկետ վարկավորման համար (25-40 տարի) արտոնյալ` 1-3% տոկոսադրույքով: ՍԿՌ-ից տրամադրվող վարկերի արտոնյալության ժամկետը 3-5 տարի է, ԱԶՀ վարկերի դեպքում` որպես կանոն 10 տարի:

2014թ. օգոստոսի 15-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհուրդը հաստատել է, որ պաշտոնապես ավարտվել է Ասիական զարգացման հիմնադրամից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրումը Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի՝ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը 2010-2014թթ. գերազանցել է ԱԶԲ-ի կողմից սահմանված շեմը: Ուստի, անցումային շրջանի ավարտից հետո` 2017 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը կարող է նոր վարկային միջոցներ ներգրավել միայն ԱԶԲ Սովորական կապիտալ ռեսուրսներից:

ԱԶԲ սուվերեն վարկավորման պորտֆելը 2020թ․ փետրվարի դրությամբ կազմում է մոտ 600 մլն ԱՄՆ դոլար։

2018 թվականի դրությամբ ընդհանուր 32 ոչ սուվերեն (մասնավոր հատվածի) գործարքների համար ԱԶԲ-ի սեփական միջոցներից հատկացված ֆինանսավորումը կազմել է  3.14 մլրդ ԱՄՆ դոլար։

 

Ընթացիկ ծրագրեր

ԱԶԲ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվում են, մասնավորապես, հետևյալ ծրագրերը`

  1. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր: 2016թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով (44,037,000 եվրո):

Ծրագրի նպատակն է վերակառուցել և բարելավել մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին: Ազդեցությունը կլինի ճանապարհային ցանցի արագ վատթարացման կանխարգելումը և անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումների ապահովումը: Ծրագիրը կօգնի բարելավել սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները:

Միաժամանակ նշենք, որ նշյալ ծրագրի համաֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի կողմից արդեն իսկ տրամադրվել են 51 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ:

  1. Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 և 2:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. մայիսի 19-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 30,989,000 ՀՓԻ չափով:

Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքային համայնքների համար տնտեսական հնարավորությունները և հանրային ու սոցիալական ծառայությունների մատչելիությունը, մեծացնել տնտեսական աճի ներուժը և ընդլայնել մասնավոր հատվածի ներգրավվածությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարելավել Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը և ծառայությունները:

2015թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր- Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 112,970,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:

  1. «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն»: 2015թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 63,259,000 ՀՓԻ-ին համարժեք ԱՄՆ դոլարի չափով (88.5 մլն ԱՄՆ դոլար):

Ծրագրի նպատակն է նպաստել դպրոցների ուժեղացման վերականգնման ծրագրի իրականացմանը՝ դպրոցների սեյսմաապահով շենքերի ընդգրկվածության բարելավման գործում:

  1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագրեր 2 և 3:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. մայիսի 30-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 170 մլն ԱՄՆ դոլարի:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. մարտի 11-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 100 մլն ԱՄՆ դոլարի չափով:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» (այսուհետ` Ներդրումային ծրագիր) նպատակ ունի Հայաստանում զարգացնել ենթատարածաշրջանային և պետական ճանապարհային տրանսպորտային ցանցը: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում, մասնավորապես, կդյուրինացվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհները, կխթանվի առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կբարելավվի կառավարումը:

  1. Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր: 2014թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 24,022,000 ՀՓԻ-ին համարժեք ԱՄՆ դոլարի չափով (37 մլն ԱՄՆ դոլար):

Ծրագրի նպատակն է բարձրացնել ՀՀ ներքին էլեկտրահաղորդման ցանցի գործառական արդյունավետությունը:

 

2019թ․ ներգրավված բյուջետային աջակցության վարկային միջոցներ

  • Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ․ նոյեմբերի 14-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 36,506,000 եվրո արժողությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ (ա) պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, (բ) փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և (գ) կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:
  • Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ․ նոյեմբերի 18-ին ստորագրվել է «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 9․1 մլն եվրո արժողությամբ։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ (ա) նախադպրոցական կրթության և բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, (բ) առողջապահական ծառայությունների բարելավում, (գ) նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում, (դ) ներառական կրթության և առողջապահական ծառայությունների զարգացում, (ե) կրթության ոլորտի մարմինների կառավարման և կարողությունների բարելավում, (զ) կրթության և առողջապահության ոլորտների կատարողականի կառավարման և այն ռեսուրսներով ապահովելու համար հիմնավորումներ ստանալու նպատակով տվյալների օգտագործման հզորացում, (է) միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն՝ 2020-2022թթ. ժամանակահատվածում կրթության և առողջապահության ոլորտների կայուն ֆինանսավորման ապահովում, (ը) հանրային առողջության քաղաքականությունների միջոցով մարդկային կապիտալի բարելավում։