ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավարին
19.06.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավարին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Դորիթ Կեմպայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ֆինանսների առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Աննե Դորիթ Կեմպան շնորհավորել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նման պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունը առաջիկայում ևս կլինի ոչ պակաս արդյունավետ և  կզարգանա նաև նոր ուղղություններով:

Կողմերը քննարկել են «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրային բյուջետավորմանն ու պետական ներքին ֆինանսական հսկողությանն առնչվող հարցեր և ընդգծել հանրային ֆինանսների կառավարման համակարգերի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությունը Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման գործում և նշել, որ նաև այս համագործակցության շնորհիվ է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով կներկայացվի ծրագրային ձևաչափով։

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը ընդգծել է, որ ԳՄՀԸ-ի հետ համագործակցությունը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանը ծրագրային բյուջետավորման ոլորտում տեսական և փորձարարական քննարկումներից անցում կատարի դեպի գործնական հարթակ՝ առաջիկայում ապահովելով համակարգի լիարժեք ներդրումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ մի շարք հարցեր` մատնանշելով պետական ֆինանսների կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները և ԳՄՀԸ-ի կողմից այդ բարեփոխումներին հետագա աջակցության պատրաստակամությունը։