ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
14.03.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Մարտի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի գլխավորած պատվիրակությանը:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը և նշել, որ կարևորվում է համատեղ ծրագրերի բովանդակությունն ու ակնկալվող արդյունքը:

Սիրիլ Մյուլերը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀԲ գործադիր խորհրդի նիստում կքննարկվեն «Երկրի գործընկերության շրջանակ» ծրագրի իրականացման հնարավորությունները և վերջինիս շրջանակներում 2019-2023 թվականների ռազմավարությունը: Նա նշել է, որ գործակցության համար նախանշվող հիմնական ուղղությունները համընկնում են կառավարության ծրագրի առաջնահերթությունների հետ:

ՀԲ ներկայացուցիչն ընդգծել է, որ նախորդ տարի Հայաստանն արձանագրել է հարկաբյուջետային լավ արդյունքներ, և այս համատեքստում դրական նախադրյալներ կան տնտեսական զարգացման և հնարավոր արտաքին շոկերին դիմակայելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հարկային համակարգի փոփոխություններին, նպաստավոր ներդրումային միջավայր ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև ՀԲ-ի հետ իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերին: