ԹԵԺ ԳԻԾ
Ազգային ժողովը հաստատել է 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
29.04.2020
Ազգային ժողովը հաստատել է 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովը ապրիլի 29-ին ձայների մեծամասնությամբ՝ 101 «կողմ»,  17 «դեմ», ընդունել է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։

Փաստաթղթի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շեշտել էր, որ Հայաստանի կառավարությունը արձանագրում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը աննախադեպ է, հետևաբար բյուջեի նախագծով տնտեսական անկման հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամի սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթներ ուղել մի շարք միջոցառումների իրականացման համար:

Այսպես` 25 մլրդ դրամ կուղվի ձեռնարկություններին, 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրերին, 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղված ծրագրերին, և 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ, անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

Տնտեսական անկման պայմաններում գնահատվել է, որ 2020 թվականին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները` պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:

«Այս ճգնաժամը գնահատվում է աննախադեպ, քանի որ դրա դրսևորումներն են էապես տարբերվում նախորդ բոլոր ճգնաժամերից․ վտանգի տակ է մարդու առողջությունը, և դրա տարածումն է շատ արագ», -ասել էր նախարարը՝ ընդգծելով, որ բոլոր նախատեսված ծրագրերը իրականացվելու են։