ԹԵԺ ԳԻԾ
ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
28.10.2019
ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները

Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին ներկայացրել է բյուջետային ցուցանիշները, մակրոտնտեսական շրջանակը։ Այսպես, Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը, ըստ նախարարի, թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: «Գնահատվում է, որ կարող է լինել ինչպես համեմատաբար ավելի ցածր ցուցանիշ, եթե արտաքին ազդակները լինեն բացասական, այնպես էլ բարձր: Այսինքն` տնտեսական աճը կարող է լինել նաև, օրինակ, 6-8 տոկոսի միջակայքում, սակայն ավելի քիչ հավանականությամբ, քան 4.9 տոկոսը»,-նշել է նախարարը։

«Ըստ էության 2019 թվականին սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն 2020 թվականին ակնկալվում է որ կունենանք ավելի բարձր ցուցանիշ՝ 1 տրլն 602 մլրդ դրամ, որի արդյունքում հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կլինի 0.3 տոկոսային կետով ավելի: «Ընթացիկ ծախսերը ենթադրվում է, որ ՀՆԱ-ի մեջ մի փոքր կնվազեն այս տարվա սպասվող մեծության համեմատությամբ»,- ասել է պարոն Ջանջուղազյանը։ Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ: