ԹԵԺ ԳԻԾ
07.07.2018
Բնապահպանական վճարը մի՛ շտապեք վճարել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետվող վնասակար նյութերի համար գանձվող բնապահպանական հարկի դրույքաչափերը փոխվեցին՝ նվազեցին ընդհուպ մինչև երկու անգամ: Սակայն որոշ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնում առ այն, որ բանկերում իրենցից պահանջում են նախկին՝ ավելի բարձր դրույքաչափին համապատասխան հարկավճար:
 
Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտել ընդամենը մեկ շաբաթ առաջ:
 
Մինչ այս օրենքի ընդունումը բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայում իրականացվել է նաև տարեսկզբին՝ Հարկային օրենսգրքի հունվարի 1–ին ուժի մեջ մտած օրենքի համաձայն, որի ժամանակ փոքր–ինչ բարձրացվել էին դրույքաչափերը: Սակայն հաշվի առնելով հետագա քննարկումները և դրանց արդյունքում քաղաքացիների կողմից հնչեցված դժգոհությունները՝ օրենքը կրկին անգամ վերանայվեց, արդեն՝ ամռանը, և փորձ կատարվեց իջեցնել դրույքաչափերը 50 և ավել տոկոսով:
 
Սահմանվել է, որ դրույքաչափերը գործելու են 2018 թ. հունվարի 1–ից, այսինքն՝ հետադարձ ուժ ունեն և կիրառելի են բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մինչ օրենքի ընդունումը կատարել են վճարումներ: Ընդ որում, արտադրման թարմ տարեթիվ ունեցող մեքենաների համար՝ ավելի շատ են իջել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մեքենաների կողմից շրջակա միջավայր արտանետումների ծավալները
 
անհամեմատ քիչ են, քան ավելի հին մեքենաներինը:
 
Նրանք, ովքեր մինչ հրամանի ընդունումն են վճարել, կարո՞ղ են դիմել բանկ կամ համապատասխան գերատեսչություն, որպեսզի իրենց կողմից վճարված ավել գումարը հետ վերադարձվի:
 
Ալավերդյանը պարզաբանում է. «Օրենքը հետադարձ ուժ ունի, և եթե քաղաքացիները պարտավորություններից ավել են վճարել մինչ օրենքի ընդունվելը, պետք է հասկանալ, արդյո՞ք պետք է վերադարձվի, ինչպե՞ս պետք է վերադարձվի և ի՞նչ ընթացակարգով: Այդ հարցը Հարկային օրենսգրքի կարգավորման առարկայի շրջանակներում չի կարգավորվել, բայց այն քննարկման կարիք ունի հասկանալու համար ընթացակարգը, բանկերն ինչպես են կարողանալու իդենտիֆիկացնել այն քաղաքացիներին, ովքեր օրինակ՝ ապրիլին, արդեն վճարել են հարկը, ինչպես են այդ մարդկանց տեղեկացնելու, ինչպես հետ վերադարձնելու»:
 
Ինչ վերաբերում է բանկերի տեղեկացվածությանը, ապա ինչպես Ալավերդյանն է նկատում, դրանք օրենքով սահմանվող դրույթներ են, օրենքն ընդունվել է, օրենքով սահմանվել է, որ դրույքաչափերը նվազելու են, և այդ օրենքի մասին բանկերը ևս տեղեկացված են եղել:
 
«Կարծում եմ՝ խնդիրը տեղեկացված չլինելու մեջ չէ: Բանկերի կողմից բնապահպանական հարկի դրույքաչափերը հաշվարկում են ծրագրային ապահովումների միջոցով, և որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանան ծրագրային համակարգում փոփոխություններ կատարել, նոր դրույքաչափեր ներդնել և դրանց համապատասխան հարկ հաշվարկել:
 
Հունվարին տեղի էր ունեցել համակարգային փոփոխություն, որի արդյունքում կատարվել էր հարկային բեռի վերաբաշխում, որն ըստ քաղաքացիների՝ արդարացված չէր: Այդ վերանայումները ևս մեկ անգամ վերանայվեցին, և որոշվեց, որ հունվարի 1–ից մայր տարբերակով ուժի մեջ մտած դրույքաչափերը նվազում են, բայց այդ նվազեցումը ընդունվել է հունիսի վերջին և պաշտոնապես հրապարկվել է մեկ շաբաթ առաջ: Գուցե բանկերն օբյեկտիվորեն ժամանակ չունեին ծրագրային փոփոխություններ կատարելու համար»,–նշեց նա:
 
Քաղաքացիներից ոմանք այն կարծիքն ունեն, թե բանկերը միտումնավոր են ավել գումար գանձում: Բայց Ալավերդյանի խոսքով, բանկերը ավել գումար գանձելու ակնկալիք չունեն, քանի որ դա պետական բյուջե գանձվող գումար է, իսկ բանկերը պետք է շահագրգռված լինեն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող դրույքաչափերին համապատասխան գումար գանձել:
 
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է հետագայում չեղարկվի այս հարկատեսակը, Ալավերդյանը պատասխանեց՝ ոչ, որովհետև այն բնությանը, մթնոլորտային օդին պատճառված վնասի դիմաց գանձվող հարկատեսակ է, որն ուղղվում է նույն մթնոլորտային օդի կամ բնապահպանական այլ խնդիրների լուծմանը:
 
«Եթե նկատառման իմաստը դիտարկում ենք միայն քաղաքացիների հարկային բեռը նվազեցնելու տեսանկյունից, արդարացված ու ճիշտ կլինի: Բայց եթե մենք նայում ենք նաև այն տեսանկյունից, որ բնությանը որքան վնաս է պատճառվում և արժե՞ արդյոք այդ հասցված վնասը փոխհատուցել ոչ այնքան մեծ հարկային պարտավորությունների չափով, տարեկան օրինակ՝ 2–3 հազար դրամով, ապա այս երկու տեսանկյուններն իրար հետ համադրելու դեպքում, կարծում եմ՝ նպատակահարմար չի լինի: Մենք խոսում ենք բնությանը պատճառված վնասի մասին, որը գուցե անդրադառնալի է, եթե դրա վերականգնման ուղղությամբ ոչինչ չկատարվի»,–նշեց նա:
 
Հավելենք նաև, որ էլեկտրոմոբիլներն ու հիբրիդային մեքենաներն ազատված են բնապահպանական հարկից, ինչը խթանող գործոն է քաղաքացիների՝ հարկային բեռի մեջ գոյություն ունեցող տարբերությունը տեսնելու և բնությանն ավելի քիչ վնաս պատճառող մեքենաների շահագործման համար:
 
2018 թ. հունիսի վերջին իրականացված փոփոխությունների համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ՝ բեռնատարների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության դրույքաչափերը հասցվել են նվազագույնի: Օրինակ՝ մինչև 50 ձիաուժ հզորություն ունեցող մեքենայի համար յուրաքանչյուր ձիաուժի համար վճարվում է 5 դրամ, 51-80-ի դեպքում՝ 10, 81-100-ի՝ 15, 101-150՝ 20, 151-200՝ 25, 201-250-՝ 30, 251- 300՝ 35 և 300 և ավելի ձիաուժ ունեցող մեքենայի համար՝ 50 դրամ, այսինքն՝ սկսած 15 հազար դրամից:
 
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
Նյութի աղբյուրը՝ past.am