ԹԵԺ ԳԻԾ
30.10.2019
ԲՅՈՒՋԵ՝ ՎԱՏԱԳՈՒՅՆԻ ՍՊԱՍՈՒՄՈ՞Վ, ԹԵ՞ ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ՀՈՒՅՍՈՎ
Հայաստանում 2020-ին, բյուջեի նախագծով, նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Սրանք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերն են՝ ՀՀ 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։ Մինչ այդ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ելույթում խոսելով եկող տարվա բյուջեի մասին, հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ, իրենք առաջնորդվում են առավել պահպանողական սցենարով։
«Ընդհանուր առմամբ, սա, կարծում եմ, ճիշտ մոտեցում է առավել կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու համար: Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ «надейся на лучшее, готовься к худшему»:
 
Այնպես որ, կարծում եմ, այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված»,- ասաց վարչապետը։ Ուշագրավ է, որ տնտեսական ամենակարեւոր ցուցանիշի՝ տնտեսական աճի կանխատեսման մասին Փաշինյանն ուղիղ խոսքով ոչինչ չասաց, դա ասաց Ջանջուղազյանը, որն իրեն հատուկ ոճով՝ հանդարտ, կիսաժպիտը դեմքին, զեկուցում էր բյուջեն ու փորձում վարչապետի գեղարվեստական զեղումները «մեկնաբանել» թվերի լեզվով, երբ պատգամավորները հարձակվել էին նրա վրա, թե ինչու է բյուջեն պահպանողական, ինչու է այդքան քիչ տնտեսական աճ կանխատեսվում եւ այլն։
 
Ջանջուղազյանից նախ հետաքրքրվեցինք, թե այս տարվա «հեղափոխական» բյուջեն ինչով էր տարբերվում նախորդ տարիների «ոչ հեղափոխական» բյուջեի նախագծերից։ Ջանջուղազյանը, որը հատկապես բյուջեի քննարկումների ժամանակ ամեն անգամ մեզ մոտ դեժավյու է առաջացնում նախկինի նկատմամբ, ասաց՝ տարբերությունները բազմաթիվ են, բոլոր ուղղություններով կարելի է դրանք տեսնել։
 
- Բայց մենք ավելի շատ նմանություն տեսանք, օրինակ՝ թվերի, մոտեցումների հարցում, որ պահպանողական է՝ նախկինում էլ էր այդպես ձեւակերպվում։
 
- Ինքը, այո, ունի էդ առանձնահատկությունը, որ բյուջեի նախագիծ է, որն ինչ-որ բանով բնութագրվում է, եւ էդ բնութագրիչների ինչ-որ մի մասը չեն կարող ուղղակի չկրկնել միմյանց։
 
- Խնդիրն այն է, որ բյուջեն հեղափոխական կարող էր լինել դրական ցուցանիշների, ոչ թե կառուցվածքի առումով։ Այսինքն՝ լինի բյուջե, որը կարդարացնի հասարակության հեղափոխական սպասելիքները։
 
- Հասարակության սպասելիքներն արդարացնել որեւէ կառավարություն՝ ոչ միայն Հայաստանում, շատ դժվար կգտնեք, որովհետեւ մշտապես սպասումներ են։ Իսկ շեշտադրումներին վարչապետն անդրադարձավ իր ելույթում, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սոցիալական բնագավառում՝ ծախսեր, աշխատավարձեր, ռազմական բնագավառում եւ այլն։ Անդրադարձավ նաեւ տնտեսության կառուցվածքին եւ տնտեսության տրամադրությանը։
 
- Ինձ կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում առաջնորդվել պահպանողական սցենարով։
 
- Հարցը հետեւյալն է, թե որն է զարգացման կարեւորագույն նախադրյալը։ Ըստ գնահատականի՝ դա կայունությունն է։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր հասնել կայունության, ռիսկերը կառավարելով։ Նախագիծն այնպիսին է, որ չնայած կան ռիսկեր, բայց դրանք գնահատվում են որպես կառավարելի։ Եվ գնահատական է տրվում, թե որ դեպքում կայուն կարող է լինել։ Հիմա այդ կայունը նաեւ ինչ-որ մի տեղ նույնականացվո՞ւմ է, թե՞ արդյոք պահպանողական է նաեւ նշանակում, թե՞ ոչ։ Պահպանողական, այսինքն՝ ապահով կողմը, այսպես ասած։
 
- Ես հիշում եմ, որ դեռեւս Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք էլի նույն ցածր կանխատեսումներն էին դրվում բյուջեի հիմքում՝ առաջ քաշելով նույն թեզերը, որ պետք է պահպանողական լինի, ռիսկերը կառավարելի լինեն։ Դրա համար էլ ընդամենը 2.2 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշ էին դնում, որին անգամ չէին կարողանում հասնել։
 
- Էդ համեմատությունը, որ նախկինում ինչ-որ բաներ եղել են, ապա հանրակրթության պարտավորություն էլ է ունեցել կառավարությունը։ Եվ տրամաբանական է, որ չի մերժվել։ Հիմա, եթե նախկինում ինչ-որ բան է տեղի ունեցել, որը դրական է, առանձնահատկությունն ինչն է էս ժամանակահատվածի եւ էս կառավարությունների, որ ոչ թե համատարած մերժվել է ամեն ինչը, որը նախորդած է եղել ինչ-որ մի պահի, այլ մերժվել են նրանք, ինչը որ անթույլատրելի է եղել։ Բայց դա չի նշանակում, որ մենք զրոյից ենք սկսելու երկիր կառուցել։ Իհարկե, էն ժամանակ էլ է եղել մոտեցում, որ մենք պիտի կայունությունը համարենք առաջնահերթություն, որովհետեւ, եթե կայուն չեղավ, մենք զարգացման մասին չենք կարող մտածել։
 
- Հիմա նախորդների մոտեցումը ճի՞շտ էր այդ առումով։
 
- Նախորդի ու ներկայի մասին, ինձ թվում է, մենք պիտի որ հոգնած լինեինք խոսելուց, բայց հիմա էլի ասում եք՝ նախորդը ճի՞շտ էր, թե՞ ոչ։
 
- Մենք հոգնել ենք, ձեր կառավարությունը՝ ոչ։
 
- Նախորդի ժամանակ էլ, հիմա էլ կան ե՛ւ ճիշտ բաներ, ե՛ւ բաներ, որոնք շտկման կարիք ունեն նախորդի ժամանակ էլ, հիմա էլ։ Հիմա, որ ասում եք՝ նախորդի ժամանակ կայունությունը ճիշտ էր, թե ոչ, միանշանակ՝ ճիշտ էր։
 
- Հարցադրում եղավ, որ հիմա բյուջեի հիմքում դնում ենք 4.9 տոկոս աճ, որ ռիսկերը քիչ լինեն, բայց նույնկերպ կարելի է դնել 1.9 տոկոս, եւ վաղը, որ 2.5 տոկոս ապահովեք, ասեք՝ տեսեք, մենք մեր կանխատեսածից ավելին արեցինք։
 
- Էստեղ «դնելու» մասին չէ խոսքը, սրա տակ ընկած է կոնկրետ տրամաբանությունը, սա միայն թիվը չէ։ Խոսքը նրա մասին է, որ դրա տակ ընկած է որոշակի գաղափարախոսություն, եւ կանխատեսումներն արված են էսօրվա գիտելիքի պաշարը հաշվի առնելով։
 
- 2020 թ․ նախագծով բյուջեի դեֆիցիտը որքա՞ն է կազմելու։
 
- Դեֆիցիտն ակնկալվում է, որ ՀՆԱ-ի 2.6 տոկոսը կլինի, բացարձակ թվով՝ մոտ 182 միլիարդ դրամ։
 
- Վարչապետն ասաց, թե լավագույնի հույսով պետք է նախապատրաստվենք վատագույնին։ Հիմա մենք վատագույնի՞ն պետք է սպասենք, թե՞ լավին։
 
- Մենք հավասարակշռված մոտեցման կողմնակից ենք եւ մենք միարժեք լավին ենք սպասում, լավատես ենք եւ ավելի լավին, քան նույնիսկ էդ բարձր աճի սցենարով բացահայտված է։ Բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք անկառավարելի ռիսկերի գնալ կայունությունն ապահովելու տեսակետից։
 
- Այդ դեպքում վարչապետն ինչո՞ւ է ակնարկում վատագույնին պատրաստվելու մասին։
 
- Բացարձակ ակնարկ չկա, դա ուղղակի որպես մոտեցում է ներկայացվում, իմ ընկալումը, համենայնդեպս, դա է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ կայունության համար լրացուցիչ չհիմնավորված ռիսկեր առաջացնելու ճանապարհով այսօր լրացուցիչ պարտավորություններ ստանձնել։ Ոչ թե դա վատագույնի սպասում է, այլ ճիշտ հակառակը՝ լավագույնի եւ լավատեսական սցենար տեղի ունենալու սպասում է մեզ համար։
 
 
 
Աղբյուրը՝ hraparak.am