ԹԵԺ ԳԻԾ
Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքներ
19.07.2017
Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքներ

Հուլիսի 19-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում (հասցե՝ Աբովյան 64) ցուցադրվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պատմամշակութային արժեքներ:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ազգային պահուստի թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 նմուշ: Ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ հայկական ավանդական գոտիների (XIX դարավերջ-XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմական տարբեր շրջանների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները պատրաստված են ձուլման, փորագրման, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով: Ցուցադրվել են նաև կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ (XIX դարավերջ-XX դարասկիզբ)՝ պատրաստված հայ վարպետների կողմից, ինչպես նաև  դարասկզբի գործարանային արտադրության:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը։

Հիշեցնենք, որ նախորդ ցուցադրությունը նվիրված էր կանանց միամսյակին և տեղի ունեցավ ապրիլի 7-ին՝ Հայաստանի պատմության թանգարանում: Ցուցադրության էին հանվել կանացի գոտիներ ու վզնոցներ, ինչպես նաև ազգային պահուստի պատմամշակութային արժեքներից այլ նմուշներ: Գործակալության նախաձեռնությամբ նաև 2016 թվականին ավելի քան 100 պատմական նշանակություն ունեցող ոսկյա ու արծաթյա մանրադրամների ցուցադրություն էր կազմակերպել ԿԲ –ի այցելուների կենտրոնում:

«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը ընդգծել է, որ թանգարանային ցուցադրությունները կունենան փուլային բնույթ: Միաժամանակ,  Գանձարանի աջակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունում նախատեսվում է ստեղծել այսպես կոչված «Թանգարանային անկյուն», որտեղ պարբերաբար կցուցադրվեն գեղարվեստական բարձր արժեք ունեցող իրեր:

Հիշեցնենք նաև, որ 2016թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել նաև ցուցադրություններ Ռուսաստանի Դաշնությունում: