ԹԵԺ ԳԻԾ
14.09.2018
Երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրում ամուսինների տարիքային շեմը կբարձրանա, կանխավճարն ու վարկի տոկոսադրույքը՝ կնվազեն
Կառավարությունն այսօր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշում ընդունեց:
 
Ըստ նախագծի՝2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:
 
Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս Ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:
 
Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
 
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների ծրագրի համար պետությունն այս տարիների ընթացքում 2,4 միլիարդ դրամի ծախս է արել և 3342 միավոր գործարք է եղել:
 
Նա նշեց, որ ծրագրի տրամաբանությամբ Երևանում 2%-ն է սուբսիդավորվել, իսկ մարզերում՝ 4% : Առաջարկվում է նվազեցնել 10, 11% առավելագույն սահմանը` այն դարձնելով 9,5 %, ինչը նշանակում է, որ մարզերում մասնակցիները հնարավորություն կունենան հիպոտեկային վարկ ստանալ 5,5%, իսկ Երևանում` 7,5 %:
 
Նա հայտնեց, որ նախատեսվում է ավցելացնել նաև զույգերի տարիքային շեմը և ամուսինների տարիքի ընհանուր գումարը 65-ից դարձնել 70»,-ասաց նա:
 
«Հաջորդ նորամուծությունը վերաբերում է կանխավճարին, որը մինչ այժմ կազմել է 30%, իսկ հիմա կանխավճարի ապահովագրման ինստիտուտն է ներդրվում, այլ կերպ ասած՝ կանխիկ միջոցներով կանխավճար կարող է տրամադրվել 10%-ի չափով, իսկ 10-ից 30% տարբերության համար կարող է ներկայացվել ապահովագրություն, որը կբարելավի վարկառուի համար կանխիկ հոսքերի կառավարման հարցը»,-պարզաբանեց նա:
 
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս նախագծով հնարավորություն է ընձեռում նորակառույց շենքերում ևս ձեռք բերել բնակարան՝ որոշակի սահմանափակումներով և այդ դեպքում քաղաքացիները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիպոտեկային վարկի տոկոսավճար փոխհատուցումը օգտագործելու հանարվորությունից, բայց չի սուբսիդավորվելու և կարող են ձեռք բերել առավելագույնը 30 միլոն դրամով բնակարան:
 
Նյութի աղբյուրը՝ tert.am