ԹԵԺ ԳԻԾ
Եվրասիական տնտեսական միություն (EAEU)
02.03.2020
Եվրասիական տնտեսական միություն (EAEU)

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)–տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ մասին պայմանագիր)՝ ստորագրված 2014 թվականի մայիսի 29-ին քաղաք Աստանայում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու մասին պայմանագիրը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին: Այնուհետև՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին պայմանագրին է միացել նաև Ղրղզական Հանրապետությունը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 12-ից:

ԵԱՏՄ ստեղծված է ազգային տնտեսությունների բազմակողմանի կատարելագործման, համագործակցության, մրցունակության բարձրացման և կայուն զարգացման պայմանների ստեղծման նպատակով՝ ի շահ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման:

ԵԱՏՄ շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շարժը, ինչպես նաև ապահովվում է համակարգված կամ միասնական քաղաքականությունը տնտեսության տարբեր ճյուղային ոլորտներում:

ԵԱՏՄ մասին պայմանագրով ամրագրված Եվրասիական տնտեսական միության մարմիններն են՝

  • Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները,
  • Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ), որը հանդիսանում է մշտապես գործող ԵԱՏՄ մարմին, որն իր հերթին բաղկացած է Խորհրդից և Կոլեգիայից:
  • Եվրասիական տնտեսական միության դատարանը, որը հանդիսանում է մշտապես գործող ԵԱՏՄ դատական մարմին:

Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում  ԵԱՏՀ և ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև մյուս անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների կողմից ստորագրվել է ԵԱՏՀ-ին կից հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի, հարկային քաղաքականության և հարկային վարչարարության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Վիեննայի տնտեսության և բիզնեսի համալսարանի Ավստրիական և միջազգային իրավունքի ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական և հարկային գերատեսչությունների աշխատակիցների որակավորման բարձրացմանը:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին ք. Սանկտ-Պետերբուրգում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցություն է իրականացնում մի շարք երկրների հետ (Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության) հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման ուղղությամբ: Ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրեր են կնքվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության (ժամանակավոր ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր) հետ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ տնտեսական և առևտրային համագործակցության մասին: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունն ունի մի շարք երկրների հետ կնքված համագործակցության մասին հուշագրեր, որոնց նպատակն է հարփակ ստեղծել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, առևտրում առկա խոչընդոտների վերհանման և վերացման համար: Այպիսի հուշագրեր են կնված, մասնավորապես, Մոնղոլիայի, Կամբոջայի, Հորդանանի, Մարոկոյի, Չիլիի, Պերուի, Մոլդովայի, Թաիլանդի, Ֆարերյան Կղզիների, Կուբայի, Բանգլադեշի կառավարությունների, Ազգերի Անդյան համագործակցության, ԱՍԵԱՆ-ի և Խաղաղօվկիանոսյան ալիանսի հետ: 2018 թվականից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ-երկրի կարգավիճակ է ստացել Մոլդովայի Հանրապետությունը:

 

ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեցին դրա հիմնադրման մասին Համաձայնագիրը: Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից 11-ի (բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի) ղեկավարները՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրեցին վերոնշյալ Համաձայնագրին կից Արձանագրությունը, որով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետությունները, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը հավասարազոր հիմունքներով կազմեցին Անկախ պետությունների համագործակցությունը:  Նույն օրը, նշված երկրները ընդունեցին Ալմա-Աթայի Հռչակագիրը, որով ընգծեցին նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում համագործակցությանը  նվիրվածությունը, դրանով երաշխավորելով նախկին ԽՍՀՄ-ի միջազգային պարտավորությունների կատարումը:

1993թ. հոկտեմբերի 22-ին Մինսկում ընդունվեց ԱՊՀ կանոնադրությունը, որը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենիստանը: Վերջինս հանդիսանում է միայն ԱՊՀ ասոցացված անդամ: Վրաստանը միացավ ԱՊՀ-ին 1993թ. դեկտեմբերին, սակայն 2009թ. օգոստոսի 18-ին պաշտոնապես դադարեցրեց իր անդամակցությունը:

ԱՊՀ-ի կանոնադրությանն համապատասխան՝ Համագործակցության նպատակներն են.

- համագործակցություն քաղաքական, տնտեսական, էկոլոգիայի, հումանիտար, մշակույթային և այլ ոլորտներում,

- մասնակից-պետությունների համակողմանի և հավասարակշրված տնտեսական և սոցիալական զարգացում ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակներում, միջպետական զորակցություն և ինտեգրում,

- մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովում՝ միջազգային նորմերին և ԵԱՀԿ փաստաթղթերին համապատասխան,

- ռազմական ծախսերի և սպառազինության կրճատում, միջուկային զենքի և այլ -զանգվածային ոչնչացման զենքերի վերացում ընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելու համար,

- աջակցություն Համագործակցության մասնակից-պետությունների քաղաքացիներին ազատ շարժի և հաղորդակցությանն,

- փոխադարձ իրավական օգնություն և համագործակցություն այլ իրավական հարաբերությունների ոլորտներում,

- վեճերի և Համագործակցության մասնակից-պետությունների միջև հակամարտությունների խաղաղ կարգավորում:

Ներկայումս ԱՊՀ-ն հանդիսանում է միջազգային տարածաշրջանային կազմակերպություն և 1994թ. մարտից ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

ԱՊՀ-ի կանոնադրական մարմիններն են Պետությունների ղեկավարների խորհուրդը, Կառավարությունների ղեկավարների խորհուրդը, Արտաքին գործերի նախարարների խորհուրդը, Տնտեսական խորհուրդը, Պաշտպանության նախարարների խորհուրդը, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, Միջխորհրդարանական ասամբլեան և Տնտեսական դատարանը: ԱՊՀ մշտապես գործող մարմին է հանդիսանում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին կից Համագործակցության մասնակից-պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը:

ԱՊՀ-ն ունի շորջ 70 ճյուղային մարմիններ, որոնք համակարգում են մասնակից-պետությունների համատեղ զարգացումը տնտեսական, սոցիալական, հումանիտար, ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի և այլ կարևորագույն ոլորտներում:

Վերոնշյալ գործունեությունը համակարգելու նպատակով գործում է Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն՝ ԱՀՊ Գործադիր կոմիտեն, որը գտնվում է Մինսկում ունենալով իր մասնաճյուղը Մոսկվայում: 2007թ. հոկտեմբերից Սերգեյ Նիկոլայի Լեբեդևը ներկայանում է Գործադիր կոմիտեի Նախագահ – ԱՊՀ-ի Գործադիր քարտուղար:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության, մեկ տարի ժամկետով: 2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Թուրքմենստանին:

Անկախ պետությունների համագործակցության մարմինները ֆինանսավորվում են ԱՊՀ միասնական բյուջեից, որով ԱՊՀ մարմինների 2017թ. միասնական բյուջեի Հայաստանի Հանրապետության մասնակցության գումարը կազմում է՝ 11,47 մլն ռուբլի:

Հայաստանի Հանրապետությունը ակտիվ մասնակցություն ունի ԱՊՀ մասնակից-պետությունների կողմից ստորագրված համաձայնագրերի, պայմանագրերի և կայացրած որոշումների առնչությամբ: Այսպես՝ 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը լայն հնարավորություններ ընձեռեց Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար, ստեղծելով բացառիկ հնարավորություն առանց մաքսատուրքերի առևտրաշրջանառություն իրականացնելու այն պետությունների հետ, որոնք ստորագրել են տվյալ համաձայնագիրը, ստեղծելով միասնական կանոններ լիցենզավորման, կոդավորման, և այլ պահանջվող ցուցանիշների վերաբերյալ, հանելով արգելափակումները տնտեսվարող սուբյեկտների համար: Պայմանագրի կարևորությունը Հայաստանի համար առանձնահատուկ է, քանի վերջինս կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա, և ակնկալվում է, որ տարեցտարի «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի առկա սահմանափակումները կնվազեն: Նշենք նաև, որ «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի դրույթները այսուհետ համապատասխանեցվում են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին:

 http://www.minfin.am/hy/content/ankakh_petutyunneri_hamagortsakcutyun_cis_/#sthash.3myUqEAD.dpuf

 

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) ստեղծվել է 2009թ. Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից՝ բացասական ճգնաժամային հետևանքների վերացման և մասնակից-պետությունների տնտեսությունների երկարաժամկետ կայունության ապահովման և ինտեգրմանն աջակցելու նպատակով: Հիմնադրամը մասնակից-պետություններին տրամադրում է հետևյալ աջակցությունը.

- ֆինանսական վարկեր կառավարությունների պետական բյուջեին և/կամ վճարային հաշվեկշռին աջակցության համար;

- ներդրումային վարկեր մասնակից-պետություններին խոշոր միջպետական և ազգային ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար;

- դրամաշնորներ սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորման համար:

Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորման սահմանաչափը ՀՀ համար կազմում է 1107 մլն ԱՄՆ դոլար կամ Հիմնադրամի հասանելի միջոցների 13%-ը: Ներկայումս ստորագրված են 490 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի վարկային և 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային համաձայնագրեր:

Հիմնադրամում ՀՀ անդամավճարն է 1 մլն ԱՄՆ դոլար:

          Հիմնադրամի միջոցների կառավարիչն է Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Միջոցների կառավարիչ):

          Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝

  • Խորհուրդը,
  • Փորձագիտական խորհուրդը

Խորհրդում մասնակից-պետությունների լիազոր ներկայացուցիչներն են հանդիսանում ֆինանսների նախարարները: Հիմնադրամի խորհրդի նախագահն է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ա. Սիլուանովը, Փորձագիտական խորհրդի նախագահն է ՌԴ ՖՆ միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ա. Բոկարևը:

Ներկայումս ՀՀ և Միջոցների կառավարչի միջև ստորագված են հետևյալ համաձայնագրերը.

  1. «Հյուսիս-հարավ (4-րդ հերթ)» ավտոճանապարգային միջանցքի շինարարություն» նախագծի ֆինանսավորման համար Հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր: Վարկի գումարն է 150 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 1.65% տոկոսադրույք, ժամկետը՝ 20 տարի (որից 5-ը՝ արտոնյալ): Համաձայնագիրն ուժի մեջ մտել 09.10.2015թ., մինչ օրս գումարներ չեն մասհանվել:
  2. «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» ֆինանսավորման նպատակով Հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվել է 16.10.2015թ., վարկի գումարն է 40 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 2% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով (որից 10-ը՝ արտոնյալ): Ներկայումս վարկի գումարից մասհանված է 5.8 մլն ԱՄՆ դոլար:
  3. «Հիմանդրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է 04.11.2015թ., վարկի գումարն է 300 մլն ԱՄՆ դոլար, 2.1% տարեկան տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով (որից 10-ը՝ արտոնյալ): Վարկի գումարները տրամադրվել են 2015-2017թ.թ. ընթացքում՝ 3 հավասարաչափ մասնաբաժիններով (100-ական մլն դոլար): Ծրագիրն ավարտված է:
  4. «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիր(դրամաշնորհի գումարը՝ 1 մլն ԱՄՆ դոլար): Նշված նախագիծը հաղթող էր ճանաչվել Հիմնադրամի միջոցներից սոցիալական, առողջապահական, պետական կառավարման արդյունավետության բարձրացման, սննդի անվտանգության ուղղություններով դրամաշնորհների տրամադրման առաջին մրցույթում: Համաձայնագիրը ստորագրվել է 03.04.2018թ.:

Բացի վերը նշված ծրագրերից, հարկ է նշել, որ 12.11.2015թ. ՀՀ կողմից ներկայացվել է նախնական հայտ՝ Հիմնադրամի միջոցներից Մաստարայի ջրամբարի շինարարության ծրագրի համար ներդրումային վարկ ներգրավելու մասին: Ըստ նախնական հայտի՝ ներդրումային վարկի գումարը կկազմի 25.2 մլն ԱՄՆ դոլար: