ԹԵԺ ԳԻԾ
Եվրոպական միություն (EU)
19.04.2016
Եվրոպական միություն (EU)

Եվրոպական Միության (ԵՄ) հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր ձևաչափերով:

  1. ՀՀ և ԵՄ միջև ստորագրված տարբեր ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցություն` տարբեր մասնաբաժիններով: Յուրաքանչյուր մասնաբաժնի համար սահմանված են նախապայմաններ, որոնց իրականացման արդյունքում և տրամադրվում են ֆինանսական միջոցները: ԵՄ ընթացիկ բյուջետային աջակցության ծրագրերն են, մասնավորապես`
  • «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը - փուլ II» ԵՄ 2011թ. բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն եվրո է, այդ թվում` բյուջետային աջակցություն` 36.8 միլիոն եվրո, լրացուցիչ գործողությունների ֆինանսավորում` 8.2 մլն եվրո:
  • «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումներին - Փուլ II» 2012թ. ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն եվրո է, այդ թվում` բյուջետային աջակցություն` 25 միլիոն եվրո, լրացուցիչ գործողությունների ֆինանսավորում` 4 մլն եվրո:
  • «Աջակցություն ՀՀ գյուղատնտեսությանը և գյուղի զարգացմանը» 2013թ. ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը 25 մլն եվրո է, այդ թվում` բյուջետային աջակցություն` 20 միլիոն եվրո, լրացուցիչ գործողությունների ֆինանսավորում` 5 մլն եվրո:
  • «Աջակցություն Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը 17.275 մլն եվրո է, այդ թվում` բյուջետային աջակցություն` 15.7 միլիոն եվրո, լրացուցիչ գործողությունների ֆինանսավորում` 1.3 մլն եվրո, համաֆինանսավորումը դրամաշնորհի հնարավոր շահառուների կողմից` 275000 եվրո:
  • «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10.075 մլն եվրո, այդ թվում` ԵՄ բյուջետային օժանդակությունը` 10 մլն եվրո (որից` 8 մլն եվրոն` որպես բյուջետային աջակցություն, 2 մլն եվրոն` որպես լրացուցիչ գործողությունների ֆինանսավորում), համաֆինանսավորումը դրամաշնորհի հնարավոր շահառուների կողմից` 0.075 միլիոն եվրո:
  • «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20.750 մլն եվրո, այդ թվում` բյուջետային աջակցություն` 12 միլիոն եվրո, լրացուցիչ գործողությունների ֆինանսավորում` 8 մլն եվրո, համաֆինանսավորումը դրամաշնորհի հնարավոր շահառուների կողմից` 750.000 եվրո:
  1. ԵՄ հետ սերտ համագործակցության շրջանակներում Հայաստանը հիմնականում համագործակցում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ` արտոնյալ պայմաններով վարկային միջոցներին զուգահեռ ներգրավելով նաև դրամաշնորհներ Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) միջոցով, որոնք ներկայացվում են ստորև.

-  «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր - առաջին փուլ» - 5 մլն եվրո: Ծրագիրն ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը, մասնավորապես` մետրոյի շարժակազմի թարմացմանը, ռելսերի և էլեկտրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման մաշված համակարգերի նորոգմանը:

- «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր - երկրորդ փուլ» - 5 մլն եվրո: Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, թունելների վիճակի բարելավումը, տեխնիկական սպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը:

- «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» - 7.6 մլն եվրո: Ծրագիրն ուղղված է շուրջ 300.000 բնակչի համար խմելու ջրի որակի բարձրացմանը` հասցնելով այն միջազգային լավագույն ստանդարտներին:

- «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացում ծրագիր» - 12 մլն եվրո: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի արդիականացման հարցում` պետական սահմանն օրինական հատող մարդկանց և ապրանքների շարժի հեշտացմանը վերաբերող սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցման նպատակով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի (ՊՍԱԿ) գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:

- «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագիր - 5.5 մլն եվրո: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել ջրամատակարարման ցանցի վերականգնմանը Երևանում: Այն թույլ կտա նվազեցնել տեխնիկական ջրի կորուստները և բարելավել ջրի ու ջրահեռացման ծառայությունները:

- «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3 » - 15 մլն եվրո: Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի փոքր քաղաքներում և համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ենթակառուցվածքների վերականգնմանն ու կառուցմանը: 

- «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» - 3.5 մլն եվրո: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը` բարելավել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

- «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 1-ին փուլ - 10 մլն եվրո: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350 ՄՎտ՝ մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:

- «Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» - 8 մլն եվրո: Ծրագիրն իր բաղադրիչների միջոցով բարելավելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Մասնավորապես, նախատեսվում է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում, որը կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

-  «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ծրագիր - 12 մլն եվրո (6 մլն եվրո` ներդրումային դրամաշնորհ և 6 մլն եվրո` տեխնիկական աջակցություն): Դրամաշնորհային միջոցներն ուղղված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի (27.3 կմ երկարությամբ) ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: