ԹԵԺ ԳԻԾ
12.02.2018
Ֆինանսների նախարար Արամյանը հնարավոր է համարում պետական պարտքի կրճատումը հաջորդ տարի
2018 թվականին Հայաստանին կհաջողվի 1 տոկոսային կետով կրճատել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարում սկսվեց բյուջետային կոնսոլիդացիան, որը կոնսերվատիվ մոտեցում է ենթադրում ծախսերի հարցում և ուղղված է պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության կրճատմանը: Ներկա պահին այդ հարաբերակցությունը 54.5 տոկոս է կազմում: «Կոնսոլիդացիան իրականացվել է մակրոտնտեսական կայունության և հարկերի՝ առանց տնտեսական իրավիճակի խեղաթյուրման հավաքագրման ապահովման սկզբունքով»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 2018 թվականի բյուջետային ծախսերը գերազանցել են 100 մլրդ դրամը, բայց միևնույն ժամանակ հնարավոր է եղել 30 մլրդ դրամով նվազեցնել ընթացիկ ծախսերը և ավելացնել պետական բյուջեի կապիտալ ծախսերը:
«2017 թվականին կապիտալ ծախսերի ավելացումը կայուն մակրոտնտեսական միջավայրի ապահովման համար նախադրյալներ ստեղծեց, և եթե այդ միտումը պահպանվի, Հայաստանի տնտեսական աճը կհասնի ոչ թե 3-4 տոկոսի, այլ՝ 5-6 տոկոսի»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 2018 թվականի բյուջեյում կարևորվում են կապիտալային և ոչ թե ընթացիկ ծախսերը, ինչը թույլ կտա հասնել տնտեսության կայուն երկարաժամկետ աճի տեմպերի և, որպես հետևանք, սեփական եկամուտների գեներացման հաշվին անընդհատ տեմպերով բարձրացնել աշխատավարձերի և կենսաթոշակների մակարդակը:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում աշխատավարձերն ու թոշակները չեն աճել և հաջորդ 5-10 տարիների ընթացքում այդ մասին չխոսելն անընդունելի է, սակայն դրա համար մենք պետք է վստահ լինենք, որ մեր տնտեսությունն աճում է կայուն տեմպերով»,- ասաց Արամյանը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի գերակատարվել էր նաև հարկերի հավաքագրման ցուցանիշը: Նախատեսված 1.135 տրիլիոն դրամի փոխարեն հաջողվեց 156 տրիլիոն դրամ հարկ հավաքել: Դրանից 6 մլրդ դրամն աշխատող քաղաքացիներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվող ամսական 1000 դրամներից էր կազմված: «Սա 0.2-0.4 տոկոսով բարելավել է ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը, սակայն վերջնականը կորոշվի միայն մարտին»,- ամփոփեց նախարարը:
 
Նյութի աղբյուրը՝ blognews.am