ԹԵԺ ԳԻԾ
27.05.2019
Fitch-ը պահպանել է Հայաստանի B+ վարկանիշն ու «դրական» հեռանկարը
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ:
Միաժամանակ, Fitch-ը շնորհել է Հայաստանին արտարժույթով եւ տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ, իսկ երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում:
 
Գործակալության բնորոշմամբ՝ շնորհված վարկանիշն արտացոլում է երկրի վարած «հուսալի մակրոտնտեսական քաղաքականությունը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելացումն ու կառավարման ավելի բարվոք ցուցանիշները, ինչպես նաեւ պետական պարտքի բարձր բեռն ու որոշ հարեւան երկրների հետ լարված հարաբերությունները»:
 
Մյուս կողմից, վարկանիշի «դրական» կանխատեսումը պայմանավորված է «քաղաքական լուրջ փոփոխությունների պայմաններում որոշ ինստիտուտների կողմից մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանմամբ, աճի ավելի բարձր ցուցանիշի սպասելիքներով, ինչպես նաեւ պետական պարտքի կրճատմանն ուղղված միջնաժամկետ ծրագրով»:
 
«Երկրի խոցելիությունն արտաքին ռիսկերի նկատմամբ վերստին ավելացել է՝ կապված 2018թ. ընթացիկ հաշվի դեֆիցիտի կտրուկ ընդլայնման հետ, որը, սակայն, մասամբ կարող է պայմանավորված լինել վիճակագրական խնդիրներով»,- գրում է Fitch-ը:
 
Կանխատեսվում է, որ բյուջեի պակասուրդը 2019-ին որոշակիորեն կավելանա եւ կհասնի ՀՆԱ-ի 2,3%-ին՝ կապված ծախսային մասի ավելացմամբ: Ծրագրված հարկային բարեփոխումները կհանգեցնեն եկամուտների կորստի, ինչը, սակայն, կարող է չեզոքացվել արդյունավետ հարկային վարչարարությամբ:
 
«Կառավարությունը գերակատարել է 2018թ. բյուջեի պակասուրդի իր թիրախը՝ 2,7%-ի փոխարեն արձանագրելով 1,6% դեֆիցիտ՝ պայմանավորված նոր կառավարության կողմից ծախսերի վերանայմամբ՝ կապիտալ ծախսերի կրճատմամբ եւ եկամուտների ավելացմամբ՝ բարձր տնտեսական աճի եւ հարկային վարչարարության բարելավման հաշվին»,- կարծում է գործակալությունը:
 
Fitch-ն ակնկալում է, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի՝ 2019-ին հասնելով ՀՆԱ-ի 55,5%-ին, իսկ 2020-ին՝ 54,5%-ին:
 
«Մեր կանխատեսմամբ՝ իրական ՀՆԱ-ի աճը Հայաստանում որոշակիորեն կդանդաղի, 2019-ին կազմելով 4,6%, 2020-ին՝ 4,5%: Դրամական փոխանցումների նվազումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն մասնավոր սպառման կրճատմանը: Մյուս կողմից, Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր վերագործարկումը մեր տնտեսական կանխատեսումը դարձնում է «ռիսկային»»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրությունում:
 
 
 
Նյութի աղբյուրը՝ banks.am