Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Գործարարները հարկերին առնչվող ցանկացած տեղեկություն կստանան նոր էլեկտրոնային ուղեցույցներից
22.11.2019
Գործարարները հարկերին առնչվող ցանկացած տեղեկություն կստանան նոր էլեկտրոնային ուղեցույցներից

Հայաստանյան գործարարներն այսուհետև հնարավորություն ունեն հարկերին, հարկատեսակներին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալ օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներից՝ շատ կարճ ժամանակում, առանց ավելորդ վարչարարության:

Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում մշակված ուղեցույցները ներկայացվեցին Երևանում նոյեմբերի 22-ին:

«Հիմնական հարկատեսակներին վերաբերող ուղեցույցները մշակվել են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի», Հայաստանում Միացյալ թագավարության դեսպանության, ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և «PwC  (PricewaterhouseCoopers) Հայաստան» ընկերության միացյալ ջանքերով: Ուղեցույցներն, ըստ էության, գալիս են ձևավորելու նոր մշակույթ հարկ վճարող և հարկային մարմիններ հարաբերություններում: Սա մի հնարավորություն է, որն օգտագործելով՝ հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի, ավելի հասկանալի հարկային միջավայրում։ Գործնական օրինակներով, իրավիճակային լուծումներով ներկայացվում են հարկային օրենսդրության հիմնական կարգավորումները»,-ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ուղեցույցները ներկայացված են էլեկտրոնային տարբերակով՝ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում՝ հայերեն և անգլերեն տարբերակներով: Հարկ վճարողները առանց հարկային մարմնի թեժ գիծ զանգահարելու, նամակ ուղարկելու, առանց ժամանակ կորցնելու կարող են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին գործնական օրինակներով ու գծապատկերներով ծանոթանալ  ուղեցույցների միջոցով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ հարկային օրենսդրության փոփոխությունների համահունչ ուղեցույցներում կիրականցվեն թարմացումներ: «ՊԵԿ-ն ունի հարկային օրենսդրության դրույթների իրազեկման գործառույթ և պարտավորություն: Ֆինանսների նախարարությունն ունի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու իրավասություն և պարտականություն: Բայց դրան զուգահեռ լինում են հաճախ հանդիպող հարցեր, և ուղեցույցների նպատակն այն է, որ յուրաքանչյուրն անհատական չդիմի ու միայն իր համար ստանա պատասխանը»,-ասաց նա ու հավելեց՝ ուղեցույցներում տրվում են պարզեցված բացատրություններ՝ օրինակներով, մանրամասն, քան հնարավոր է ունենալ իրավական ակտում գրված տեքստով:

Երևանում Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը նշեց, որ աջակցում են ՀՀ կառավարությանը՝ ավելի կայուն տնտեսական միջավայր ձևավորելու հարցում, որը կնպաստի տնտեսական աճին ու առանձին ոլորտների զարգացմանը: «Այս ծրագրով խորհրդատվական աջակցություն է տրամադրվել ՊԵԿ-ին, Ֆինանսների նախարարությանը՝ խթանելու հարկային ավելի լավ համապատասխանությունը, ապահովելու հարկային օրենսդրության ճիշտ կիրարկումը և օգնելու հարկատուներին հասկանալ, թե կարգապահ լինելու համար ինչ է պետք անել»,-եզրափակեց նա:

Աղբյուրը՝ Armenpress.am

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)