ԹԵԺ ԳԻԾ
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD)
02.03.2020
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD)

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ) հիմնադրվել է 1977 թվականին: ԳԶՄՀ-ն Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զարգացող երկրներում գյուղական բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարը:

ԳԶՄՀ ունի 177 անդամ պետություն: ԳԶՄՀ-ի միջոցները գոյանում են անդամ և այլ պետությունների ու կազմակերպությունների կամավոր ներդրումներից: Հայաստանի Հանրապետությունը ԳԶՄՀ-ին անդամակցում է 1993 թվականից, գտնվում է զարգացող երկրների (c2) ցուցակում:

ՀՀ և ԳԶՄՀ  միջև համագործակցության շրջանակներում  1995 թվականից ի վեր ԳԶՄՀ-ի միջոցներով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել և իրականացվում է թվով 7 ծրագիր` 89.51 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: ԳԶՄՀ-ի փորձը ցույց է տվել, որ գյուղատնտեսությանն էական աջակցության տրամադրումը արդյունավետ միջոց է աղքատության արագ կրճատման համար: Այդ միջոցները հատկապես կենտրոնացվում են երկրի ամենաաղքատ գյուղական շրջանների վրա, հիմնականում` բարձրավանդակներում և սահմանամերձ շրջաններում: Ներդրումների նպատակը արտադրության և արտադրողականության ավելացումն է մասնավոր հատվածի զարգացման միջոցով, ինչը դիտարկվում է որպես աղքատության կրճատման հիմնական գործիք:

ԳԶՄՀ աջակցությամբ ՀՀ-ում իրականացված ծրագրերն են`

  • «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր»
  • «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին»
  • «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր»
  • «Գյուղատնտեսական ծառայություների ծրագիր»
  • «Հյուսիս-արևմտյան գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր»
  • «Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր»

ԳԶՄՀ-ի աջակցությամբ ՀՀ-ում ներկայումս իրականացվում է          Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիրը, որի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը՝ Ծրագրի իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրը բաղկացած է հետևյալ 4 բաղադրիչներից`

  1. Գյուղական ֆինանսավորում,
  2. Գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք,
  3. Ֆերմերների իրազեկումև աջակցություն,
  4. Ծրագրի կառավարում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 52.8 մլն ԱՄՆ դոլար է, որից ԳԶՄՀ մասնաբաժինը կազմում է 11.35 մլն ԱՄՆ դոլար (փոխառություն` 11.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհ` 0.35 մլն ԱՄՆ դոլար):