ԹԵԺ ԳԻԾ
Համաշխարհային բանկ (WB)
19.04.2016
Համաշխարհային բանկ (WB)

Համաշխարհային բանկը (ՀԲ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենախոշոր վարկատուներից մեկը: Բանկի խումբը բաղկացած է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ), Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), Միջազգային ֆինանսական կորպորացիայից, Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալությունից և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնից:

1992թ. սեպտեմբերի 16-ին ստորագրելով ՎԶՄԲ-ի Համաձայնագրի հոդվածները՝ ՀՀ-ն դարձավ Բանկի 168-րդ անդամ պետությունը: Մինչ այժմ Բանկի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 89 ծրագրեր (փակված են) և  24  ծրագրեր ընթացիկ փուլում են գտնվում (ակտիվ են): Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում Բանկի կողմից ՀՀ-ին տրամադրած ֆինանսավորման չափը կազմում է ավելի քան 2.21 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկի կողմից տրամադրված վարկերը, փոխառությունները, ինչպես նաև դրամաշնորհները ներգրավել են տնտեսության տարբեր ոլորտներում (աղետի գոտու վերականգնում, էներգետիկա, տրանսպորտ, կրթության բարելավում, գյուղատնտեսություն, ոռոգման համակարգեր, ջրամատակարարում և ջրահեռացում, սոցիալական ոլորտ, պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, փոքր ու միջին ձեռներեցություն և այլն) նպատակային ներդրումային ծրագրերի և անմիջականորեն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով: 2017թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ Համաշխարհային բանկի հանդեպ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 1,705,390,534.04 ԱՄՆ դոլար, որից՝

  • ՎԶՄԲ-ի հանդեպ՝ 601,681,924.41 ԱՄՆ դոլար
  • ՄԶԸ-ի հանդեպ՝ 1,103,708,609.63 ԱՄՆ դոլար:

2016-2017թթ. ընթացում ՀՀ և ՀԲ-ի միջև իրականացված և իրականացվող համագործակցությունը ներառում է հետևյալը.

  1. ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի 2016թ. փետրվարի 23-ին ստորագրվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագիրը` 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները Հայաստանի ընտրված մարզերի տեղական տնտեսություններում՝ զբոսաշրջության ավելի մեծ մասնակցության միջոցով:
  2. ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև 2016թ. մայիսի 12-ին ստորագրվել է «Էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի» վարկային համաձայնագիրը, 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է սատարել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերը՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով:
  3. ՀՀ և ՀԲ-ի (ՎԶՄԲ և ՄԶԸ) միջև 2016թ. օգոստոսի 29-ին ստորագրվել է «Հայաստանում Մաստարայի ջրամբարի նախապատրաստման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիրը՝ 670.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարի չափով: Ծրագրի նպատակն է բարձրացնել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանավորվող Մաստարայի ջրամբարի ծրագրի պատրաստվածության աստիճանը` ինչպես նաև ընդլայնել «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի» ծրագրերի նախապատրաստման և իրականացման կարողությունները:
  4. ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրվել է «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով` (ա) հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և (բ) մրցունակության ամրապնդում:
  5. ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև հոկտեմբերի 13-ին ստորագրվել է «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ՇԶՀ ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը՝ 2,428,300 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարի չափով: Ծրագրի նպատակն է զարգացնել հարավային Հայաստանի համայնքների կարողությունները` համայնքի բնակիչներին կայուն հանրային ենթակառուցվածք և ծառայություններ ապահովելու համար:
  6. ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև 2017թ. մարտի 23-ին ստորագրվել է «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը՝ 1,800,000 ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման կարողությունները և համակարգերը՝ վերջինիս հնարավորություն տալով իրականացնել փաստերի վրա հիմնված գյուղատնտեսական քաղաքականության վերլուծություններ և ձևակերպում:
  7. 2017թ. ապրիլի 28-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է նաև «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» դրամաշնորհի համաձայնագիրը, որի շրջանակներում ՎԶՄԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 3,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի նպատակը Հայաստանի ազգային վիճակագրական համակարգում կարողությունների և ՀՀ ԱՎԾ-ի աշխատակազմի մասնագիտական կարողությունների հետագա բարելավումն է՝ միջազգային չափանիշներին համահունչ վիճակագրությունը ժամանակին ստանալու և տարածելու համար:
  8. 2017թ. ապրիլի 21-ից 23-ը Վաշինգտոնում տեղի են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի/Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումները: Նշյալ հանդիպումները հարթակ են ծառայում քննարկելու աշխարհի տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր: