ԹԵԺ ԳԻԾ
25.01.2019
Հարկը կգործի հետին թվով, կամ ինչպես ՀՀ ֆինանսների նախարարությունը կօգնի ավտովաճառողներին
20%–անոց եկամտային հարկի փոխարեն փաստացի հարկը կնվազի մինչև 1%։ Ընդ որում` օրենքը հետին ուժ կունենա, և այդ հարկը կգանձվի նաև այն ավտոմեքենաների համար, որոնք վաճառվել են 2018 թվականի հուլիսի 1-ից։
 
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանում մեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար կսահմանվի 1%–ի հարկման համակարգ։ Նման փոփոխություններ են նախատեսվում Հանրապետության Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում։
 
Փոփոխությունները վերաբերում են այն ավտովաճառողներին, որոնք չեն ձևակերպվում որպես անհատ ձեռներեց` հարկերը չվճարելու համար, սակայն տարեկան մեկ մեքենայից շատ վաճառելու դեպքում պարտավոր են ԱԱՀ վճարել, քանի որ ֆինանսների նախարարությունում կարծում են` եթե մարդը տարեկան մեկ մեքենայից շատ է վաճառում, նշանակում է` նա վաճառող է։
 
Այժմ նրանց համար առաջարկում են սահմանել 1% եկամտահարկ, սակայն ոչ պակաս, քան 100 դրամ մեկ ձիաուժի դիմաց։ Հաշվի առնելով, որ Հայաստանում միջինը մոտավորապես 150 ձիաուժ հզորությամբ մեքենաներ են վարում, հարկը կարող է շուրջ 15 հազար դրամ կազմել։
 
Սակայն, մաքսային տվյալների համաձայն, Հայաստան ներկրվող մեքենաների 80%–ից ավելին 5 հազար դոլարի չեն հասնում։ Դրանց վրա շատ գումար չես աշխատի (առավելագույնս 500 դոլար)։ Ֆինանսների նախարարությունում դա հասկանում են, այդ պատճառով 1% հարկը կփոխարինի 20%–անոց ԱԱՀ–ին։
 
«Ավելին, մենք ուզում են հարկն ուժի մեջ մտցնել 2018 թվականի հուլիսի 1-ից`հետին թվով։ Այդպես մենք կվերահաշվարկենք հարկային պարտքերը, որոնք այս ամիսների ընթացքում կուտակվել են ավտովաճառողների մոտ։ Այդպես նրանք կկարողանան գոնե ինչ–որ կերպ մարել դրանք», – հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
 
Նշենք, որ մեքենաներ ներկրողները վերջին ամիսների ընթացքում մի քանի բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և ՊԵԿ–ի դիմաց։
 
 
Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am