Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հավանության է արժանացել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
27.09.2018
Հավանության է արժանացել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով նախագիծը կառավարության նիստի ժամանակ, նշել է, որ այն մշակվել է` հաշվի առնելով մի շարք նոր հանգամանքներ: Առաջինը հարկաբյուջետային կանոններն են, համաձայն որի պետք է իրականացվի այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, կունենա պարտքը կայունացնող միտում: «Տրամաբանությունն այն է, որ մենք պետք է պարտք վերցնենք նոր հնարավորություններ գեներացնելու համար, այսինքն` որպես կանոն, կապիտալ ծախսերի համար, և մենք պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար», - ասել է ֆինանսների նախարարը:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` հաջորդ առանձնահատկությունն այն է, որ սկսած 2019 թվականից բյուջեն օրենքի մեջ ներկայացվելու է ծրագրային ձևաչափով:

Ատոմ Ջանջուղազյանը նաև ընդգծել է, որ արտաբյուջետային հաշիվների նախագծերը նախկինում հաստատել է կառավարությունը: Այժմ արտաբյուջետային հաշիվների նախագծումը դարձել է պետական բյուջեի նախագծի մաս, և նախատեսվում է, որ այն պետք է հաստատի Ազգային Ժողովը:

«Մակրոշրջանակը, որը ներկայացված է նախագծում, ըստ էության արտացոլված է 2019-2021թթ. ՄԺԾԾ-ում: Փոփոխություններ կան, մասնավորապես, արտաքին տնտեսական զարգացումների և ներքին զարգացումների գործոնների մասով», - նշել է նախարարը:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` 2018 թվականի տնտեսական աճը վերանայվել է, և ակնկալվում է, որ 4.5 տոկոսի փոխարեն այն կկազմի 6.5 տոկոս: 2019 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է 4.9 տոկոս:

Նախարարը նշել է, որ կապիտալ ծախսերը 2019 թվականին կավելանան 2018 թվականի համեմատությամբ: 2018-ին ակնկալվող ՀՆԱ-ի 2.3 տոկոսի փոխարեն 2019 թվականին այն կկազմի 3 տոկոս:

Եկամուտները կկազմեն մոտ 1 տրիլիոն 462 միլիոն դրամ (որից մոտ 1 տրիլիոն 396 միլիոն դրամը` հարկային եկամուտներ), որը թույլ կտա իրականացնել ծախսեր 1 տրիլիոն 614 միլիոն դրամի չափով: Բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2.2 տոկոսը կամ 151 տրիլիոն դրամ:

Ծախսերի կառուցվածքում հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական և մշակութային ծախսերին` ընդհանուր ծախսերի մոտ 44 տոկոսը: Ակնկալվում է, որ ծախսերի մոտ 24 տոկոսը կօգտագործվի պաշտպանության, հասարակական կարգի և անվտանգության հարցերի համար, մոտ 12.3 տոկոսը` տնտեսության իրական հատվածի, մոտ 10 տոկոսը` պետական պարտքի սպասարկման համար: 3.2 տոկոսը կհատկացվի համայնքների բյուջեներին սուբսիդիաների ձևով: Պետական մարմինները կօգտագործեն պետական բյուջեի ծախսերի 5.8 տոկոսը:

«Այսպիսի հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ կառավարության պարտքը կկայունանա 50 տոկոսի սահմաններում», - ընդգծել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանւուղազյանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)