ԹԵԺ ԳԻԾ
26.12.2018
Հայաստանի պետպարտքը 2019-ի վերջին կկազմի մոտ 7,5 միլիարդ դոլար․ Ֆիննախ

Հայաստանի իշխանությունները մտադիր են մյուս տարի ավելացնել երկրի պետական պարտքը, և Ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ 2019 թվականի ավարտին Հայաստանի քաղաքացիները կունենան մոտ 7,5 միլիարդ դոլար պետական պարտք:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը մանրամասնեց, որ այդ թիվն իր մեջ ներառում է Հայաստանի կառավարության ու Կենտրոնական բանկի արտաքին ու ներքին պարտքերը:

«Եթե տեղի ունենան բոլոր էն ենթադրությունները, որ մենք կատարել ենք՝ դնելով հաշվարկի հիմքում, հատկապես զուտ փոխառումների ճանապարհով պարտքի ավելացման հաշվին, պետական պարտքը 2019 թվականի վերջին կկազմի մոտավորապես 7,5 միլիարդ դոլար, որից 6,913-ը Կառավարության պարտքն է», - ասաց Մարգարյանը: 

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 765 միլիոն 500 հազար դոլար, ինչը, ի դեպ, անցած տարվա վերջի համեմատ պակաս է 9 միլիոն 100 հազար դոլարով: Եթե մինչև տարվա վերջ Հայաստանի պետական պարտքը չաճի, ապա նախորդ տարիների ընթացքում 2018-ը կդառնա այն եզակին տարին, երբ հանրապետության պետական պարտքը նվազել է:

Համեմատության համար նշենք, որ 2008 թվականի վերջին, այսինքն Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու տարում, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 1,9 միլիրադ դոլար: Այս տարվա ապրիլի վերջին այն կազմում էր 6 միլիարդ 867 միլիոն դոլար կամ ավելի քան 3,6 անգամ շատ:

Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց այս տարվա ապրիլի 23-ին՝ բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում:

Արշալույս Մարգարյանը նշեց, որ «2019 թվականի փոխառությունների տարեկան ծրագրի» համաձայն, միայն կառավարությունը մտադիր է գալիք տարի վերցնել շուրջ 490 միլիոն դոլարի պարտք և մյուս տարի էլ մտադիր է մարել 175 միլիոն դոլարի պարտք: Ստացվում է, որ մյուս տարի միայն կառավարությունը պետպարտքը ավելացնելու է մոտ 315 միլիոն դոլարով․ - «Նույն աղյուսակում մենք ներկայացրել էինք տարվա փոխառությունները, որը իրոք 490 միլիոն դոլարին մոտ թիվ է, և տակը գրված էր մարումների թիվը: Իհարկե, պարտքը ավելանալու է «ներգրավում հանած մարում» մեծության չափով, և այդտեղ խոսքը վերաբերում է բացառապես կառավարության պարտքին, Կենտրոնական բանկը առանձին է հաշվառում իր պարտքը: Այդ 315 միլիոն դոլարի մեջ ներառված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից ներգրաված գումարները»: 

Ըստ պաշտոնյայի, պետական պարտքի մարման առումով առանձնանալու են 2020 և 2025 թվականները: 2020-ին Հայաստանի քաղաքացները պետք է մարեն մոտ 800 միլիոն դոլար, շուրջ 730 միլիոն դոլար էլ՝ 2025-ին․ - «Այդպիսի պիկերը համընկնում են մեր թողարկած եվրոբոնդերի մարումների հետ․․․ Եվ դրանից 500 միլիոնը եվրոբոնդերի մարման մայր գումարն է: Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա ֆիքսվել էդ թվերի վրա ու շատ անհանգստանալ դրա համար, որովհետև եթե Հայաստանը արդեն հայտնվել է միջազգային ֆինանսական շուկաներում, նա մշտական ներկայություն ա ունենալու էդ շուկաներում»: 

Հարցին, թե արդյոք ստացվում է, որ 2020 թվականի պարտքը կառավարությունը մտադիր է մարել նոր պարտք վերցնելով, Մարգարյանն արձագանքեց․ - «Եթե դուք ծանոթ եք պետական պարտքի կառավարման ռազմավարությանը, ապա էդ ռազմավարություններում արդեն երեք տարի անընդմեջ մենք գրում ենք, որ հիմնական սխեման պարտքի մարման լինելու է նոր թողարկումը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ դա միակ սխեման է: Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տարբեր հաշվարկներ ենք իրականացնում, ասենք, նույն ռազմավարության մեջ նշած ներքին պարտքի տեսակարար կշռի մեծացման տեսանկյունից․ կարո՞ղ ենք արդյոք մենք ներքին շուկայում լրացուցիչ թողարկումների ճանապարհով մարել եվրոբոնդերի այդ տրանշը 500 միլիոնանոց, կարո՞ղ ենք արդյոք դոնորներից էժան փող ներգրավելով մարել այդ պարտքը: Բայց որպես հիմնական այսօր դիտարկվում է նոր թողարկման հնարավորությունը»:

 

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am