ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը
14.06.2018
ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը

Հունիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 23 դեմ ձայների համամասնությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

2017 թվականի համար կանխատեսվել էր ունենալ 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն սպասելիքները գերազանցվել են և տարեվերջին այն կազմել է 7,5 տոկոս:

Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1 տոկոս, միջին ամսական աշխատավարձը՝ 195 074 դրամ, գործազրկության մակարդակը նվազել է 0,2 տոկոսային կետով և կազմել 17,8 տոկոս, արտահանումն աճել է 22,1, ներմուծումը՝ 28,8 տոկոսով:

Կանխատեսվել էր եկամուտների 1 տրիլիոն 210 մլրդ դրամի ծրագրային ցուցանիշ, ճշտված ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 320,9 մլրդ դրամ, փաստացի՝ 1 տրլն 237,8 մլրդ դրամ:

Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360,1 միլիարդ  դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի կազմել են 1 տրիլիոն 504,8 միլիարդ դրամ. 27,2 տոկոսը հատկացվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի իրականացմանը:

Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240,2 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է  267 միլիարդ դրամ, որը ֆինանսավորվել է ներքին և արտաքին աղբյուրներից:

ՀՀ պետական պարտքը 2017 թվականի վերջին ունեցել է 6 մլրդ 775 մլն դոլարի մեծություն, որի մեջ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 6 մլրդ 173 մլն դոլար: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: