ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը Gulf News օրաթերթին
11.04.2018
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը Gulf News օրաթերթին

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող և Միջին Արևելքի ու Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ «Այնտեղ, ուր արևելքը հանդիպում է արևմուտքին» խորագրով: Հասանելի է թողարկման ինչպես 250 հազար օրինակ տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակը: Երկրի ներդրումային առավելությունները և բիզնես միջավայրը ներկայացնող հոդվածները պատրաստել է «Global FDI Reports» գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալլարդոն։ Վերջինս հարցազրույց է ունեցել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:

- Վերջին երկու տարիներին Դուք զբաղեցրել եք ֆինանսների նախարարի պաշտոնը: Որո՞նք են Ձեր ամենամեծ հաջողությունները:
- 2016 թվականը թույլ տարի էր տնտեսական աճի տեսանկյունից, բայցևայնպես մենք իրականացրինք հարկաբյուջետային քաղաքականություն, որը թույլ տվեց անբարենպաստ միջավայրում խուսափել անկումից: Այսպիսով, մեր առաջին քայլն էր ապագա տնտեսական աճի համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և տնտեսության կայուն վերականգնման ապահովումը, ինչն էլ 2017 թվականին մեզ հաջողվեց իրագործել: Իրականում նախորդ տարի մենք գերակատարում ենք ունեցել տնտեսական աճի, հարկերի հավաքագրման և մեր կողմից թիրախավորված այլ ոլորտների մասով: Մենք ամրապնդել ենք հարկաբյուջետային շրջանակը և Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) հետ համատեղ ներկայացրել հարկաբյուջետային կանոններ: Կարող եմ բնորոշել մեզ որպես չեմպիոններ տարածաշրջանում հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման տեսանկյունից: Մեր նախորդ կարգավորումը չափազանց կոշտ էր, և դա տուգանում էր տնտեսական աճն ու աճի հնարավորությունները: Այսպիսով, մենք հետևեցինք այլ երկրների վարքագծին, որպեսզի դասեր քաղենք նրանցից և սխալները չկրկնենք, ինչպես, օրինակ, Հունաստանի դեպքում էր, որը 5 տարի անընդմեջ անկում էր ապրում:

- Ի՞նչ ազդեցություն ունի այս նոր հարկաբյուջետային շրջանակը ներդրողների տեսանյունից:
- Մենք ներկայացրել ենք նոր ֆիսկալ կանոններ ընդամենը չորս ամսվա ընթացքում` տեխնիկական աջակցություն ստանալով ԱՄՀ-ի կողմից և հասարակական քննարկումներ անցկացնելով քաղաքական գործիչների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների, ներդրողների և հասարակության այլ դերակատարների հետ: Մենք օրենսդրություն մշակեցինք, և դեկտեմբերին այն ընդունվեց խորհրդարանի կողմից: Այս հարկաբյուջետային շրջանակի առավելությունն այն է, որ այն վստահություն է ներշնչում ներդրողներին` հավաստելով, որ անկախ նրանից, թե ով է ֆինանսների նախարարը, հարկաբյուջետային քաղաքականությունը միշտ լինելու է խելամիտ, հակացիկլիկ և ապահովելու է մակրոտնտեսական կայունությունը: Եվ մենք այս փիլիսոփայությունը կիրառեցինք միկրո մակարդակում` համագործակցելով նախարարների հետ, որպեսզի տեսնենք, թե նրանք ինչպես պետք է կառուցեն իրենց ծրագրերը: Այլ կերպ ասած, մենք քաղաքականության մշակման և իրականացման համար որդեգրեցինք կանոնների վրա հիմնված մոտեցում: Եվ եթե նման կանոնները հստակ և հասկանալի են «խաղի» բոլոր մասնակիցների համար, ինչպես` բիզնեսները, տնային տնտեսությունները, պետական մարմինները և այլն, ապա այն կբարձրացնի վստահությունը քաղաքականության նկատմամբ և կնպաստի արդյունավետության բարձրացմանը և տնտեսական գործակալների ընդհանուր գործունեությանը:

- Որո՞նք են ապագայի համար ամենամեծ մարտահրավերները:
- Մարտահրավերներից մեկը, որն ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա, կրիպտոարժույթների բարձրացումն է: Տարբեր տեսակետներ կան վերջինիս և նոր տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպիսին է Blockchain-ը` լայն տարածում գտած թվային ակտիվների համակարգչային ծրագիրը: Բայց մենք պետք է հետևենք, թե որքան արագ է այս երևույթը զարգանում: Կրիպտոարժույթների շուկան ունի 500 միլիարդ դոլարի չափով շուկայական կապիտալիզացիա, որի մակարդակը ֆիքսված եկամուտներով շուկայի համեմատ շատ ցածր է, բայց այն դեռևս զարգանում է շատ արագ տեմպերով, և մենք պետք է հաշվի նստենք դրա հետ: Դուք աշխարհում չեք գտնի որևէ ֆինանսների նախարար կամ կենտրոնական բանկի ղեկավար, ով կողջունի կրիպտոարժույթների` իրական տնտեսական կյանքին միջամտելը, բայց եթե այդ գործընթացը անկասելի է, ապա մենք պետք է ճանապարհներ գտնենք այն կառավարելու համար: Ավելի ու ավելի շատ մարդիկ և բիզնեսներ են հակված կիրառել այդ հարթակները, այնպես որ մենք պետք է կառավարենք գործընթացը` առանց խոչընդոտներ ստեղծելու: Եթե ներդրողները ցանկանում են օգտագործել այս պլատֆորմը, ապա մենք պետք է այն վերածենք իրական արդյունաբերության: Կան տարաբնույթ կարծիքներ, սակայն շատ երկրներ այժմ փորձում են ուղիներ գտնել այս գործընթացի կառավարման համար: Հաջողության կհասնեն այն երկրները, որոնք ավելի արագ կգտնեն այդ ուղիները: Կրիպտոարժույթով իրականացված գործարքը դժվար է հայտնաբերել, բայց պետք է ստեղծել հարթակ, որը կբխի բոլորի` կառավարության, ներդրողների և սպառողների շահերից: Մենք ցանկանում ենք դա անել հնարավորինս արագ, և մենք գիտենք, որ դա մարտահրավեր է, բայց բոլոր մարտահրավերները ստեղծում են նոր հնարավորություններ:


«Կարող եմ բնորոշել մեզ որպես չեմպիոններ տարածաշրջանում հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման տեսանկյունից»:

 

- Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսել է 3.8 տոկոս աճ 2018 թվականին, քանի որ ներդրումները, արտադրությունը և առևտուրը շարունակում են բարգավաճել: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը` ժամանակի ընթացքում նման աճի պահպանումն ապահովելու համար:

- Հիմնական հարցադրումները հետևյալն են. ինչպե՞ս է այս ամենն իրականացվում, արդյո՞ք միջնաժամկետ և երկարաժամկետ առաջընթացն ապահովվում է կարճաժամկետ ջանքերի և գործոնների, թե՞ հաստատուն շրջանակ ստեղծելու միջոցով, արդյո՞ք դա կայուն է: Մենք աշխատել ենք հիմքեր ստեղծել ապագա միջնաժամկետ աճի համար և գերազանցել ենք սպասելիքները առաջին տարվա կտրվածքով: Դրա մի մասը պայմանավորված էր տնտեսական գործակալների դրական ակնկալիքներով. թույլ տվեք հիշատակել 2006 թվականի Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Էդմունդ Ս. Ֆելպսին, ով ներկայացրել է միջժամանակային խնդրի հայեցակարգը և պնդում է, որ սպասումները կարևոր դերակատարում ունեն մեր տնտեսական կյանքում (այսպես կոչված, սպասումներով ճշգրտվող Ֆիլիփսի կոր): Մենք բարձրացրինք հաղորդակցությունը հասարակության հետ` խոսելով գործարար համայնքի հետ և տեղեկանալով նրանց խնդիրների մասին անձամբ իրենցից: Խոսելով աճի մասին` պետք է նշել, որ դրական ակնկալիքները ձևավորվել են մեր մակրո հիմքերի, մեր քաղաքականության և կապիտալ ծախսերի վրա շեշտադրման հետ միասին, և ներդրողները պատրաստ էին օգտագործել իրենց լրացուցիչ հնարավորությունները արտադրության ընդլայնման համար: Արդյունքը 2017 թվականի ավելի քան 7 տոկոսանոց տնտեսական աճն է: Իսկ 2018 թվականի առաջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.3 տոկոս, ինչը վկայում է առաջընթացի դինամիկայի և գործարար աշխարհի դրական սպասումների մասին:

- Ձեր նախարարությունը աշխատում է գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ` փաստաթղթերի պարզեցման և կառավարության բոլոր մակարդակներում թափանցիկության բարձրացման միջոցով: Հայաստանին նաև հաջողվել է բարձրացնել գործարարությամբ զբաղվելու դյուրինության ինդեքսը (Ease of Doing Business Index): Ինչպե՞ս է բարելավվել այդ ցուցանիշը:
- Մենք այդ հաշվետվությունները ընդունում ենք որպես ցուցիչներ, թե մենք ինչ պետք է անենք, և յուրաքանչյուր տարի մենք որդեգրում ենք այդ ցուցիչների վրա հիմնված գործողությունների պլան կոնկրետ ժամանակահատվածի համար, որպեսզի բարելավենք մեր գործարար միջավայրը: Սակայն, մյուս կողմից, դուք չեք կարող պարզապես նայել բիզնես ցուցանիշներին և հասկանալ, թե որտեղ եք գտնվում 180 այլ երկրների համեմատությամբ: Պետք է ավելի խորը վերլուծել, հասկանալ պատճառները և դիտարկումներ անել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար: Ուստի մենք ինքներս մեզ հարց տվեցինք. ինչպիսի՞ աճ է անհրաժեշտ մեր երկրին, և ինչպե՞ս հասնել դրան: Մենք չունենք նավթ կամ բարենպաստ աշխարհագրական դիրք, բայց ինչպես ասել է Հարվարդի համալսարանից Մայքլ Պորտերը` երբեմն թերությունները կարող են վերածվել առավելությունների որոշ գործարարների կամ երկրների համար, քանի որ դա ստիպում է նրանց ունենալ ավելի ռազմավարական մտածողություն և դրսևորել տարածաշրջանի մյուս երկրներից տարբեր վարքագիծ: Այսպիսով, մենք այլընտրանք չունենք, քան լինել մրցունակ, ինչը կհանգեցնի գործարար միջավայրի բարելավմանը, դեպի շուկա մուտքի խոչընդոտների վերացմանը, հարկման կամ միջսահմանային առևտրի բարելավմանը և այլն: Բայց մեր քաղաքականությունը միտված է նաև այլ նպատակների:

«Մենք ունենք հանրային ծառայությունները թվայնացնելու և պետական գնումների էլեկտրոնային հարթակները ընդլայնելու ծրագիր: Ծրագրի Էությունը մարդկանց և գործարարների իրական ակնկալիքները պարզելն է:»

- Երկարաժամկետ աճին նպաստող ի՞նչ այլ քաղաքականություն եք իրականացնում:
- Մենք նաև կենտրոնանում ենք մարդկային կամ աշխատուժի մրցունակության վրա, ինչը հավասարապես կարևոր է: Աշխարհն ընդլայնվում է` օրեցօր ներկայացնելով նոր մոտեցումներ: Բայց դա իրագործվում է հենց մարդկանց կողմից, և արդի ստանդարտներին համապատասխան աշխատաշուկա չունենալու դեպքում շուտով մրցակցությունից դուրս կհայտնվես: Աշխատանքային հմտությունները մեծ նշանակություն ունեն, և դու պետք է հասցնես բավարարել արագ փոփոխվող աշխարհի ավելացող պահանջները: Շատ տարիներ առաջ մենք ներառեցինք շախմատը դպրոցներում որպես պարտադիր առարկա, և մի քանի տարի անց արդյունքներն արդեն նկատելի են, քանի որ մեր երիտասարդ սերունդն ունի ավելի ռազմավարական և լայն մտածողություն: Մենք իսկապես հավատում ենք, որ այս նոր, ռազմավարական մտածողությամբ սերունդը կարող է բավարարել աշխատանքի արդի պահանջները: Սրան հաջորդում է նաև ինստիտուցիոնալ մրցունակությունը. ինչպե՞ս կարող եք հանրությանը մատուցել ծառայություններ ավելի արդյունավետ կերպով: Մենք ունենք հանրային ծառայությունները թվայնացնելու և պետական գնումների էլեկտրոնային հարթակները ընդլայնելու ծրագիր: Ծրագրի Էությունը մարդկանց և գործարարների իրական ակնկալիքները պարզելն է: Մեկ այլ օրինակ. մենք ձևափոխել ենք ֆինանսների նախարարութան կայքը` հիմնվելով մեր կայքէջի այցելուների որոնումների վրա: Մենք ստեղծել ենք պարզ, հարմարավետ կայք «երեք քլիքի» սկզբունքով, որը թույլ է տալիս օգտվողին հեշտությամբ գտնել այն, ինչ նա փնտրում է: Այցելուների քանակը զգալիորեն մեծացել է: Եվ սա շնորհիվ այն բանի, որ խնդիրը դիտարկել ենք պահանջարկի տեսանկյունից, կարևորություն ենք տվել մարդկանց պահանջներին:

- Որքանո՞վ են կարևոր օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության աճի համար, և ի՞նչ կցանկանայիք հաղորդել ներդրողներին Միջին Արևելքի ու Պարսից ծոցի երկրներից:
- Մենք պետք է նրանց ցույց տանք այն մրցակցային առավելությունները, որոնք մենք ունենք, իսկ ուրիշները` ոչ: Բոլորը խոսում են իրենց բարենպաստ հարկային համակարգի և իրավական կայունության մասին և այլն, բայց Հայաստանն ունի նաև փոխլրացման քաղաքականություն. մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ և մենք ունենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ (ԵՄ)` ընդգծելով մեր բարեփոխումների հիմնական ուղղությունները: Որպես այս մեծ եվրասիական ընտանիքի անդամ` մենք կարող ենք երաշխավորել 180 միլիոն սպառողների շուկա: Միևնույն ժամանակ, մենք շատ մոտ ենք ԵՄ չափանիշներին: Երկու տարի առաջ մենք Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորության մասին տեղեկացրինք ներդրողներին` ներկայացնելով մեզ որպես կամուրջ երկու խոշոր տնտեսությունների` ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Սա դարձավ իրականություն, քանի որ նախորդ տարվա նոյեմբերին, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր` նախանշելով մեր բարեփոխումների առաջնահերթությունները: Այժմ մենք աշխատում ենք առավել խորացված գործողությունների պլանի վրա, թե ինչպես աշխատել ԵՄ-ի հետ` առանց խախտելու ԵՏՄ-ի սկզբունքները: Միջին Արևելքի ու Պարսից ծոցի երկրների ներդրողներին ուղերձս հետևյալն է. այստեղ կան լավ հնարավորություններ, և եթե դուք լինեք առաջինը, ապա առավելություններ կունենաք: Հնարավորությունները նվազում են, բայց մենք կարող ենք երաշխավորել, որ կիրականացնենք մեր խոստումները: Միաժամանակ, մենք գիտակցում ենք, որ մեր ուղերձների հիմքում պետք է լինի հստակ, շոշափելի առաջընթացը:

«Եթե դուք կարող եք ստեղծել կայուն հարթակ, որտեղ նոր սերունդները շարունակաբար բարելավում են իրենց ռազմավարական մտածողությունը, ապա դուք ճիշտ ուղու վրա եք»:


- Ձեր կարծիքով` ինչպե՞ս կարող է ԱՄԷ-ն ավելի կարևոր դեր ստանձնել Հայաստանի տնտեսության մեջ:
- Կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ: Երկու տարի առաջ մենք խոսում էինք առաջին քայլ անողների լավ հնարավորության մասին, և այժմ մենք ազատ տնտեսական գոտիների միջոցով այդ բարենպաստ հարթակներն ենք ստեղծում: Ներկայումս այս գոտիները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մենք նաև ունենք հնարավորություններ տեխնոլոգիական, գյուղատնտեսական, դեղագործական ոլորտներում, որոնք համապատասխանում են Եվրամիության ստանդարտներին, սննդամթերքի վերամշակման և էներգաարդյունավետության բնագավառներում, որոնք կարող են իրացվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից դուրս` Վրաստան, Իրան և Ռուսաստան: Եվ մենք ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք նպաստում են այս գործողություններին` ձեռնտու տոկոսադրույքներ և այլ միջոցներ:

- Դուք խոսեցիք մարդկային կապիտալի կարևորության մասին: Որո՞նք են հայ ժողովրդի այն առանձնահատուկ հատկանիշները, որոնցով նրանք տարբերվում են:
- Որպես քաղաքականության մշակողներ` մենք շեշտադրում ենք մեր աշխատուժի նորարարական և ստեղծագործ մտածողությունը: ՏՀԶԿ-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր, ոչ ավանդական աշխատատեղերի և դրանց համապատասխանող հմուտ մասնագետների առկայության խնդիրն ընդլայնվում է, քանի որ հին աշխատանքները չեն կարող բավարարել նոր ընկերությունների պահանջները: Այն ընկերությունները, որոնք ցանկանում են դառնալ տարածաշրջանային կամ համաշխարհային խաղացողներ կամ պահպանել իրենց դիրքերը շուկաներում, մշտապես ձգտում են մատչելի լուծումներ գտնել իրենց տեխնոլոգիական կարիքները հոգալու համար: Հայ մարդը իր բնույթով նորարարական է, ունի ռազմավարական մտածողություն, և մենք ցանկանում ենք վերածել դա առավելության: Մենք կարիք ունենք նոր, հմուտ աշխատուժի, որն ավելի նախաձեռնող է և արդյունավետ է աշխատում` կիրառելով թվային տեխնոլոգիաներ: Եթե մենք կարողանանք ստեղծել կայուն հարթակ, որտեղ նոր սերունդները շարունակաբար կբարելավեն իրենց ռազմավարական մտածողությունը, ապա մենք ճիշտ ուղու վրա ենք:

Աղբյուրը՝ armenia.globalfdireports.com