ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը մասնակցել է Բալիում տեղի ունեցած Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին
14.10.2018
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը մասնակցել է Բալիում տեղի ունեցած Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին
2018թ. հոկտեմբերի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Հանրապետության Բալի նահանգի Նուսա Դուա քաղաքում կայացել են Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումները, որոնց մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Արմեն Հայրապետյանը հանդիսանում է ԱՄՀ-ի և ՀԲ-ի կառավարիչների խորհուրդներում Հայաստանի Հանրապետության փոխկառավարիչը:
Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՀ հոլանդա-բելգիական և ՀԲ հոլանդական ընկերակցային խմբի երկրների ներկայացուցիչների հետ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել միջազգային ներդրումային բանկերի և ֆինանսական կառույցների, ինչպես նաև միջազգային վարկանիշային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նշված հանդիպումների շրջանակներում կայացել են ՀԲ և ԱՄՀ պլենար նստաշրջանները, որտեղ քննարկվել և ամփոփվել են ԱՄՀ-ի և ՀԲ-ի խմբի շրջանակներում նախորդ տարեկան հանդիպումից հետո իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները:
ՀԲ խմբի և ԱՄՀ 2018թ. տարեկան հանդիպումների շրջանակներում «Մարդկային կապիտալի ինդեքս» ՀԲ նոր նախաձեռնությունն ու վերջինիս նվիրված գագաթաժողովը ամենամյա հանդիպումների ամենանշանակալի իրադարձություններից էին: Տեղի են ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված կլոր սեղան քննարկումներ, որոնց ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները ներկայացրել են մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված իրենց երկրներում տարվող քաղաքականությունները և մտքեր են փոխանակել նախաձեռնության շրջանակներում հետագա փոխգործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ: