ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ներկայացված նախագծին
11.01.2018
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ներկայացված նախագծին

Հունվարի 11-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը:  

Ըստ հրապարակային աճուրդների միջոցով օտարման ենթակա ոչ լիկվիդային իրերի իրացման ժամանակացույցի` օտարումը կմեկնարկի արդեն այս տարվա առաջին եռամսյակում:

Պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և արժեքը: Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով իրականացվում է պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի իրացում պետական պահուստներից:

Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է եկամուտների ավելացում պետական բյուջեում:

Հրապարակային աճուրդների միջոցով թանկարժեք քարերը կվաճառվեն շուկայական գնից ոչ պակաս արժեքով: Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քարեր, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա եւ ոսկյա իրեր և այլն: Թվարկվածների նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի: