ԹԵԺ ԳԻԾ
28.05.2019
Ի՞նչ է փոխվում վարորդներից գանձվող բնապահպանական հարկերը նվազեցնելուց
Վաղ առավոտյան արդեն Գյումրին ամբողջությամբ փոշու մեջ է։ Վաղուց արդյունաբերական քաղաք էլ չէ, բայց մթնոլորտում օդի աղտոտվածության մակարդակի վրա ազդեցություններն են շատ:
Գյումրիում մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար նմուշառումներ են կատարվում ՝ 1 անշարժ դիտակայանում, 24 շարժական դիտակետից: Ստացվող տվյալները քաղաքի այն հատվածներից են, որտեղ համեմատաբար կանաչ տարածքներ կան, իսկ երթևեկությունն էլ ակտիվ չէ:
 
Այսինքն՝ այս տվյալներն էլ հստակ չեն նկարագրում այլ վիճակը, որը կա քաղաքում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը։
Մշտապես շինարարություն՝ բնապահպանական նորմերի խախտումներով, կանաչ գոտիների խիստ պակաս՝ փոխարենը ակտիվ էտումներ ու տրանսպորտային միջոցների ավելացում: Բայց եղած ազդող պատճառներից միայն մեկի դեպքում է գործում բնապահպանական հարկը:
 
Վարորդները տարեկան որոշակի սահմանած գումար են վճարում, որը մուտքագրվում է պետական բյուջե, բացի դրանից՝ գույքահարկ են վճարում արդեն քաղաքի բյուջեին։ Օդի աղտոտվածության դիմաց հարկ վճարող վարորդները անգամ առաջարկում են մոնիթորիգ անել ու համոզվել՝ իրենց մեքենաներն են շատ վնաս տալիս շրջակա միջավայրին, թե քաղաքի քանդված փողոցներն ու ընթացող փողոցաշինությունը:
 
Բնապահպանական ու գույքահարկերի վճարումներից չեն խուսափում, բայց հետն էլ ասում են՝ եթե չկա փողոց, ուրեմն չպետք է լինի նաև գույքահարկ:
Տեղական բյուջե մուտքագրվող գույքահարկը սկսվում է 12 հազար դրամից, իսկ տարեցտարի ավելացող մեքենաների քանակը հաշվի առնելով՝ քաղաքի բյուջե վճարվող այդ գումարները ևս ավելանում են: Իսկ բնապահպանական հարկը, որն արդեն գնում է պետական բյուջե, նվազել է:
 
Օրենքում կատարված փոփոխություններն այս տարվա ապրիլից արդեն կիրառվում են: Հարկի դրույքաչափը նվազեցնելուց հետո նախարարությունը վերանայել է նաև 2018-ի հունվար-հունիս ամիսների կատարած վճարումները:
 
Օրենքի փոփոխություներն ուժի մեջ մտնելուց հետո հավելյալ վճարումները դարձել են վերադարձման ենթակա: Իսկ բնապահպանական վճարները տարբեր են՝ կախված մեքենայի շարժիչի հզորությունից: Այսինքն՝ տարբեր են նաև վերադարձվող գումարի չափը:
 
Ֆինանսների նախարարությունը հաշվարկել է յուրաքանչյուր մեքենայի համար գումարն ու տվյալներն ուղարկել այն բանկերին, որտեղ վարորդները մեկ տարի առաջ կատարել են վճարումները։ Էլեկտրոնային համակարգի միջոցով վճարումների համար վերադարձն իրականացվում է գանձապետարանից:
Համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Վարորդների դիմումների ընդունումից հետո մինչև սեպտեմբեր ամիսը վերադարձման գործընթացը կշարունակվի, դրանից հետո ընթացակարգ նախատեսված չէ:
 
 
 
Նյութի աղբյուրը՝ shantnews.am