ԹԵԺ ԳԻԾ
Ինչո՞ւ են վաճառում պետական «գանձերը»
18.01.2018
Ինչո՞ւ են վաճառում պետական «գանձերը»

Կառավարությունը նախորդ շաբաթվա նիստում հավանության արժանացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի բերած որոշման նախագիծը՝ վաճառքի հանել պետական գանձարանում առկա մարգարիտները։ Դրանք, ինչպես տեղեկացանք, մեկ անգամ արդեն հանվել էին վաճառքի՝ աճուրդի միջոցով, սակայն գնորդ չէր գտնվել։ Մարգարիտների ընդհանուր արժեքը, որ հաշվարկվել է դրանց ստացման օրվանից, կազմում է մոտ 1.5 միլիարդ դրամ։ Կառավարության՝ պետական պահուստները վաճառքի հանելու այս որոշումը քննադատությունների տեղիք է տվել մամուլում ու սոցցանցերում։ Տեսակետներ եղան, թե կառավարությունը նեղն է ընկել ու որոշել է վերջին իրերը վաճառել՝ բյուջեն լցնելու համար։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը երեկ մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց հետեւյալը․ «Ըստ օրենքի՝ պետական գանձարանի այդ միջոցները, որ գոյանալու են, պետք է արտակարգ իրավիճակներում քեզ հնարավորություն տան գործարքներ անելու հենց թանկարժեք քարերի, մետաղների տեսքով, այսինքն՝ արժեքների տեսքով։ Երբ որ, ենթադրենք, մեր արժույթի վերաբերյալ վստահություն չկա, չունենք վճարամիջոց, ֆանտաստիկ բան եմ ասում, իհարկե, եւ մեզ պետք է, չգիտեմ, հաց ձեռք բերել որեւէ երկրից, այդ դեպքում գանձարանն է օգնելու՝ վերցնելու ենք ոսկին ու վճարելու դրա դիմաց»։

Փոխնախարարն ասաց, որ գանձարանում կան երկու խումբ ապրանքներ՝ պատմամշակութային արժեք ներկայացնող, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում եւ ցուցադրվում են թանգարաններում, օրինակ՝ հին մետաղադրամները, եւ թանկարժեք քարերն ու մետաղները, որոնք գնահատված են, ունեն արժեք եւ կարող են վաճառքի հանվել։ Մարգարիտները հենց այդ խմբից են։ Պետական գանձարանի այս բոլոր իրերը գոյանում են հիմնականում բռնագանձումներից, կամ պատահում է, որ տիրազուրկ իրեր են լինում, որոնք եւս ուղարկվում են գանձարան։ 1.5 միլիարդի մարգարիտներից զատ՝ պետական գանձարանում կան նաեւ մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներ, որոնք իրացվելի են, եւ դրանց ձեռք չեն տալու, ընդհանուր մոտ 2 մլրդ դրամի վաճառքի ենթակա իր ունեն։ Ամենաբարդը մարգարիտների հարցն է (դրանց հետ կան նաեւ զմրուխտներ), որոնք մեկ անգամ դրվել են աճուրդի ու չեն վաճառվել, բայց չեն էլ ցանկացել շուկայականից ցածր գնով վաճառել, հիմա նորից են փորձելու։ Ու քանի որ այդ քարերն իրենց արդիականությունը կորցրել են, ըստ այդմ՝ նաեւ արժեքն են կորցրել, հետեւաբար, եթե վաճառվի, 1.5 միլիարդից քիչ գումար է գոյանալու։ «Էնպես չէ, որ էդ գոյացած գումարը վերցնելու ենք, տանենք ծախսենք ու վերջ։ Ուղղակի սա կախված է, թե ինչ տեմպով կիրացվի, եւ դրան համարժեք ինչով կարող ենք փոխարինել։ Օրինակ, եթե գումարն այնքան քիչ լինի, որ անգամ մի ձուլակտորով այն չկարողանաս փոխարինել կամ որեւէ այլ միջոցով, որն իրացվելի վճարամիջոց կարող է հանդիսանալ հետագայում, բնականաբար, այն դրամային արտահայտությամբ կմնա։ Ամենադժվարն իրացնելն է։ Հիմա, որ քննադատում են, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ մենք պահենք այդ իրերը եւս տասը տարի, ավելի լավ կլինի, քան այս պահն է»,- ասաց պարոն Հայրապետյանը՝ նշելով, որ մարգարիտն ինչքան երկար պահեն, այնքան արժեքը կորցնելու է։

Ինչ վերաբերում է հարցին, թե սրանով կառավարությունը փորձում է պետական բյուջեն լցնել, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ այդ 1.5 միլիարդ դրամը չորս տարվա ընթացքում կազմում է տարվա հաշվով 400 միլիոնից էլ պակաս գումար։ «Հիմա որ ասում եք՝ բյուջեի հարց ենք լուծում, մի հատ հասկանանք՝ էս 400 միլիոնը մեր երկրի համար ինչ թիվ է։ Մենք 2017 թ․ հավաքել ենք 1 տրիլիոն 155 միլիարդ դրամի հարկային եկամուտ։ Եթե սա բաժանեմ աշխատանքային օրերի վրա, անում է օրական 4.5 միլիարդ դրամ։ Այսինքն՝ մեր յուրաքանչյուր օրը՝ հարկային մուտքերի տեսանկյունից, 4.5 միլիարդ է։ Հիմա մենք մի տարի պիտի այդ իրերն իրացնենք, որ ընդամենը 400 միլիոն դրամ հավաքենք, որ բյուջեն լցնե՞նք»։

Արմեն Հայրապետյանին հիշեցրինք Տիգրան Սարգսյանի կողմից հայտնի ոսկու վաճառքը, երբ պետական գանձարանում գտնվող ոսկին վաճառեց, որ դոլար գնի, ու դոլարի գինը կտրուկ ընկավ, ոսկունն էլ բարձրացավ։ Կառավարության հանդեպ անվստահությունն այս հարցում նաեւ այստեղից է գալիս։

«Իրականում, միշտ էդ խնդիրը կա շուկայում, որովհետեւ դու չես կարող իմանալ, թե որ պահին ինչ կարժենա դոլարը, ինչ կարժենա ոսկին։ Ժամանակը տանում է նրան, որ ոսկով գործարքները քչանում են, ամբողջ աշխարհում մարդիկ ձգտում են գործարքներ անել արժեթղթերով, եւ կառավարելիության տեսանկյունից դժվար է ոսկին կառավարելով ավելի շատ փող ստանալ։ Այդ տրամաբանությունից ելնելով էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը գնաց նրան, որ անցնեն միանգամից ոչ մետաղական հաշիվների ձեւավորմանը։ Բայց ծախում ես իքս պահի ոսկի, հաջորդ պահին էդ ոսկու գինը բարձրանում է։ Բնականաբար, բոլորը կմեղադրեն։ Հետ նայելով՝ հեշտ է քննադատելը»,- Տիգրան Սարգսյանի «կիքսն» այսպես բացատրեց ֆինանսների փոխնախարարը։

Ի դեպ, եթե մարգարիտները վաճառելով փորձելու են այլ ավելի արժեքավոր իր գնել, հնարավո՞ր չէ, արդյոք, այդ գումարով, օրինակ, զենք գնել, այլ ոչ թե Ռուսաստանից վարկ վերցնել դրա համար։ «Մենք հիմա ընդամենը ուզում ենք այդ իրերը դարձնել լիկվիդային (իրացվելի), ու հասարակության կողմից արդեն նման արձագանք կա։ Եթե մենք փորձենք այդ փողը որեւէ նպատակի ուղղել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մեծ արձագանք կլինի»,- ասաց նա։ Գուցե հասարակության արձագանքն այդ ժամանակ դրական լինի, եթե որոշվի, որ այդ գումարներով զենք եք գնելու։ «Ինձ չի թվում, որ մարգարիտով կամ զմրուխտով մեզ զենք կտան։ Երբ որ կգա փաստացի այդ պահը, որ մենք կունենանք, էդ որոշմանն էլ կգանք, թե ճիշտ է իրեն ինչ-որ մի նպատակի՞ ուղղել, թե՞ դարձնել ավելի լիկվիդային։ Բայց այսօր էդ խնդիրը մեր առջեւ դրված չէ։ Մեր խնդիրն այսօր ընդամենը այն է, որ էն արժեքները, որոնք ժամանակի ընթացքում իրենց արդիականությունն ու արժեքը կորցնում են, գոնե ժամանակին կարողանանք իրացնել»,-եզրափակեց ֆինանսների նախարարի տեղակալը։

 

Աղբյուրը՝ www.hraparak.am