ԹԵԺ ԳԻԾ
09.05.2017
Ինչպե՞ս ստանալ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումն իրականացվում է  «Լիցենզավորման մասին»«Պետական տուրքի մասին»Աուդիտորական գործունեության մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը, լիցենզիայի ձևը, հայտարարության ձևը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանքների ձևերը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկանքների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 262 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 346-Ն որոշման համաձայն: 

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիան տրվում է անժամկետ: Լիցենզիան տրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30-օրյա ժամկետում` Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հայտատուները աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման: Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 250.000 ՀՀ դրամ: Հայտատուն աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005016689 հաշվեհամարին վճարում է 250.000 ՀՀ դրամ և կարող է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ լիցենզավորող մարմին չներկայացնել:

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Աուդիտ իրականացնող անձինք, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 26.01.2012թ. թիվ 82-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411)800-367 հեռախոսահամարով