ԹԵԺ ԳԻԾ
09.05.2017
Ինչպե՞ս ստանալ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա
Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին»«Պետական տուրքի մասին»«Ինկասացիայի մասին»«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 2302-Ն ու 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» թիվ 1498-Ն որոշումների համաձայն: Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում` Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: 

Հայտատուները Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 22.12.2005թ. թիվ 2302-Ն որոշմամբ հաստատված հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 300 000 ՀՀ դրամ: Հայտատուն Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005169058 հաշվեհամարին վճարում է 300 000 ՀՀ դրամ և կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:

Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Ինկասացիայի մասին», «Զենքի մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով