ԹԵԺ ԳԻԾ
10.02.2018
Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր կդառնա Հայաստանի մշտական տնտեսական աճի դեպքում. Վ. Արամյան
Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր կդառնա Հայաստանի մշտական տնտեսական աճի դեպքում: Այս մասին փետրվարի 10-ին «ԶԼՄ ներկայացուցիչների իրազեկում» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է կայուն շարունակական տնտեսական աճ ապահովել: «Թոշակների բարձրացումն անխուսափելի է, բայց կառավարությունը պետք է համոզված լինի, որ տնտեսական աճը պայմանավորված է ոչ թե պատահական, այլ կայուն գործոններով», - ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ մինչեւ 2009 թվականը Հայաստանի տնտեսական աճը եղել է առնվազն 9 տոկոս, սակայն ճգնաժամը ցույց է տվել, որ այդ աճի միայն փոքր մասն է ապահովվել ներքին ներուժով: «Երբ տրանսֆերտները կտրուկ նվազեցին, երկրի տնտեսական աճի տեմպերը իջան մինչեւ ընթացիկ մակարդակի», - նշել է նախարարը:
Կենսաթոշակների երկարատեւ աճի համար անհրաժեշտ է բարձրացնել ներքին տնտեսության արտադրողականությունը, իսկ դրա համար պահանջվում են խոշոր կապիտալ ներդրումներ: Այդ պատճառով 2018 թվականի բյուջեի քաղաքականությունը կկենտրոնանա հիմնականում կապիտալային, ոչ թե ներկայիս ծախսերի վրա», - ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի Հայաստանի պետական բյուջեով աշխատավարձերի եւ կենսաթոշակների աճ չի նախատեսվում: Իշխանությունները նշում են, որ առաջիկա երկու տարիների ընթացքում թոշակների բարձրացման ակնկալիք պետք չէ ունենալ:
2018 թվականին պետական բյուջեի եկամուտների ընդհանուր ծավալը նախատեսվում է 1,307 տրիլիոն դրամ չափով, ծախսերը` 1. 464 տրիլիոն դրամ: Դեֆիցիտը նախատեսվում է ՀՆԱ-ի 2.7 տոկոս չափով:
 
Նյութի աղբյուրը՝ news.am