ԹԵԺ ԳԻԾ
Մեկնարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
05.06.2019
Մեկնարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարողացել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ մակրոտնտեսական կայունության պահպանումը: Նրա խոսքով՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվել է 4,5 տոկոս տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 5,2 տոկոս:

Վարչապետի խոսքով՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել նախատեսված պլանը, և 2018 թվականի պետական բյուջեով կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ:

«Մակրոտնտեսական կայունությունը, որ մենք պահպանել ենք, շատ կարևոր է, և այս տարվա 4 ամիսների ցուցանիշները գալիս են ապացուցելու դա: Սա համատեղ աշխատանքի արդյունք է», - ընդգծել է Փաշինյանը:

Ներկայացնելով բյուջեի կատարողականը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեի հիմնական առանձնահատկություններ են՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխությունները, բյուջեի ծրագրային ձևաչափի ներդրումը և հարկաբյուջետային նոր կանոնների կիրառումը:

Ըստ նախարար Ջանջուղազյանի՝ նախորդ տարվա ծրագրային ցուցանիշները եկամուտների մասով կազմել են 1 տրլն 308 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը՝ 1 տրլն 365 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը՝ 1 տրլն 342 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 98,3 տոկոսը: Հարկային եկամուտներն ու ու պետական տուրքերը կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 99,7 տոկոսը: Ծախսերը ծրագրվել են 1 տրլն 465 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը՝ 1 տրլն 527 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրլն 447 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 94,7 տոկոսը: Դեֆիցիտը 2018 թվականի համար կանխատեսվել է 156,9 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը կազմել է 161.9 մլրդ դրամ, փաստացին՝ 105 մլրդ կամ ճշտված ծրագրի 65,1 տոկոսը:

Նախարար Ջանջուղազյանը հստակեցրել է, որ բյուջեի ծրագրային մասում կատարված փոփոխությունները պայմանավորված են մի քանի գործոններով, որոնք են՝ արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող միջոցների ներառումը ճշտված և փաստացի ցուցանիշներում, պետական բյուջեի օրենքով նախատեսված առանձին դրույթների համաձայն կատարված գործառնությունները և կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները:

Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականի վերջին այն կազմել է 6 միլիարդ 923 միլիոն դոլար: 6 միլիարդ 373 միլիոն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, մնացած 550 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը։ Ըստ Ջանջուղազյանի՝ կառավարության պարտքի մեջ 1 միլիարդ 390 միլիոն դոլարը ներքին պարտքն է, մնացածը՝ արտաքին պարտքը։

«2018 թվականի տվյալներով` կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 51,4 տոկոս, իսկ պետական պարտքը/ՀՆԱ-ի դեպքում՝ 55,8 տոկոս»,-ներկայացրել է ֆինանսների նախարարը և ընդգծել, որ Հայաստանը շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքային բեռ ունեցող երկիր, հաջողվել է կառավարելի պահել պետական պարտքը և չառաջացնել ռիսկեր:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձ է կատարվել ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության`2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ցուցանիշներին:

2018 թվականի համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճշտված ծրագիրը կազմել է 11,65 մլրդ դրամ, փաստացին՝ 11,47 մլրդ դրամ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համար նախատեսվել է 20.66 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը կազմել է 20,49 մլրդ, իսկ փաստացին՝ 20 մլրդ դրամ:

ՀՀ ոստիկանության համար նախորդ տարի ծրագրվել է 41,7 մլրդ, ճշտված ցուցանիշը կազմել է 66 մլրդ, իսկ փաստացին՝ 62.8 մլրդ դրամ: