ԹԵԺ ԳԻԾ
11.02.2018
Մենք ունենք սպասվածից բարձր տնտեսական աճ. Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց հաջողվել է իրականացնել 2017 թվականի ընթացքում պլանավորածը:
«2017 թվականին մեր առջև խնդիր էինք դրել, որ գնանք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ծախսերի կատարման առումով որոշակի պահպանողական քաղաքականություն դրսևորենք, որպեսզի կարողանանք ունակ լինել պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը դանդաղեցնել»,- նշել է նախարարը:
Ըստ Արամյանի՝ այսօր կարելի է արձանագրել, որ պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճն էապես նվազել է: «2018 թվականին շուրջ մեկ տոկոսային կետով այդ ցուցանշը կնվազեցնենք, եթե ամբողջովին կատարենք մեր բյուջետային շրջանակը»:
Ավելին՝ նախարարը նաև տեղեկացրեց, որ դրական տեղաշարժ կա հարկերի հավաքագրման հետ կապված. հարկերի հավաքագրման ցուցանիշը նախորդ տարի Կառավարությունը գերակատարել է:
Զուգահեռ նախարարը նկատեց նաև, որ ծախսերը նախորդ տարի ևս գերակատարվել են՝ շուրջ 100 մլրդ դրամով:
«Կարևոր մեխն այն է, որ 30 մլրդ դրամով թերակատարվել են ընթացիկ ծախսերը, և ավելի մեծ շեշտադրում է կատարվել կապիտալ ծախսերի առումով: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի, նախ և առաջ, կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովենք, երկրորդ՝ հենքեր ստեղծենք տնտեսական աճի ոչ թե 3-4 տոկոս, այլ ավելի բարձր շրջանակ ունենալու համար: Ինչո՞ւ է պետք ավելի բարձր՝որովհետև մի քանի անգամ շեշտել ենք, որ մեր առջև ունենք ծառացած շատ կարևոր սոցիալական խնդիրներ: Ակնհայտ է, որ չենք կարող անընդմեջ՝ 5 կամ 10 տարի, չխոսել թոշակների բարձրացման մասին: Դա ճիշտ չէ, բայց մյուս կողմից պետք է վստահ լինենք, որ մեր տնտեսությունն ունի կայուն աճի տեմպեր, մենք ունակ ենք սեփական եկամուտների գեներացման միջոցով պերմանենտ բարձրացնել թոշակները: Բան այն է, որ բյուջեն ու տնտեսությունն արկածախնդրություն չեն սիրում»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, նախարարը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսված է 4.5 տոկոս տնտեսական աճ: Արամյանը նկատեց, որ նախորդ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7 տոկոս է կազմել:
«Մեր գնահատականներով՝ նախորդ տարվա տնտեսական աճը 6.7-7.4 տոկոսի տիրույթում է գտնվում: Սպասենք մարտին, տեսնենք՝ ԱՎԾ-ը նախորդ տարվա տնտեսական աճի ինչ ցուցանիշ կհրապարակի: Ամեն դեպքում, լավ լուրն այն է, որ մենք ունենք սպասվածից բարձր տնտեսական աճ:Ի՞նչ պետք է անենք, իհարկե, չպետք է դրանով ոգևորվենք և ասենք, որ եթե մեզ հաջողվեց սպասվածից ավելի տնտեսական աճ ապահովել, ուրեմն երաշխավորված են բարձր աճի տեմպերը: Երաշխավորված չեն, դրա համար պետք է կատարենք լրացուցիչ գործողություններ»,- եզրափակեց Վարդան Արամյանը:
 
Նյութի աղբյուրը՝ tert.am