Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել «Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի» հիմնական ուղղությունները և համագործակցության հնարավոր եզրերը: Ծրագրի ուղղություններն են՝ հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգը, փաստարկված քաղաքականությունների մշակումը, կոալիցիաների ստեղծումը և զարգացումը, ինչպես նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցությունը, երկխոսությունը կառավարության և ՏԻՄ-երի հետ:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի խոսքով՝ նման հանդիպումների համար անհրաժեշտ է մշակել գրագետ աշխատանքային ձևաչափ, ապահովել հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին:
«ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ որպես հանրային ֆինանսների ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմին, պատրաստ է համագործակցել Ձեզ հետ իր գործառույթների շրջանակներում և քննարկման անհրաժեշտ խնդիրների դեպքում սահմանել արագ արձագանքման սխեմա. քննարկումները դարձնել ավելի ակտիվ և կառուցողական»,- ասել է Կարեն Բրուտյանը:
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը կարևորել է նման համագործակցության հարթակի ստեղծումը, որը կբարձրացնի հասարակական կազմակերպությունների ինստիտուտի դերը երկրի համար կարևոր որոշումների կայացման գործընթացում:
Նրա խոսքով՝ այս ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-կառավարություն երկխոսության ամրապնդմանը և նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման վրա:
Հանդիպման ավարտին որոշվել է նման քննարկումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում և գործընթացների վերահսկողություն: