ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հարցազրույցը «Ժամանակ»
06.11.2013
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հարցազրույցը «Ժամանակ»

- Պարոն Սաֆարյան, այս տարի Դուք որերո՞րդ բյուջեն եք ներկայացրել:

- Որպեսզի ամեն տարի ստիպված չլինեմ հաշվել, թե որերորդ բյուջեն եմ ներկայացնում, ասեմ, որ Ֆինանսների նախարարությունում աշխատում եմ 1997թ. փետրվարից: Եվ այդ ժամանակվանից ես եմ ներկայացնում ՀՀ պետական բյուջեի նախագծերը:
- Փաստորեն, արդեն 17 տարի բյուջետային հայտերն առաջինը գալիս են Ձեզ մոտ, և Դուք եք դրանք քննարկում:
- Այո, բայց եկեք այդ գործընթացը չանձնավորենք, քանի որ այդ ոլորտում շուրջ 50 հոգի է աշխատում: Ես ընդամենը համակարգում եմ այդ մարդկանց աշխատանքը: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ամբողջ բյուջեն ես եմ գրում:
- Ամեն տարի այդ հայտերն ուսումնասիրելիս ու բյուջեն կազմելիս՝ մարդկային առումով ի՞նչ զգացողություն եք ունենում, հատկապես` երբ այդ դեպքում ցանկությունների ու հնարավորությունների ահռելի անհամապատասխանություն կա:
- Իհարկե, միշտ ուզում ես, որ ավելի լավը լինի: Միշտ ուզում ես որպես մարդ ավելի շատ ասելիք ունենալ: Ցանկությունները միշտ էլ կան, բայց ստիպված ես լինում սահմանափակել դրանք:
- Իսկ այս տարի ինչ-որ չափով բավարարվեցի՞ն այդ ցանկությունները, չէ՞ որ կառավարությունը եկող տարի աշխատավարձերի ու թոշակների բարձրացում է նախատեսում:
- Իհարկե, այս բյուջեով որոշակի սոցիալական խնդիրներ լուծում են ստանում, բայց ասել, թե դրանից պետք է բավարարվել` այնքան էլ ճիշտ չի լինի: Բայց դեռ կան բավականին չլուծված խնդիրներ: Քննարկումների ժամանակ դուք տեսաք, որ բարձրացված հարցերի մի մասն արտացոլում էին իրականությունը: Սկսած շինարարությունից, ճանապարհաշինությունից շատ խնդիրներ ավելի շատ ուշադրության անհրաժեշտություն ունեն: Բայց այդ ցանկությունները սահմանափակվում են մեր եկամուտների հնարավորությունների շրջանակում:
- Իսկ բյուջետային հայտերի մեջ կա՞ն առաջարկություններ, որոնք շռայլություն են մեր հնարավորությունների պայմաններում, և մերժվում են Ձեր կողմից: Նախարարները կամ պետական այլ գերատեսչությունների ղեկավարներն իրենց առաջարկությունները կամ հայտերը կառավարության նշած առաջնահերթությունների՞ շրջանակում են ներկայացնում, թե՞ նրանց «ախորժակնե ավելի մեծ է լինում:
- Մեր խնդիրն է մեր ունեցած մուտքերի համապատասխան որոշել առաջնահերթությունները: Եվ մեզ համար գոյություն ունեն առաջնահերթ կամ ոչ առաջնահերթ ծախսեր տերմինները: Պետական բյուջեի շրջանակներում նախարարներն, իհարկե, ինքնուրույն որոշումներ կայացնում են, բայց դրանք վերջնական որոշումներ չեն: Վերջնական որոշումները կայացնում է կառավարությունը:
- Եվ մինչ կառավարությունը կհաստատի կամ կմերժի գերատեսչությունների ներկայացրած բյուջետային հայտերը, առաջին հերթին Դուք եք դրանք ընդունում կամ մերժում: Այդ առումով պետական կառավարման համակարգում կարծես թևավոր խոսք է դարձել` «Պավել Սաֆարյանը փող չի տալիսե արտահայտությունը:
- Իհարկե, դա բարդ գործառույթ է, բայց այդ հարցում պետք է լինեն մարդիկ, որ <<չէ>> ասեն: Իսկ դա ամենադժվար բանն է: Այո, առաջին «չէե-ն մենք ենք ասում: Բայց թող տպավորություն չստեղծվի, որ երբ Սաֆարյանը <<չէ>> է ասում, դա <<չէ>> էլ դառնում է: Ես այդքան հզոր չեմ:
- Իսկ բյուջետային հայտերի դեպքում Ձեր <<չէ>>-ն է գերակշռում, թե՞ <<այո>>-ն:
- Վստահաբար՝ <<չէ>>-ն: Կայացված որոշումների մոտ 90 տոկոսը <<չէ>> է:
- Փաստորեն, մեր գերատեսչությունների ղեկավարները շռայլ ծախսեր են պահանջում:
- Մեր նախարարները, ինչպես ցանկացած բանական մարդ, ձգտում են ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ունենալ, որպեսզի կարողանան ավելի շատ ծրագրեր իրականացնել: Ես նաև բնական եմ դիտարկում մեր <<չէ>> ասելը, որովհետև մենք էլ դա անում ենք մեր առաջնահերթությունների և հնարավորությունների շրջանակներում:
- Իսկ շա՞տ են դեպքերը, երբ պաշտոնյան բյուջետային առաջարկներ է ներկայացնում՝ ելնելով իր սեփական բիզնեսի շահերից: Օրինակ` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումների ժամանակ պատգամավոր Արա Բաբլոյանը դիալեզի հետ կապված խնդիր բարձրացրեց: Հայտնի է, որ նրան պատկանող <<Արաբկիր>> բժշկական կենտրոնում նման բուժծառայություն է մատուցվում: Իսկ թե գործադիր, թե օրենսդիր ոլորտի պաշտոնյաների մեծ մասը բիզնեսներ ունեն:
- Երբ հարց են ներկայացնում, շատ կարևոր չէ, այդ մարդն ի՞ր բիզնեսի շահերը, թե՞ ինչ-որ խնդիր է ներկայացնում: Հնարավոր է, որ պաշտոնյան իր բիզնեսի հետ կապ ունեցող հարցադրում է անում, բայց նաև պարզվում է, որ ճիշտ հարց է, և դրական լուծում է ստանում: Երբ ներկայացված առաջարկը կամ հարցադրումը տեղին է, անմտություն կլինի այն մերժել՝ պատճառաբանելով, թե կապ ունի իր բիզնեսի հետ: Մենք հարցը դիտարկում ենք բովանդակային առումով և չենք մտածում, թե դրա ակունքները կապված են նրա բիզնեսի հետ, հարևանն է ասել կամ այդ մասին երազ է տեսել:
- Ամեն դեպքում բյուջետային քննարկումների ժամանակ սեփական բիզնես շահերի հետ կապված լոբբինգ իրականացվում է:
- Եթե անգամ մարդը որևէ շահ չունի և հարց է բարձրացնում, դա էլ իր մեջ լոբբինգի էլեմենտ է պարունակում, քանի որ նա խոսում է ինքնահաստատվելու համար: Մարդ կա գեղեցիկ նախադասություններ է ասում, այսինքն` նա այդպիսով ուզում է ասել, որ կարող է լավ շարադասությամբ նախադասություններ ասել:
- Բյուջեի նախագծի առաջին ընթերցումից հետո պատգամավորները առաջարկություններ են ներկայացնում, որոնց մի մասն ընդունվում է, մի մասն էլ մերժվում: Բայց ինչո՞ւ, որպես կանոն, մերժվում են ընդդիմադիր պատգամավորների բոլոր առաջարկությունները:
- Երբ ստանում ենք այդ առաջարկությունները, համեմատում ենք բյուջեի առաջնահերթությունների հետ: Ենթադրենք` առաջնահերթություններից են ինչ-որ սկզբունքով դպրոցների ֆինանսավորումը: Եվ եթե պատգամավորն այդ տրամաբանության մեջ առաջարկություն է ներկայացրել կամ այնպիսի հիմնավորմամբ է առաջարկություն ներկայացրել, որ շատ տրամաբանական և առաջնահերթ է, դա ներկայացնում ենք ֆինանսների նախարարին, նախարարը՝ վարչապետին, և որոշում է ընդունվում:
- Այդ ամփոփաթերթիկի առաջարկությունները հիմնականում վերաբերում են դպրոցների կամ ճանապարհների վերանորոգմանը: Բայց ինչո՞ւ են բավարարվում միայն կոալիցիոն պատգամավորների առաջարկները:
- Հարցերի բնույթն է տարբեր լինում: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորն ասում է` ես ձեր բյուջեն չեմ ընդունում և «կողմե չեմ քվեարկի: Այդ դեպքում տրամաբանական չէ, որ նա առաջարկություն է ներկայացնում: Եթե նա ազդեցիկ գործիչ է, պետք է մյուս պատգամավորներին համոզի դեմ քվեարկել այդ բյուջեին: Եվ այդ դեպքում ես չեմ հասկանում, թե նա ինչու է առաջարկություն ներկայացնում:
- Բայց նրանց համար էլ կարևոր է իրենց առաջարկությունն ընդունելը: Չէ՞ որ պատգամավորը խորհրդարան է եկել նաև իր ընտրողների խնդիրները բարձրացնելու համար:
- Ես չեմ ուզում գնահատական տալ պատգամավորների գործողություններին, և չեմ կարծում, որ նրա գործը տարին մեկ անգամ մեկ կամ երկու դպրոցի համար գումարներ ակնկալելն է: Մյուս կողմից էլ, եթե ժողովուրդը ընտրում է մի կուսակցության, որը մեծամասնություն է դառնում ու կառավարություն ձևավորում, այդ կառավարությունն էլ պետք է լսի մեծամասնության կարծիքը: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու պիտի մեծամասնության կարծիքն ավելի ընդունելի դառնա, քան փոքրամասնության: