ԹԵԺ ԳԻԾ
19.11.2013
Եթե ուզում ես արժանավայել ծերություն ունենալ

Այսօր` նոյեմբերի 18-ին, կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պարզաբանումներ են տվել հանրությանը հուզող կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: 


Դեռևս նման բարդության խնդիր հանրապետությունում չենք լուծել

Ինչպես նշել է Վաչե Գաբրիելյանը, կենսաթոշակային բարեփոխումները ՀՀ պատմության ընթացքում ամենաերկարատև ու ամենամանրամասն քննարկված քաղաքականության ոլորտն է. «Այս` կուտակային համակարգին անցումը ավելի քան 10 տարվա տարբեր ֆորմատներով քննարկումների ճանապարհ է անցել, որի ընթացքում ծագել են բազմապիսի հարցեր, որոնց մանրամասն պատասխանները տրվել են քննարկումների այս կամ այն փուլում: Քանի որ մոտենում է համակարգի գործարկման ժամանակը, քաղաքացիների մոտ առաջանում են օրենքի հետ կապված բազմաթիվ հարցեր, ինչից ելնելով էլ ցանկանում ենք առավել մանրամասնորեն անդրադառնալ առաջացած և առաջանալիք բոլոր հարցերին: Կարծում ենք, որ այս բարեփոխումները էական փոփոխություն կմտցնեն կենսաթոշակային ապահովման ոլորտում, կունենան հետևանքներ` նաև երկրի ընդհանուր զարգացման, տնտեսության համար: Այդ առումով խիստ կարևոր է բարեփոխումների ժամանակին և սահուն իրականացումը: Վստահ ենք, որ իրագործման ժամանակ կլինեն խնդիրներ, քանի որ սա շատ խոշոր և գրեթե բոլոր ոլորտներին առնչվող համակարգ է: Այս 20 տարիների ընթացքում մենք դեռևս նման բարդության խնդիր հանրապետությունում չենք լուծել: Մենք վստահ ենք, որ համակարգը բարեհաջող կերպով կյանքի ենք կոչելու»:

Հակասահմանադրականության վերաբերյալ հայտը ծիծաղելի է

Այնուհետ պարոն Գաբրիելյանն անդրադարձել է այս օրենքի «հակասահմանադրական լինելուն, սրա կիրառմամբ մարդու իրավունքների խախտմանը, մարդուն պարտադրելուն» և նմանատիպ այլ մեղադրանքներին, որ հաճախ հնչեցվում են: «Դրանք բոլորը բացարձակապես անհիմն են,- պնդում է նա:- Եթե այս բարեփոխումները շատ երկարատև քննարկում չանցնեին, ամիսներով, տարիներով չքննարկվեին ԱԺ-ում, գուցե հիմք կլիներ դրանց նորից անդրադառնալու, քանի որ դրանք հարցեր են, որ առաջին հայացքից բարձրացնում են կարևորագույն խնդիրներ: Բայց հակասահմանադրականության վերաբերյալ հայտը ծիծաղելի է, քանի որ հարցը բազմիցս մանրամասնորեն քննարկվել է ԱԺ-ում, այդ թվում` իրավական տեսակետից, և բացի մեզանից, կան շատ երկրներ, որոնք ունեն սահմանադրություններ, որոնք ոչ պակաս են պաշտպանում իրենց քաղաքացիների իրավունքները: Այդ երկրներում նույնպես իրագործվում է նմանատիպ համակարգ»,- այդ հատվածին վերաբերող իր խոսքը եզրափակել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Պարզապես անհրաժեշտ է, որ որոշ հարցեր ճիշտ լուսաբանվեն

Նույն հարցի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշել է, որ իրավունքի խտրականության, պարտադրանքի, մարդու իրավունքների ոտնահարման առումով խոսակցությունները անլուրջ են, «պարզապես անհրաժեշտ է, որ որոշ հարցեր ճիշտ լուսաբանվեն: Այդ դեպքում բոլոր հարցերը կստանան իրենց սպառիչ պատասխանը»:

«Ի՞նչ է պարտադրվում, ու՞մ է պարտադրվում, որքանո՞վ է պարտադրվում: Հարկ վճարելը, որ նույնպես պարտադրվում է, հակասահմանադրական չէ: Սա հարկ չէ, սա գումար է, որը մասհանվում է մեր անձնական հաշիվներին: Ես (և այս օրենքի տիրույթում գտնվող յուրաքանչյուր անձ) պարտավոր եմ գումար մասհանել իմ անձնական հաշվին: Այս դեպքում սեփականության իրավունքը չի անհետանում, դա իմ գումարն է: Այդ առումով սեփականության հետ կապված հարցեր չեն կարող առաջանալ, որովհետև դա իմ գումարն է` դրված իմ հաշվին: Յուրաքանչյուր մեկը կարող է տնօրինել իր գումարները, բայց պարտադիր պայմանով, երբ որ կլրանա նրա 63 տարին: Իսկ անձի` մինչև այդ տարիքը հասնելը դժբախտության դեպքում, գումարն անցնում է նրա ժառանգներին»:

Կենսաթոշակայինի գործընթացի սկիզբը կարծես ԱՊՊԱ-ի գործընթացի կրկնությունը լինի

Հերքելով շրջանառվող տարիքային խտրականության «թեզը»` պարոն Սարգսյանը նշել է, որ 1974թ. և դրանից հետո ծնվածները պարտավոր են մասհանումներ անել իրենց հաշիվներին, իսկ դրանից առաջ ծնվածները «իրավունք ունեն, կարող են որոշում կայացնել և կուտակային ֆոնդին գումարներ փոխանցել ու թոշակի անցնելուց օգտագործել այդ գումարները: Կուզեի հիշեցնել ԱՊՊԱ-ի օրինակը, երբ կրկին պարտադրվում էր իրականացնել ինչ-որ մի ծախս: Դա հակասահմանադրական չէ: Եվ այն ժամանակ, երբ փորձ էր արվում ԱՊՊԱ-ն ներդնել, ցույցեր էին անում, դժգոհություն բարձրացնում: Այսօր թերևս բոլորն էլ գոհ են ԱՊՊԱ-ի ինստիտուտը ներդնելուց: Կենսաթոշակայինի գործընթացի սկիզբը կարծես ԱՊՊԱ-ի գործընթացի կրկնությունը լինի, շատ նման է»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը:

Ըստ էության` այս կենսաթոշակը հետաձգված աշխատավարձ է

Արտեմ Ասատրյանի խոսքով` նախկինում վճարումները կատարվում էին միայն հարկի տեսքով, անդեմք ձևով, քանի որ որևէ մեկի համար հաշվառում չէր իրականացվում, և գործում էր չտարբերակված կենսաթոշակների համակարգ, որ կապ չուներ անձի կատարած ներդրման հետ: «2014-ից պարտադիր կուտակային համակարգով կատարվող 5% վճարումները, ևս 5%` պետության կողմից, անցնում է տվյալ անձի անհատական հաշվին: Ըստ էության` այս կենսաթոշակը հետաձգված աշխատավարձ է, որպեսզի երբ նա աշխատունակության տարիքից դուրս գա, ստանա կենսաթոշակ»,- ասել է Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ դա հիմա պետության պարտավորությունն է, որը շարունակվելու է` կենսաթոշակներ վճարվելու են: Պարզապես կենսաթոշակային համակարգը լրացվում է ևս երկու բաղադրիչով:

«Այսօր ունենք պետական կենսաթոշակային ապահովություն: Դրա շրջանակներում պետությունը իր հավաքած վճարներից քաղաքական որոշումներով տրամադրում է կենսաթոշակներ: Նոր համակարգի ներդրումը նաև քայլ է` կենսաթոշակների չափերը դուրս բերել քաղաքական որոշումների շրջանակից… Աշխատանքային կենսաթոշակի ձևավորումը չպետք է կապ ունենա մեր ցանկություններից և մոտեցումներից: Յուրաքանչյուր անձ իր կատարած վճարումների շրջանակներում, դրանց ներդրումներից եկած եկամուտների հաշվին, պետք է ստանա կենսաթոշակ»,- տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը:

Սերունդների համերաշխության գործող համակարգը լավ աշխատում էր 20-րդ դարում

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ` վերջին տասնամյակներում Եվրոպայում կա կենսաթոշակային լուրջ խնդիր: «Հարցն այն է, որ սերունդների համերաշխության գործող համակարգը, երբ յուրաքանչյուրս վճարում է պետությանը, և ընդհանուր կաթսայից այսօրվա թոշակառուների թոշակն է վճարվում, լավ աշխատում էր 20-րդ դարի ընթացքում, որովհետև այն ժամանակ մեկ կենսաթոշակառուին ընկնում էր 3-5 աշխատող: Դեմոգրաֆիական իրավիճակը փոխվում է շատ արագ, և այսօր մեկ թոշակառուին բաժին է ընկնում ընդամենը 2 աշխատող: Սա խիստ ցածր գործակից է, որովհետև այդ համակարգն աշխատում է 1:3 հարաբերակցության դեպքում: Ցուցանիշի տատանումը` բացասական առումով, թոշակառուների թոշակի գումարի հավաքման պրոբլեմ է առաջացնում: Սրա համար կա երկու լուծում, առաջինը, որով շարժվում է Եվրոպան, հարկի տոկոսի աստիճանական բարձրացումն է: Այնտեղ եկամտահարկը կազմում է 56%, 50%, 49% (տարբեր պետություններում տարբեր է, Հայաստանում` 24%): Դա այդպես է, որովհետև այդ գումարներից վճարում են կենսաթոշակները: Հիմա արդեն սա էլ հարցի լուծում չէ, քանի որ թոշակառուների թիվն ավելի մեծ է, քան աշխատողներինը, և այդ գումարները, միևնույն է, չեն բավականացնում: Նշանակում է, որ յուրաքանչյուր թոշակառու յուրաքանչյուր հաջորդ տարում ավելի քիչ թոշակ է ստանալու` ի համեմատություն իր ստացած աշխատավարձի»,- ասում է Դավիթ Սարգսյանը:

Այսօրվա գծի շարունակության դեպքում մեր թոշակառուները երբևէ չեն ստանալու արժանավայել ծերություն ապահովող թոշակ

ՀՀ ֆինանսների նախարարի պարզաբանմամբ` նույն խնդրի առջև է նաև Հայաստանը. մեր հանրապետությունում այսօր մեկ աշխատողին բաժին է ընկնում մեկ թոշակառու. «Բոլոր հնարավոր և անհնարին վատ իրադրությունը, որ կարող է լինել ֆինանսական կայունության առումով, մենք այսօր ունենք: Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնելիությունը շատ մեծ էր, և այսօր այդ սերունդը հասել է թոշակային հասակի: Հետագա տասնամյակներում ծնելիությունը գնալով նվազեց: Հիմա մենք ունենք 1:1 իրավիճակ և մի այնպիսի իրադրություն, երբ այսօրվա մեր թոշակառուն չի ստանում այն թոշակը, որը թույլ է տալիս արժանավայել ծերություն: Խնդիրը հետևյալն է. այսօրվա գծի շարունակության դեպքում մեր թոշակառուները երբևէ չեն ստանալու արժանավայել ծերություն ապահովող թոշակ: Դրա համար բոլոր երկրները, որտեղ հատկապես ծերացման խնդիր կա, հասկանում են, որ այսօրվա համակարգից պետք է անցում կատարվի կուտակային համակարգի: Պետությունը այս նոր համակարգում շարունակելու է երաշխավորել նվազագույն կենսաթոշակը, այն մարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն աշխատել կամ քիչ են աշխատել: Բայց եթե ուզում ես արժանավայել, ապահով ծերություն ունենալ, նշանակում է, որ կյանքի ընթացքում ստացած եկամտի նվազագույնը 40%-ի չափով պետք է ծերության ընթացքում ծախսես: Դրա համար պետք է ինքդ կուտակես քո հաշիվը: Շատ կկուտակես` կունենաս շատ, քչի դեպքում` քիչ, չկուտակելու դեպքում պետությունը կապահովի նվազագունը: Հակառակ պարագայում առաջիկա 20-30 տարիներին ունենալու ենք այսօրվա անմխիթար վիճակը»:

 Armef.com