ԹԵԺ ԳԻԾ
18.12.2013
«Բանկերը կենսաթոշակային հիմնադրամների հաշվին գերշահույթ չեն ունենա» ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանել է «Մեդիամաքս»-ի հարցերին

- Պարոն նախարար, տեղի է ունեցել հինգ տարի մարման ժամկետով պարտատոմսերի աճուրդ: Արդյունքներից գո՞հ եք:

- Վերջին ժամանակներում շուկայում արձանագրված տոկոսադրույքների նվազման միտումները շարունակվում են պահպանվել, եւ ձեր նշած՝ հինգ տարի մարման ժամկետով պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,99 տոկոս:

- Շուկայում լուրեր են տարածվում այն մասին, որ պետական պարտատոմսերի եկամտաբերության նման նվազումը պայմանավորված չէ ֆինանսների նախարարության իրականացրած քաղաքականությամբ: Ըստ նույն այդ լուրերի՝ բանկերը նվազեցրել են տոկոսադրույքները, որպեսզի հաջորդ տարվանից ցածր տոկոսներով վաճառեն պարտատոմսերը կենսաթոշակային հիմնադրամներին եւ ապահովեն իրենց համար գերշահույթ: Բոլորը խոսում են այն մասին, որ հաջորդ տարի պարտատոմսերի տոկոսները կրկին կբարձրանան: Ի՞նչ կասեք դրա մասին:

- Չեմ կարծում, թե տոկոսադրույքների բարձրացման մասին ենթադրությունները կարող են իրականություն դառնալ. հաջորդ տարի մենք ծրագրել ենք շուրջ 20 մլրդ դրամով նվազեցնել պարտատոմսերի թողարկման ծավալը (զուտ թողարկումների):

Մյուս կողմից, ինչպես դուք արդեն նշեցիք, կենսաթոշակային հիմնադրամները լրացուցիչ 15-20 մլրդ դրամի պահանջարկ կներկայացնեն: Ինչ վերաբերում է լուրերին, թե բանկերը կարող են գերշահույթ ունենալ կենսաթոշակային հիմնադրամների հաշվին, ապա գործարքներում առաջին նման միտումը նկատելուն պես հնարավորություն կընձեռենք կենսաթոշակային հիմնադրամներին պարտատոմսեր գնել անմիջականորեն պետությունից՝ նախատեսելով ուղղակի վաճառքի հնարավորություն կամ շնորհելով հիմնադրամներին գործակալի կարգավիճակ:
-