ԹԵԺ ԳԻԾ
19.12.2013
«Կուտակային համակարգ. ո՞վ, ինչու՞, ինչպե՞ս». ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը պատասխանել է «Հետքի» հարցերին

-Իբրև «Կուտակային կենսաթոշակների մասինե օրենքի պարտադիր բաղադրիչի ներդրման հաջողված նախադեպ անընդհատ բերվում է Չիլիի օրինակը, որտեղ բռնատիրական կարգեր էին Ավգուստո Պինոչետի օրոք: Ինչու՞ պարտադիր և ոչ թե կամավոր կուտակում (հավելենք, որ Չիլիում, ըստ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, պարտադիր կուտակային համակարգի մասնակիցներն ազատվել են եկամտահարկից):

-Կենսաթոշակային համակարգերը, ինչպիսին էլ որ լինեն, միշտ կառուցված են եղել պարտադիրության սկզբունքի վրա. չէ՞ որ բաշխողական կենսաթոշակային համակարգում ևս սոցիալական ապահովության վճարները բոլոր ներկայիս աշխատողների կողմից պարտադիր կերպով վճարվում են ներկայիս կենսաթոշակառուների թոշակները վճարելու համար: Այսինքն` այս դեպքում աշխատողն իր ամսական եկամտի մի մասը կուտակում է, որպեսզի դրա հաշվին ձևավորվի կենսաթոշակառուի ամսական թոշակը: Այսպիսի սկզբունքի վրա կառուցված համակարգը չի կարող գործել կամավորության սկզբունքով:

Նույնիսկ կուտակային կենսաթոշակային համակարգը, որի հիմքում դրված է սեփական ապագա բարօրության համար այսօր կուտակելու սկզբունքը, նույնպես չի գործի, եթե այն հիմնված լինի միայն կամավորության վրա: Սա արդեն մարդու հոգեբանության խնդիրն է, քանի որ շատ քչերը կարող են այսօր մտածել վաղվա օրվա մասին 40 տարվա կտրվածքով և սկսել կամավոր կուտակել այսօրվանից, որպեսզի կենսաթոշակի անցնելուց հետո չբավարարվեն միայն բաշխողական համակարգից բաժին հասնող ցածր կենսաթոշակներով: Այդ իսկ պատճառով այս համակարգը ևս կենսունակ կլինի և կգործի միայն պարտադիրության հիման վրա, հատկապես եթե այն նոր է ներդրվում և դեռևս հասարակության մեջ արմատավորված չէ իրենց ապագայի մասին ներկայումս հոգալու գիտակցությունն ու մտածելակերպը:

Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգը նախատեսել է նաև կամավոր կուտակելու հնարավորությունը. 2011 հունվարի 1-ից գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն վերջինիս անդամակցել են շատ փոքրաթիվ աշխատողներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կամավոր հիմունքներով կուտակային համակարգը գործունակ չէ: Բացի այդ, «Կուտակային կենսաթոշակների մասինե օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված է նաև պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու հնարավորություն, այնպես որ կամավորության սկզբունքն այստեղ նույնպես գործում է:

Վերոգրյալից պարզ է նաև, որ կենսաթոշակային համակարգերի գործունեության հիմքում ընկած պարտադիրության սկզբունքը որևէ առնչություն չունի տվյալ երկրում գործող հասարակական կարգի տեսակի հետ` լինի դա ժողովրդավարական, թե բռնատիրական հասարակարգ:

-Հայտնի է, որ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչները լինելու են «Ամունդի- Ակբա Ասեթ Մենեջմենթե և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթե ընկերությունները (օրերս հայտնի դարձավ, որ նշված երկուսին ավելացել է նաեւ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթե ՓԲԸ-ն, այսպիսով` ներկայում կա 3 կառավարիչ): Ընդ որում` Կենտրոնական բանկից նոյեմբերի վերջին «Հետքինե հայտնել էին, որ երկրորդ ընկերությունը դեռևս գտնվում է գրանցման և լիցենզավորման փուլում: Ինչու՞ է կառավարությունը այս պատասխանատու գործը վստահել նորաստեղծ ու անհայտ ընկերությունների: Փոխարենը շահարկվում են դրանց հայտնի բաժնետերերի` ֆրանսիական «Ամունդիե-ի և ավստրոգերմանական «Ցե-Կվադրատե-ի անունները:

-Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ կարող են լինել միայն «Ներդրումային ֆոնդերի մասինե և «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքների համաձայն ստեղծված և լիցենզավորված կազմակերպությունները, իսկ այդ օրենքներն ընդունվել են 2010 թվականի դեկտեմբերին: Հետևաբար, վերոնշյալ ընկերությունները չէին կարող նորաստեղծ չլինել:

Այս փուլում առավել կարևոր է, թե ովքեր են այդ ընկերությունները հիմնադրել: Դրանք հայտնի ֆինանսական կազմակերպություններ են, որոնք ունեն ակտիվների կառավարման անհրաժեշտ փորձ և կարողություններ: Եվ որպես հիմնադիրներ դրանք իրենց հետ կբերեն ներդրումների և ռիսկերի կառավարման մշակույթը, որն այս հարցում ծայրահեղ կարևոր նշանակություն ունի: Առաջին կառավարչի հիմնադիրներն են ավստրիական «C-QUADRAT Investment AGե և գերմանական «Talanx Asset Management GmbHե ընկերությունները, իսկ երկրորդ կառավարչի հիմնադիրներն են «Amundiե ընկերությունը և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկե ՓԲԸ-ն: Քանի որ վերոնշյալ ընկերությունների` Հայաստանում ստեղծվող կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների հիմնադիրներ հանդիսանալը կայացած փաստ է, ուստի դրանց անուններն օգտագործելը չի կարող դիտարկվել որպես «շահարկումե:

-ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում այս նոր ընկերությունները չկան: Ինչու՞ դրանք չեն գրանցվել Հայաստանում:

-Օրենքի համաձայն՝ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների՝ որպես իրավաբանական անձի գրանցումն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը (տես «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասինե ՀՀ օրենք, 1-ին հոդված, «Ներդրումային ֆոնդերի մասինե ՀՀ օրենք, 54-55-րդ հոդվածներ): Նման կազմակերպությունները պետք է լինեն գրանցված ՀՀ-ում, ինչն էլ իրականացվել է: Հետևաբար, այդ ընկերությունների գրանցման վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ՀՀ կենտրոնական բանկ:

-Ի՞նչ երաշխիք պիտի ունենա մասնակից քաղաքացին, որ տարիներ անց իր պարտադիր կուտակումները կենսաթոշակի տեսքով հետ կգան իրեն: Ի՞նչ երաշխիք կա, որ տարիներ անց այս մասնավոր ընկերությունները չեն սնանկանա կամ չեն լուծարվի և հազարավոր քաղաքացիների չեն կանգնեցնի փաստի առաջ:

-Անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի և կառավարելի հաշվետիրոջ համար: Կառավարող ընկերության լուծարման կամ սնանկության դեպքում ֆոնդի միջոցները չեն վտանգվում, քանի որ ֆոնդը չի հանդիսանում կառավարչի սեփականությունը և հասանելի չէ կառավարչի բաժնետերերի կամ պարտատերերի համար: Այդպիսի դեպքերում տվյալ ֆոնդերի կառավարումը փոխանցվում է ԿԲ-ի կողմից լիցենզավորված մեկ այլ կառավարչի:

Բացի այդ, օրենսդրությամբ ստեղծված բազմաթիվ մեխանիզմները, ենթակառուցվածքները ուղղված են երաշխիքների մի ամբողջ համակարգի ստեղծմանը, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Մասնավորապես, անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգերը (որոնք նվազեցնում են համակարգի գործառնական ռիսկերը), ակտիվների տարանջատման օրենսդրական պահանջները (որոնք բացառում են մասնակիցների միջոցների միախառնումը այլ անձանց միջոցների հետ և ապահովագրում այդ անձանց սնանկացման ռիսկից), ներդրումների դիվերսիֆիկացիայի պահանջները (որոնք ապահովագրում են մասնակիցների միջոցների արժեքի կորուստի ռիսկից), անկախ պահառուի ինստիտուտը (որն իրականացնում է հսկողություն ֆոնդի ակտիվների ներդրման և կառավարչի գործունեության նկատմամբ), անկախ աուդիտի պահանջները, Կենտրոնական բանկի կողմից ամենօրյա վերահսկողությունը և այլն:

Բացի վերը նշվածներից, օրենսդրորեն ամրագրված է ուղղակի երաշխիք, համաձայն որի՝ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո առնվազն կստանա իր իսկ կուտակած միջոցները` ճշգրտված տարեկան գնաճով (ճշգրտումն իրականացվում է յուրաքանչյուր տարի), ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկումը, նաև՝ մասնակիցը կստանա լրացուցիչ միջոցներ ևս, որոնք կձևավորվեն իր միջոցների` պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից տարբեր շահութաբեր ծրագրերում ներդրման արդյունքում ապահովված եկամտաբերության շնորհիվ:

-ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում հայտարարեց, որ մինչև 2014-ի մարտ ժամանակ կա, որպեսզի քաղաքացիները կատարեն հիմնադրամի ընտրություն: Սակայն մյուս կողմից` «Կուտակային կենսաթոշակների մասինե օրենքի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Երիցյանի հայտարարությունը արդյոք չի հակասում օրենքում նշված կետին: Ի վերջո մինչև ե՞րբ մասնակիցը կարող է ընտրել կառավարիչ և հիմնադրամ:

-Ոչ, չի հակասում: «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի համաձայն՝ մասնակցի օգտին կուտակային վճարները կատարվելուց և նրա համար կենսաթոշակային հաշիվ բացվելուց հետո մասնակիցն ունի դեռևս 30 օր, որի ընթացքում մասնակիցը կարող է ընտրել ֆոնդ (որոշել, թե որ ֆոնդ ուղղվեն իր կուտակային վճարները): Իսկ առաջին կուտակային վճարները հունվար ամսվա համար կատարվելու են (և հետևաբար, ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցների համար կենսաթոշակային հաշիվներ բացվելու են) փետրվար ամսվա ընթացքում, եկամտային հարկի հաշվարկման և վճարման հետ միաժամանակ:

-Հայտնի է, որ ֆոնդ չընտրելու դեպքում համակարգը կընտրի այն մասնակցի նշած կառավարչի պահպանողական ֆոնդը: Իսկ եթե մասնակիցը սահմանված ժամկետում ֆոնդի կառավարիչ չընտրի, այդ դեպքում ի՞նչ է արվելու:

-Եթե մասնակիցը իր համար կենսաթոշակային հաշիվ բացվելուց հետո 30-օրյա ժամկետում չի կատարում ֆոնդի կամ ֆոնդի կառավարչի ընտրություն, ապա նրա փոխարեն ծրագրային մոդուլի միջոցով` պատահականության սկզբունքով ընտրվում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդ, որից հետո մասնակցի հետագա վճարումները կուղղվեն ընտրված կենսաթոշակային ֆոնդին: Այսինքն, եթե մասնակիցը չի ընտրում որևէ կառավարչի, ապա ծրագրային մոդուլի միջոցով` պատահականության սկզբունքով ընտրվում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը:

Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի համար վերը նշված ձևով կենսաթոշակային ֆոնդ ընտրելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է մասնակցին:

Հավելենք նաև, որ առավել մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերին ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել հետևյալ ինտերնետային կայքէջը`

www.e-gov.am

www.epension.am

www.abcfinance.am («Կենսաթոշակային բարեփոխումներ» բաժին, «63 հարց ու պատասխան», «թերթոններ»)