ԹԵԺ ԳԻԾ
22.01.2014
«Չի բացառվում, որ նոր ստուգումներ իրականացվեն ՊԵԿ-ում» ԳԱԼԱ-ի հարցազրույցը Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի հետ

Շարունակվում է ՀՀ ֆինանսների նախարարություն- ՊԵԿ հեռակա բանավեճը: 

-Վերջին օրերին մենք ականատես եղանք, թե ինչպես են Պետական եկամուտների կոմիտեն ու Ձեր ղեկավարած կառույցը մեկը մյուսի հետևից հանրությանը պարզաբանումներ ներկայացնում։ Ի՞նչ է այս ամենի հետևում թաքնված։

-Ճիշտն ասած՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների և բյուջեից շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջի՝ այդ թվում 584.7 մլն դրամի չհիմնավորված ծախսերի իրականացման այս թեման, կարծում եմ, լրացուցիչ անդրադարձի կարիք չունի: Եվ ՊԵԿ-ի մեր գործընկերների վերջին անդրադարձը որևէ նոր բան չի ավելացրել այս ամենին։ Անցած շաբաթ ասուլիսում ամփոփել եմ 2013 թվականի ստուգումների արդյունքները: Խոսել եմ նախորդ տարի իրականացված բոլոր ստուգումների մասին՝ արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում ու դրանց ենթակա այլ կազմակերպություններում, Արարատի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում, նաև անդրադարձել հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրում հայտնաբերված չարաշահումներին։ Ինչո՞ւ է հատկապես ՊԵԿ-ը նման վարքագիծ որդեգրել, չեմ հասկանում։

-Դուք ասուլիսի ժամանակ տեղեկացրել էիք, որ ՊԵԿ-ի ընդամենը երկու հարկային տեսչությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 600 մլն դրամի պարտավորություն պետբյուջեի նկատմամբ։ Տպավորություն էր, թե այս դեպքին շատ հպանցիկ անդրադարձաք։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ խախտումների մասին է խոսքը։

-Ասուլիսի ժամանակ, այո, նշել եմ, որ ՊԵԿ-ի Վանաձորի և Նոր Նորքի հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ուսումնասիրությունների արդյունքներով ձևավորվել է 600 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր: ՊԵԿ-ի հարկային տեսչություններում ուսումնասիրվել են հարկ վճարողների գործեր (առանց հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնելու) և արձանագրվել են «Շահութահարկի մասինե, «Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքների պահանջների չապահովման, ինչպես նաև «Հարկերի մասինե ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով եւ «Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի սահմանած պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման դեպքեր ու խախտումներ, որոնք հիմնականում հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ իրականացման հետևանք են:

-Ինչի՞ մասին է խոսքը։

-Արձանագրված 600 մլն դրամի հարկային պարտավորությունների մեծ մասն առաջացել է հետևյալ կերպ. պետական գնումների ընթացքում ընկերությունները պետությանը մատակարարել են ապրանքներ կամ մատուցել են ծառայություններ և արդյունքում պետական բյուջեից ստացել են գումարներ։ Այդ գումարները հետագայում չեն արտացոլել հարկային հաշվետվություններում՝ թաքցնելով վճարման ենթակա հարկերը։

-Արդյո՞ք ՊԵԿ-ը հնարավորություն ուներ բացահայտելու, որ ընկերությունը թաքցրել է պետությունից ստացված գումարները և չի վճարել իր հարկերը։

-Այս փաստերը մեր տեսչությունը բացահայտել է՝ համեմատելով հարկային տեսչություններում առկա տեղեկատվությունը ֆինանսների նախարարության գանձապետարանում առկա տեղեկատվության հետ՝ առանց անգամ ստուգելու կոնկրետ հարկ վճարողներին։ ՊԵԿ-ն ունի ուղիղ կապ գանձապետարանի հետ։ Յուրաքանչյուր վճարում, որ պետությունն իրականացնում է որևէ ընկերությանը, օրվա վերջում հասանելի է ՊԵԿ աշխատակիցներին։ Եվ հաշվի առնելով նաև այս պատճառը՝ ֆինանսական վերահսկողության տեսչությունն արձանագրել է, որ հենց ՊԵԿ-ի հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ իրականացման հետևանքով են անտեսվել գանձապետարանից ստացված տվյալները, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե պակաս է մուտքագրվել, ինչպես տեսնում եք, բավականին շոշափելի գումար:

-Փաստորեն, ՊԵԿ-ը չի՞ պայքարում ստվերային տնտեսության դեմ անգամ պետական բյուջեի գումարներով կատարված գործարքների պարագայում։

-Ես այդպիսի որակում չէի տա։

-Իսկ ո՞վ է այս փաստերը բացահայտել՝ ՊԵԿ աշխատակիցնե՞րը։

-Մենք, ճիշտն ասած, նման տարբերակում երբևէ չենք դնում։ Պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ ենք և իրականացնում ենք մեկ ընդհանուր աշխատանք։ Կարող եմ ասել միայն, որ ժամանակին հենց ՊԵԿ-ի նախաձեռնությամբ էր, որ գանձապետարանը յուրաքանչյուր օրվա ավարտին սկսեց ՊԵԿ-ին ներկայացնել պետական բյուջեից հարկ վճարողների օգտին իրականացրած բոլոր գործարքները։ Եվ սրա նպատակը մեկն էր. բացառել, որ պետական բյուջեից ստացված գումարները ընկերությունները կարողանան թաքցնել իրենց հարկային հաշվետվություններում և հետևաբար՝ կարողանան թաքցնել նաև հարկերը։ Ցավոք, մեր այս ստուգումները ցույց տվեցին, որ, չնայած գանձապետարանը տվյալները փոխանցում է ՊԵԿ-ին, խնդիրն առկա է։

-Արդյոք այս բացահայտումը բավարար հի՞մք չէ սա ևս ռիսկային ոլորտ համարելու և ստուգումները շարունակելու համար: Ընդամենը երկու տեսչություն ստուգելով՝ հայտնաբերվել է 600 մլն դրամի խախտում, ի՞նչ պատկեր կլինի մնացած հարկային տեսչություններում:

-Արձանագրված խախտումը հնարավոր է, որ կրի համակարգային բնույթ։ Խնդիրը ներկայացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի իրականացվեն համալիր միջոցառումներ։ Մենք պետք է նախ հնարավորություն տանք պետական մարմնին լուծելու խնդիրը։ Վերջիվերջո, խախտումներ արձանագրելը ինքնանպատակ չէ։ Կարևոր է, որ արձանագրված խնդիրը լուծում ստանա։ Եթե լուծումներ չլինեն, նոր անհրաժեշտ կլինի լրացուցիչ միջամտել, ինչպես օրինակ անաշխատունակության նպաստների՝ բյուլետենների գումարների հաշվարկման ու վճարման դեպքում։

Զրուցեց Փայլակ Ֆահրադյանը