ԹԵԺ ԳԻԾ
17.09.2013
«Եվ ռուսական, և այլ վարկերը ժամանակին մարում ենք»` ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հարցազրույցը "Lragir.am"-ին


Պարոն Սարգսյան, Հայաստանի արտաքին պետական պարտքը հատում է 3 մլրդ դոլարի շեմը, մտահոգիչ չէ՞ այս ցուցանիշը:


Ընդհանուր առմամբ համարվում է, որ արտաքին պարտքի վերաբերյալ մոնիթորինգ պետք է իրականացվի, երբ որ այն հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոսին: Բայց վերջին 10-15 տարիների բոլոր միջազգային փորձագետների և մասնագետների քննարկումներում նաև կարծիքներ կան, որ և 70, և 80, և անգամ 100 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշը վտանգավոր չէ, եթե պետական պարտքն ուղղվում է տնետեսության աճին: Այսինքն, եթե դրանք ֆինանսական միջոցներ են, որոնք արդյունավետ օգտագործման պարագայում բերում են ՀՆԱ-ի աճին ավելի առաջանցիկ տեմպերով, քան այդ պարտքի սպասարկումն է: Հիմա կոնկրետ մեր պարագայում, առաջինը, դա դեռևս 37 տոկոս ցուցանիշի շրջակայքում է, երկրորդ, մեր պարտքը մեծամասամբ արտոնյալ պայմաններով պարտք է, այսինքն՝ խոսքը գնում է 1,2,3 տոկոս տոկոսադրույքով պարտքի մասին, որի ընդհանուր ժամկետայնությունը միջինում 20-30 տարի է: Այս առումով այս պահին մտահոգիչ միտումներ կամ երևույթներ, ես չեմ կարծում, որ առկա են:

Բոլորովին վերջերս Հայաստանի կառավարությունը որոշեց առաջին անգամ միջազգային շուկայում պարտատոմսեր թողարկել, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց, որ ամեն ինչ բարեհաջող լինելու դեպքում առաջին հերթին Հայաստանը կմարի ռուսական վարկը: Մտահոգություննե՞ր կան ռուսական վարկի հետ կապված, վարչապետի ասածից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ուզում է արագ մարել այդ վարկը:

Ես առաջին հերթին ուզում եմ նշել, որ սա այն դեպքերից է, որ մեկնաբանությունները, ինչ որ հայտարարվում է, իրար հետ կապ չունեն: Նման նպատակ, որ մենք պարտատոմսեր ենք թողարկում, որպեսզի մարենք ռուսական վարկը, նման նպատակ դրված չէ: Եթե դուք վերծանեք վարչապետի հայտարարությունը, այնտեղ մի փոքր այլ հայտարարություն է: Հայատարարությունը հետևյալի մասին է՝ մենք որպես պետություն առաջին հերթին դուրս ենք եկել աղքատ երկրների շեմից և արդեն մտել ենք միջին եկամուտ ունեցող երկրների շարք: Դա նշանակում է, որ այն արտոնյալ վարկերը, որ մենք այսօր ստանում ենք, դրանք այլևս հասանելի չեն լինի մեր երկրի համար: Այսինքն՝ մենք արդեն պետք է սովորենք ինքնուրույնաբար ներգրավել համապատասխան ֆինանսավորում միջազգային շուկաներից: Միջազգային շուկաներից նման ֆինանսավորում ներգրավելու համար առաջին քայլը պարտատոմսերի թողարկումն է միջազգային շուկայում, որպեսզի մենք հայտնվենք քարտեզում: Մեր մասնավոր հատվածը, որ կարիք ունի ներդրումների իրականացման, արդեն փորձեր իրականացրել է՝ մեկ-երկու խոշոր ընկերությունների կողմից, որպեսզի իրենք միջազգային շուկաներում ներգրավեն միջոցներ: Իրենք այսօր այդ միջոցները փորձել են ներգրավել, բայց եթե պետությունը չունի թողարկված պարտատոմսեր, իրենց կամ չեն տրամադրում մասնավոր պարտատոմսեր, կամ գնման տոկոսն այնքան բարձր է, որ ձեռնտու չի լինում: Այսինքն՝ որպես երկրորդ նպատակ պետության պարտատոմսերի թողարկումը ճանապարհ է բացում մասնավոր հատվածի համար:
Հիմա. ինչ վերաբերում է ռուսական վարկի հետ կապված հայտարարությանը: Այո, մենք գնալու ենք պարտատոմսերի թողարկման և փորձելու ենք տեղաբաշխել դրանք: Եթե տեղաբաշխման պայմանները՝ այսինքն տոկոսը, ժամկետը լինեն ավելի լավ պայմաններով, քան գործող ռուսական վարկի պայմաններն են, բնական է, մենք ավելի վաղաժամկետ կմարենք ռուսական մեր պարտավորությունները, որովհետև հակառակ պարագայում անհասկանալի կլինի, մենք պետք է բացատրենք՝ ինչո՞ւ, եթե մենք ունակ ենք ավելի լավ պայմաններով վարկ ներգրավել, ավելի վատ պայմաններով վարկի սպասարկում ենք իրականացնում: Բայց նման խնդիր, որ մենք դա ներգրավում ենք, որպեսզի ցանկացած գնով, վաղաժամկետ մարենք ռուսական վարկը, դրված չէ: Նման խնդիր, որ մենք չենք կարող սպասարկել ռուսական պարտքը կամ որևէ այլ պարտք, գոյություն չունի: Պետությունն այսօր ամբողջ ծավալով սպասարկում է իր պարտավորությունները: Եվ ռուսական վարկը, և ցանկացած այլ վարկեր մենք ճիշտ ժամանակին մարում ենք:

Ռուսական 500 մլն դոլար վարկի արդյունավետ օգտագործման մասին երկար ժամանակ է խոսվում է, անգամ քննադատություններ են հնչում, թե հայտնի չէ՝ ինչի՞ վրա է ծախսվել այդ վարկը: Ի վերջո, կմանրամասնե՞ք՝ ինչի վրա ծախսվեց:

Այն մարդիկ, ովքեր շահարկում են այդ վարկի արդյունավետությունը, առաջին հերթին պետք է մի քանի ցուցանիշներ նկատեն, որոնք հասկանալի պատճառով չեն նկատում: Ի՞նչ ուղղությամբ է ծախսվել ռուսական վարկը: Առաջինը, աղետի գոտում շինարարությունն է, շենքերը կան, մարդկանց բնակարաններ են տրվում, և դրա վրա պետությունը ծախսել է 77-78 մլրդ դրամ: Դա առարկայական է և բերում է նրան, որ, բացի նրանից, որ մենք ունենք սոցիալական պարտավորություններ աղետի գոտու մասով, նաև շինարարության ոլորտ, որը սառել էր ճգնաժամի պայմաններում, ֆինանսական միջոցներ ենք ուղղել: Մնացած 250 մլն դոլարը, եթե հիշում եք, 2009 թվականի ճնաժամային տարում մենք ուղղում էինք տնտեսություն, ձեռնարկությունների ժամանակավոր խնդիրների լուծմանը: Խոշոր մի քանի համակարգաստեղծ ձեռնարկությունների, որոնք մի քանի հազար, որոշ դեպքերում մինչև 10 հազար աշխատատեղ ունեն, ինչպիսին են հանքահումքային ոլորտի ձեռնարկությունները, մենք տրամադրում էինք մեծ գումար, որոնք մի մասն արդեն հետ է վերադարձվել: Հաջորդը փոքր և միջին բիզնեսին աջակցությունն էր, որն իրականացվեց 2009-2010 թվականին: Կար առաձին հատված, որն ուղղվում էր արտահանմանն ուղղված արտադրությունների վարկավորմանը: Դրանք բոլորը աշխատող վարկեր են, դրանք հետ են վերադարձվում, դրանք մարվում են, նորից են տրամադրվում, այսինքն՝ այստեղ անարդյունավետության մասին խոսք լինել չի կարող: Չկան խնդիրներ վերադարձի հետ կապված, կամ որ դրանք չեն ուղղվել տնետեսությանը: Եթե դրանք չուղղվեին տնտեսությանը, մենք չէինք ունենա 2010-ի վերականգնումը: Մի ցուցանիշ կա, որը Համաշխարհային բանկի պաշտոնական փաստաթղթերից մեկում էր՝ եթե չլինեին բոլոր այն ծախսերը, բոլոր այն գործողությունները, որոնք ճգնաժամային տարում իրականացրեց Հայաստանը, մենք կունենայինք աղքատության ցուցանիշ ոչ թե 36 տոկոս, այլ՝ 57: Հիմա 37-ն իհարկե բարձր է, բայց կարող էր լինել 57: Արդյունավետության մասին խոսելուց պետք է նաև նման ցուցանիշներ հաշվի առնել:

Արձանագրում ենք, որ Հայաստանում աղքատության մակարդակը վերջին տարիներին բարձրացել է, բայց միաժամանակ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանն այլևս ռիսկային երկիր չէ և չի կարող արտոնյալ վարկեր ներգրավել: Այստեղ հակասություն չկա՞:

Աղքատ երկրենրի մասին խոսելիս՝ չափանիշները շատ հստակ են, մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի և այլ ցուցանիշներ կան, որով մտնում ենք կամ չենք մտնում: Այդ արտոնյալ վարկերը տրամադրվում են միայն աղքատ երկրներին, և մենք արդեն այդ պետությունների շարքից դուրս ենք գալիս՝ ըստ այդ չափորոշիչների: Ինչ վերաբերում է աղքատների ընդհանուր թվաքանակին, ընդհանրապես այդ նույն 36 կամ 37 տոկոս ցուցանիշը նունպես շահարկման առարկա է վերջին տարիներին: Իրականում մեթոդաբանություն է փոխվել՝ կա այսպես կոչված հին մեթոդաբանություն և նոր մեթոդաբանություն: Շատ հաճախ մեր ընդդիմախոսները վերցնում են հին մեթոդաբանությամբ 22 տոկոսը: Աղքատությունը նոր մեթոդաբանությամբ դարձել է 37 տոկոս: Եթե մենք այս նոր մեթոդաբանությամբ հին ցուցանիշի վրա հաշվարկենք, ինքը կդառնար 29 տոկոս, միայն 7 տոկոսային կետ մեթոդաբանության փոփոխության արդյունք է: Ես չեմ ասում, որ չի վատացել վիճակը, իհարկե, վատացել է, որովհետև վերջիվերջո մենք ճգնաժամ ենք ապրել և այս պահին վերականգնման փուլում ենք գտնվում: