ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենացածր պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը
12.10.2016
Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենացածր պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Էլիտ պլազա» համալիրի Տնտեսական լրագրողների ակումբում տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» ասուլիսների շարքի առաջին մամուլի ասուլիսը՝ «Պետական պարտքի բեռը մակրոտնտեսական զարգացումների ֆոնին» թեմայով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի և ՀՊՏՀ տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի մասնակցությամբ:

Օրակարգային խնդիրը ՀՀ պետական պարտքի վերլուծությունն էր, ինչի շրջանակում Արշալույս Մարգարյանը մանրամասն ներկայացրեց ՀՀ պետական պարտքի կառուցվածքային պորտֆելը՝ նշելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը պետական պարտքի ցուցանիշների ներկայացման դաշտում միշտ էլ փորձել է թափանցիկ  ու հրապարակային լինել: «Պարտքի դինամիկան այսօր էապես չի տարբերվում մինչճգնաժամային դինամիկայից: Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է կառավարելի շրջանակներում»,-պարզաբանեց Մարգարյանը: Նա ավելի մտահոգիչ համարեց պետական բյուջեի ծախսերի վրա պարտքի սպասարկման ճնշման փաստը՝ նշելով, որ եթե նախկինում պետական բյուջեի ծախսերից 2-2.5 տոկոսն էր ուղղվում պետական պարտքի տոկոսավճարներին, ապա հիմա այն աճել է՝ հասնելով 8.7-ի: «Պետական պարտքի աճի տեմպում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Պարտքն աճում է այնքան, ինչքան մեր երկրի կուտակային դեֆիցիտներն են»,-ասաց կառավարիչը՝ հավելելով, որ պարտքի ծավալների աճի մեծ մասը տեղի է ունենում ներքին աղբյուրների հաշվին: Մարգարյանը նշեց, որ 2016 թ. սեպտեմբերի դրությամբ պետական պարտքը կազմել է 5.6 միլիարդ ԱՄՆ դոլար, կառավարության պարտքը` 5.1 միլարդ դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը` 0.5 միլիարդ դոլար: Պարտքի ռիսկի գնահատման առումով բանախոսը կարևորեց տոսկոսադրույքը՝ նշելով, որ այժմ լողացող տոկոսադրույքով պարտքը մոտավորապես 17.5-18 տոկոս է կազմում ՀՀ արտաքին պարտքի մեջ, ինչը կառավարելի է:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, հակադարձելով  ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանին, հիշեցրեց, որ տարիներ շարունակ Հայաստանի արտաքին պարտքի կառավարման հենասյունը եղել է արտաքին աղբյուրների ներգրավումը, և առաջնայնությունը տրվել է արտաքին միջոցներին, ինչի արդյունքում էլ պետական պարտքը մոտեցել է մտահոգիչ սահմանագծին: «Ներկա փուլում մակրոտնտեսական իրավիճակը, արտաքին պարտքի մեծությունը այնպիսին են, որ ուզած-չուզած ծանրության կենտրոնը պետք է տեղաշարժվի ներքին պարտքի օպտիմալ կառավարման հնարավորությունների օգտագործման վրա», - նշեց  փորձագետը:

Ասուլիսի ավարտին  Արշալույս Մարգարյանը հավաստեց, որ միջազգային դոնոր կառույցները շարունակում են միջոցներ տրամադրել Հայաստանին, քանի որ վերջինս դասվում է ամենապարտաճանաչ պարտապանների թվին: